Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ կայացել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան կառույցի 5-րդ համագումարը, որը կուսակցության ատենապետ է ընտրել Նարեկ Գալստյանին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նորընտիր ատենապետը:
Հիշեցնենք, որ 2012-2013թթ. Նարեկ Գալստյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականի պաշտոնը:
Yerkir.am-ի հարցին`հնարավո՞ր է` վարչապետի օգնականի պաշտոնից հրաժարվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Տիգրան Սարգսյանին պաշտոնավարելու քիչ ժամանակ է մնացել, Նարեկ Գալստյանը պատասխանեց, որ մամուլում հանդիպել է նման մեկնաբանության, որին անգամ հարկ չի համարում անդրադառնալ:
Նա նշեց, որ երկու օր առաջ է հանդիպել վարչապետի հետ, ներկայացրել է աշխատանքից հրաժարվելու մասին դիմումը` միաժամանակ շնորհակալություն հայտնելով, որ վարչապետը ըմբռնումով է մոտեցել այդ որոշմանը: «Այնպես չէ, որ վարչապետի օգնականի պաշտոնը թողնելը պայմանավորված է նրանով, որ ես լքում եմ թիմը, կամ ինչպես ասում են` крысы покидают корабль первыми, այլ կուսակցության իմ ընկերները ընտրեցին ինձ` որպես ատենապետ, ինչը համատեղելի չէ պետական նշանակովի պաշտոնի հետ»,- ասաց Նարեկ Գալստյանը:
Ներկայացնելով ՍԴՀԿ անելիքները և գաղափարախոսությունը` նա նշեց, որ վերջին մի քանի տարիներին կուսակցությունը խիստ թուլացել էր տարբեր խնդիրների ու պառակտումների պատճառով, սակայն հիմա պատրաստվում է մտնել քաղաքական դաշտ` անցյալում թողնելով բոլոր դատական խնդիրները և այլևս չմեկնաբանելով հին պառակտումները: Նա նշեց, որ ՍԴՀԿ-ն լինելու է այնտեղ, ուր քաղաքացու շահն է, պայքարելու է օլիգարխիական համակարգի դեմ, այլ ոչ` անձերի:
Արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապված` նա նշեց, որ ՍԴՀԿ-ն «զգուշավոր լավատեսությամբ» ողջունում է Մաքսային միությունը, բայց նաև հույս է հայտնում, որ Եվրոպայի հետ հարաբերությունները չեն դադարի: