կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-04 12:56
Քաղաքական

Պաշտոնյան կարկամեց, երբ վարչապետը հարցրեց նախագահականի ապարատի հետ կապված խնդրի մասին

Պաշտոնյան կարկամեց, երբ վարչապետը հարցրեց նախագահականի ապարատի հետ կապված խնդրի մասին

Կառավարության այսօրվա նիստում օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» որոշումը:

Ըստ այդմ` ավագանու կողմից առաջադրանքին հավանություն չտրվելու դեպքում համայնքի ղեկավարը, մերժման հիմքերը վերացնելուց հետո (եթե հնարավոր է դրանք վերացնել), տասը աշխատանքային օրվա ընթացքում առաջադրանքը կրկին ներկայացնում է ավագանու քննարկմանը` սույն կետով սահմանված կարգով: Նշված ժամկետում առաջադրանքը կրկին չներկայացնելու դեպքում առաջադրանքը համարվում է հավանության չարժանացած: Բացասական եզրակացության դեպքում մարզպետը առաջադրանքը հետ է ուղարկում համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը թերությունները ուղղելու հնարավորության դեպքում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղղում է դրանք և առաջադրանքը կրկին ներկայացնում մարզպետին: Նշված ժամկետում առաջադրանքը կրկին չներկայացնելու դեպքում այն համարվում է չհաստատված:

Եղիազարյանը խնդրեց երկու օր ժամանակ տալ` այս փոփոխության` ուժ մեջ մտնելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհեց` հիշեցնելով, որ ավելի վաղ էլ ասել է, եթե կան իրավական հարցեր` որոշումների հետ կապված, ապա պետք չէ դրանք մտցնել կառավարության օրակարգ: «Այդպես էինք, չէ՞, պայմանավորվել այն օրը»,- վարչապետը դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

Հարությունյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, որ իրավական հարց է առաջացել նախագահականի ապարատի հետ:

Եղիազարյանն արդարացավ` ասելով, որ վերջին պահին է առաջացել այդ իրավական հարցը ու չի հասցրել զգուշացրել:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նման դեպքերում մենք պետք է տեղյակ լինենք, մեզ պետք է զգուշացնեք»:

Վարչապետը կրկին հարց ուղղեց Եղիազարյանին, թե նախագահական ապարատի հետ կապված ինչպե՞ս է ծագել խնդիրը: Եղիազարյանը ոչինչ չկարողացավ պատասխանել: