Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ-Քուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը:
Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Քուվեյթի էմիրի նստավայր՝ «Բայան Փալաս», որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Քուվեյթի էմիրին փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Քուվեյթի էմիրն իր հերթին ևս փոխադարձ ջերմ ողջույններ է հղել Հայաստանի նախագահին և շնորհակալություն հայտնել հրավերի համար:
Վարչապետը նշել է, որ իր պաշտոնական այցը Քուվեյթ վկայում է երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացման Հայաստանի նպատակադրվածության մասին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իր այցը ևս նոր հորիզոններ կբացի երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար: Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, ողջունելով և կարևորելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Քուվեյթ, նշել է, որ այն կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը:
Քուվեյթի էմիրի խոսքով, իր երկիրը պատրաստակամ է քննարկել այն բոլոր հարցերը, որոնք կծառայեն երկու երկրների և ժողովուրդների շահերին, զարգացնել և ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար: Էմիրը նշել է, որ չկա որևէ խոչընդոտ այդ նպատակներին հասնելու համար:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ՀՀ վարչապետը և Քուվեյթի էմիրն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Քուվեյթի հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի և Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: