կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 13:32
Տնտեսական

«Պետք է սպասեինք տնտեսության ամբողջությամբ վերականգնմանը, նոր մտածեինք գույքահարկի բարձրացման մասին»․ տնտեսագետ

Հունիսի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց գույքահարկի վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում է անշարժ գույքի հարկերի նոր դրույքաչափեր։ Արդյունքում, քաղաքացիների վրա ավելանում է նաեւ անշարժ գույքի հարկային բեռը։

«Այս պահին նպատակահարմար չէր գույքահարկի օրինագիծը բերել Ազգային ժողով եւ ընդունել»,- ասում է տնտեսագետ Կարեն Սարգսյանն ու հավելում, որ ուսումնասիրելով միջազգային փորձը եկել է մի եզրակացության․ «Ճգնաժամի ազդեցություններից ոչ ոք ձերբազատված չէ։ Ամեն դեպքում, միջազգային պրակտիկայում, ճգնաժամի իրավիճակում հարկել քաղաքացուն, կլինի անշարժ գույքի, թե՝ շահութահարկի բարձրացում, նախատեսված չէ։ Փոխարենը հարկային դրույքաչափն են նվազեցնում, հարկային արձակուրդներ են տրամադրում քաղաքացիներին, որպեսզի հնարավորինս մեղմեն այս ճգնաժամի ազդեցությունները։ Իսկ այս օրենքով ընդհակառակը, մենք կարծես նպաստում ենք, որ տնտեսության վրա ավելի շատ բացասական ազդեցություններ լինեն»։

Բանախոսի փոխանցմամբ թերեւս օրինագիծը մշակվել է մինչ համավարակային իրավիճակը, բայց կարող էին ձեռնպահ մնալ այս պահին այն ընդունելուց․ «Քանի որ դեռեւս անհայտ են տնտեսական զարգացման  հետագա սպասումները։ Բազմաթիվ խնդիրներ ունենք, դեռեւս չգիտենք, թե համավարակը երբ  կհաղթահարվի։ Եթե նույնիսկ համավարակը արագ հաղթահարենք, ապա տնտեսական հետեւանքները իրենց զգացնել կտան մի քանի տարի»,- փաստում է տնտեսագետն ու առաջարկում․ «Այսինքն, պետք է սպասեինք տնտեսության ամբողջությամբ վերականգնմանը՝ նախկին զարգացման աճի տեմպերով, նոր մտածեինք գույքահարկի բարձրացման մասին»։

Տնտեսագետը պնդում է, որ այս օրենքում բազմաթիվ վիճահարույց հարցեր կան, ապա ներկայացնում հիմնական 3 պատճառ, թե ինչով է այս օրենքն այս պահին ոչ նպատակահարմար «Նախ այս օրենքը, որով հարկային բեռի բարձրացում է  նախատեսվում, ներկայացվել է կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի պայմաներրում, այն դեպքում, երբ անհայտ է, թե ինչ զարգացումներ տեղի կունենա տնտեսության մեջ, առհասարակ։ Հաջորդ խնդիրն այն է, որ շուրջ 580 հազար քաղաքացիներ, որոնք նախկին օրենքով ազատված էին անշարժ գույքի հարկի վճարումից, արդեն կդառնան հարկատու։ Հիմնական խնդիրն այն է, որ այս հարկի բարձրացումը նաեւ կազդի կառուցապատողների հետագա գործունեության վրա»,- ասաց տնտեսագետն ու ընգծեց, որ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները դեռեւս հայտնի չեն, թե ինչ ուղղությամբ կզարգանան․ «Ներկա դրությամբ, երբ մեզ պետք են ավելի շատ խթանել ներդորւմները, այս օրենքի ընդունմամբ, դա այդքան էլ չի նպաստի, այլ, կառուցապատման ոլորտում որոշակի բացասական սպասումներ կարող են առաջանալ»։

Ըստ տնտեսագետի, թերեւս մեղմացուցիչ հանգամանքներ կատարվեցին օրենքում եւ գույքահարկը գանձվելու է 6 տարվա ընթացքում՝ նախկին ներկայացված 4-ի դիմաց, սակայն, բանախոսը մտահոգիչ է համարում եւս մեկ հանգամանքը «Միեւնույն է  6 տարի հետո գալու է այն իրավիճակը, երբ հարկվելու է նախատեսված ամբողջ ծավալով՝ գույքաչափով։ Ինչն արդեն իսկ ժամանակի ընթացքում գնաճի որոշակի տենդենց կառաջացնի, քանի որ պարզ է, տնտեսվարողը իր գույքահարկի բարձրացման բեռը ի վերջո կտեղափոխի պառողների վրա։ Այս ճգնաժամի պայմաններում նաեւ դա կազդի քաղաքացիների վճարունակ պահանջարկի վրա։ Ամեն դեպքում, այս օրենքը տնտեսության համար բացասական ազդակներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում