Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Նրա կարծիքով` այս ամենի արմատները պետք է փնտրել դեռ գազի սակագնի բարձրացման մեջ:
«Հասարակության հարցերին` ինչո՞ւ է գազն անընդհատ թանկանում, իշխանությունները պատասխանում էին, որ Հայաստանի գյուղերից մեկում գազիֆիկացման աշխատանքներ են կատարվել, և այդ գումարները պիտի հետ վերադարձվեն»,- ասաց տնտեսագետը:
Նա անդրադարձավ նաև հնարավոր էներգետիկ ներդրումներին. «Նոր ներդրումներ կատարելը դառնում է մի քիչ անիմաստ: Պետք է հասկանանք` արդյո՞ք տվյալ ներդրումների կարիք շուկան ունի, թե՞ ոչ: Մենք ուզում ենք էներգետիկ ներդրումներ անել, բայց ո՞ւմ համար, ինչի՞ համար: Երբ հետ ենք նայում՝ տարիներ առաջ խնդիր էր դրված, որ ՀՀ-ն պետք է դառնա էլեկտրաէներգիա արտահանող երկիր, բայց խնդիրը չլուծվեց: Շատ համեստ հաշվարկներով` ունենք 40% էներգետիկ ռեսուրսներ, որ չենք օգտագործում: Իմ մտավախությունն այն է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում կդառնանք հերթական ռազմավարության գերի»,- նշեց տնտեսագետը:
Նրա խոսքով` Որոտանի ՀԷԿ-ը մինչև 2025 թվականը գնի բարձրացման ամեն տարվա ծրագիր ունի, ու երբ ռազմավարությանը նայենք, կտեսնենք, որ պատճառը միայն ՀԷՑ-ը չէ, այլ ամբողջ էներգետիկ համակարգը: «Եթե իրենց երազանքն այն է, որ բարձրացնեն սակագինը, պատասխանը միշտ էլ կարող է լինել ադեկվատ»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները հենց դրա արդյունքն են:
Տնտեսագետի պնդմամբ՝ իշխանությունները սակագնի հաշվարկման հարցում պետք է հասկանան, որ ՀՀ-ում վճարունակ քաղաքացի համարյա չկա, ավելին՝ առաջիկա երկու-երեք տարիներին վճարունակ քաղաքացի ընդհնարապես չի էլ լինելու:
Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք աուդիտին` Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ այդ ամենի արդյունավետությունը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիր է դրված: «Եթե ՀԷՑ-ն է աուդիտ անցկացնելու, ապա ՀԷՑ-ի հայտի արդյունքում ունենք հոսանքը 40%-ով բարձրացնելու պահանջ: Խնդիրն այն է, թե ինչ խնդիր է դրված, ով պետք է իրականացնի դա: Ի դեպ, այն լուրջ գումար արժի, ո՞վ է այդ գումարը վճարելու»,- ասաց նա` հավելելով` ՀԷՑ-ը ներկայիս սակագնի պայմաններում իր շահույթն ունեցել է:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, տնտեսագետը ասաց, որ մեր տնտեսության համար դա խիստ վտանգավոր է, քանի որ դրա պատճառով ներդրումները կնվազեն: