կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-25 20:14
Առանց Կատեգորիա

Ինչու՞ Սերժ Սարգսյանը հիմա լքեց Հայաստանը

Ինչու՞ Սերժ Սարգսյանը հիմա լքեց Հայաստանը

Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին: Նա Հայաստանից հեռացավ, երբ հոսանքի թանկացման դեմ պահանջատիրական ցույցը իր կուլմինացիային է հասնում նախագահականի շքամուտքին, երբ սկսել էր նոր քաղաքներ ու բնակավայրեր ընդգրկել, երբ միջազգային կենտրոնները և հիմնականում Ռուսաստանը տենդագին ձևով աշխարհաքաղաքական երանգավորում էին հաղորդում իրադարձություններին, և երբ ցույցն ինքնին գտնվում էր սոցիալականից քաղաքականի վերածվելու վտանգավոր սահմանագծին: Սերժ Սարգսյանը մեկնեց` մասնակցելու կուսակցական, թեկուզև համաեվրոպական մի միջոցառման, որն իր երկրում առաջացած վիճակի համեմատ ուղղակի ոչինչ չարժեր:

Ի՞նչ էր սա. փախուստ պատասխանատությունի՞ց, թե՞ քաղաքական, դիվանագիտական ինչ-որ ժեստ, շախմատային յուրատեսակ քայլ, որով փորձում է կոնկրետ ուղերձներ հասցնել միաժամանակ մի քանի թիրախների:

Սերժ Սարգսյանը մենելուց առաջ իր «ալիբին» ապահովել էր: Նա ցուցարարներին առաջարկել էր հանդիպել և լսել նրանց:  Իհարկե` ոչ ոք այդպես էլ չբացատրեց, թե նախագահը լրացուցիչ ի՞նչ է ուզում լսել, երբ պահանջը ձևակերպված էր առավել քան հստակ և երբ նրանից ընդամենը կոնկրետ պատասխան էին սպասում: Բայց կարևորն` առաջարկ հնչեցնելն էր, որի մերժումից հետո հետագա իրադարձությունների, ոստիկանության ուժերի հնարավոր գործողությունների հետևանքների պատասխանատվությունը, ինչպես ենթատեքստով փորձում է ներկայացնել ռուսական մայդանացավով տառապող լրատվադաշտը, լիարժեքորեն ընկնում է  ցուցարարների վրա: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը Բրյուսել մեկնեց դիրքային որոշակի առավելությամբ, որը, սակայն, նրա համար ապահովեց ոչ թե ցուցարարների մերժումը, այլ նրանց գործողությունների չպլանավորվածությունը, անկազմակերպվածությունը և ամենակարևորը` իրավիճակը չսրելու և խաղաղ ակցիայի շրջանակից դուրս չգալու հավաստիացումը:   

Այս այցով Սերժ Սարգսյանը ոչ մի էական քաղաքական հարց չէր լուծելու: Սակայն հատկապես հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններից և միջազգային կառույցների քննադատական արձագանքներից հետո նա Արևմուտքին ապացուցելու բան ուներ: Նա պետք է ցույց տար, որ այն, ինչ կատարվեց Բաղրամյան փողոցում, չի կարող ազդել ԵՄ-ին ինտեգրման, Հայաստանում եվրոպական արժեքների արմատավորման Հայաստանի ձգտումների վրա: Մյուս կողմից` սա Արևմուտքին լռեցնելու, գուցե նաև նրանց կողմից իրավիճակն ավելորդ սրելուց և քաղաքականացնելուց ձեռնպահ պահելու երկրորդային նպատակ էր հետապնդում:

Սա գերինքնավստահ նախագահի քայլ էր` ցույց տալու, որ միանշանակ վերահսկում է իրավիճակը և որ այդ իրավիճակի մեջ ոչ իր և ոչ էլ Հայաստանի համար ոչինչ ռիսկային կամ վտանգավոր չի տեսնում: Բայց այս ուղերձն առավելաբար ուղղված էր Մոսկվային, որտեղ ցույցերի մեկնարկին հայաստանյան իշխանության ցուցաբերած նկատելի հանդուրժողականությունն ընկալվեց որպես հնարավոր երկչոտության, անվճռականության դրսևորում:

Մյուս կողմից, սակայն, այս քայլը նաև ռիսկային էր, որովհետև դժվար է պատկերացնել` թե ինչպես այն կընկալվի Մոսկվայում: Եվրոպա գնալ մի պահի, երբ ռուսական շահերը Հայաստանում, իրենց ընկալմամբ, վտանգված են, ավելի շատ նմանվում է փախուստի կամ Կրեմլի թիկունքում Բրյուսելի հետ ինչ-որ առևտուր անելու նախանշանի: Այս տեսանկյունից` Սերժ Սարգսյանի մեկնումը Բրյուսել նաև որոշակի դեմարշային, պրովոկացիոն ենթատեքստ ուներ և դա կարող էր պայմանավորված լինել ոչ միայն ցույցերը «մայդանի» հետ ասոցացնելու Կրեմլից հրահրված քարոզչական արշավից վիրավորվածությամբ, այլ նաև բուն էլ. էներգիայի թանկացման հարցում ռուսական կողմի, մասնավորապես ՀԷՑ-ի մայր կազմակերպությունը հանդիսացող Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ի անզիջում կեցվածքից Երևանի դժգոհությունն արտահայտելով:

Թերևս պատահական չէր, որ չնայած ակցիաները սկսվել էին հունիսի 19-ին, սակայն Կառավարությունը միայն 6 օր հետո` ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, հայտարարեց փաստացի ցուցարարների պահանջը  կատարելու անհնարինության մասին: Չի բացառվում, որ այս օրերին Երևանը փորձում էր այդ կազմակերպության կամ նույնիսկ ռուսաստանյան իշխանությունների հետ գալ կոնսենսուսային լուծումների, որը նրան չի հաջողվել: Համենայնդեպս, ռուսական vesti.ru կայքը տեղեկատվություն հրապարակեց, որ նման բանակցություններ տեղի են ունենում, չնայած թե՛ հայկական և թե՛ ռուսական կողմերը դա ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ չհերքեցին: Դատելով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի` երևանյան իրադարձությունների կապակցությամբ արած երեկվա մեկնաբանություններից առ այն, որ իշխանությունը և ցուցարարները կարող են փոխզիջումների հասնել, և որ այդ հարցում իրենք հույսը կապում են Հայաստանի իշխանություննեևրի բանականության և խելամտության հետ, Մոսկվան, փաստորեն, ձեռքերը լիարժեքորեն լվանում է ՀԷՑ-ում առաջացած ճգնաժամի պատասխանատվությունից` ստիպելով ՀՀ իշխանություններին ժողովրդի հետ խնդիրը լուծել իր ռեսուրսներով և այնպես, ինչպես հարմար կգտնի` առանց իր շահերը վնասելու: Եվ սակագինը չփոխվելու մասին վարչապետի հայտարարություն այս խորապատկերին ոչ թե իշխանության համառության կամ անադեկվատության նշան է թվում, այլ այլընտրանք գտնելու անզորության և հետևաբար հասարակությունից աջակցություն մուրալու, իր դրության մեջ մտնելու աղաչանքի: Հովիկ Աբրահամյանի հիմնավորումներից հետևում է, որ սա չարյաց փոքրագույնն է, քանի որ ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու մնացած բոլոր տարբերակները ավելի ծանր դրության մեջ են դնելու թե պետությանը և թե հասարակությանը:

Մի կողմից` Սերժ Սարգսյանն այս կերպ դրսևորում է Ռուսաստանից իր խռովածությունը, իսկ մյուս կողմից, փաստորեն, այնպես է անում, որ իր փոխարեն ցուցարարներին մերժի վարչապետը: Սլաքներն ուղղելով Հովիկ Աբրահամյանի կողմ` նախագահն իրեն է ապահովագրում. կարելի է չկասկածել` եթե այդ պատասխանն ինքը հնչեցներ, իրավիճակի լարվածությունն էլ ավելի էր մեծանալու:

Հարցն այն է` ի՞նչ է ասելու Բրյուսելից Հայաստանի նախագահը: Այն, որ նա երևանյան ներկա իրավիճակը շրջանցել չի կարողանալու, ակնհայտ է, մանավանդ որ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը և թե՛ հատկապես Հայաստանի հասարակությունը սպասում են անձամբ նրա խոսքին: Բայց շատ տխուր է, որ սեփական հանրության հետ նման ճնգաժամային իրավիճակում նախագահը խոսելու է հեռվից, երկրի սահմաններից անդին: Ինչպիսի տակտիկական դրդապատճառներ էլ լինեն այս իրավիճակում Բրյուսել մեկնելու համար, որքան էլ արդարացված կամ չարդարացված դա լինի, հիմնական հաղորդակցումը պետք է տեղի ունենար երկրի ներսում, ինչպես հարիր է ներքին կոնֆլիկտ ունեցող ընտանիքին:

Գևորգ Աղաբաբյան