Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում 2014թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր գանձապետ Գագիկ Ջանջուղազյանը չպարզաբանեց, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել 5.9 մլրդ դրամի դրամաշնորհային միջոցները, որոնք Հայաստանն ստացել է ԵՄ-ից Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների իրականացման համար: Գլխավոր գանձապետն ընդամենը շեշտել է, որ այդ դրամաշնորհները եղել են ոչ նպատակային, և կառավարությունը դրանք օգտագործել է` ըստ անհրաժեշտության:
Եթե ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չբարձրացներ այս հարցը, հավանաբար, հասարակության մեծամասնությունն այդպես էլ չիմանար, որ Ասոցացման համաձայնագրի մշակման դիմաց Հայաստանը ոչ միայն ԵՄ-ից փող է ստացել, այլև ստացել է ոչ նպատակային օգտագործելու պայմանով: Այսինքն` ԵՄ-ն կառավարությանը վճարել է ոչ թե կոնկրետ այդ համաձայնագրի ստորագրման աշխատանքները ֆինանսավորելու համար, այլ կառավարությանն ազատ է թողել այն տնօրինելու հարցում՝ որոշ դեպքերում միայն առանձնացնելով ոլորտները, օրինակ՝ կրթության, արդարադատության ոլորտներում բարեփոխումները:
Թե ինչքանո՞վ են այդ գումարները ծառայել նպատակին, ինչպե՞ս են ծախսվել, այնքան էլ պարզ չէ, որովհետև կառավարությունը սովոր չէ հաշվետվություն ներկայացնել, հատկապես` դրամաշնորհների ծախսման վերաբերյալ: Դա ավելի քան հասկանալի է. մի կողմից` ոչ նպատակային դրամաշնորհներն այն հիմնական մութ անտառն են, որը կոռուպցիայի, «ատկատների» անսահմանափակ հնարավորություններ են թաքցնում, իսկ մյուս կողմից` որպես կանոն, դրանց նկատմամբ դոնոր կազմակերպությունների վերահսկողությունն անհամեմատ թույլ է: Տվյալ դեպքում ԵՄ-ին ոչ թե հետաքրքրել է, թե ինչպես կօգտագործվի այդ գումարը, ում գրպանները կմտնի, այլ այն, որ դրա դիմաց հայաստանյան իշխանությունները կատարեն Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու իրենց պարտավորությունը: Այս գործընթացն սկսվել է դեռևս 2010թ. ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված պայմանագրով, որի հիման վրա Հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրով` երեք փուլով, ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել մոտ 7 մլրդ դրամ:
Միայն 2013թ.` մինչև նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, Հայաստանը պետք է ստանար 3.1 մլրդ դրամ դրամաշնորհ, որը, սակայն նախատեսված ժամանակահատվածում չի տրամադրվել: Դատելով նրանից, որ 2014թ. բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ կառավարությունը նշել է այս գծով 5.9 մլրդ դրամի չափով ԵՄ-ից դրամաշնորհի ստացման իրողությունը, պետք է ենթադրել, որ ԵՄ-ն, այնուամենայնիվ, Հայաստանին է փոխանցել նաև 2013թ. համար նախատեսված դրամաշնորհը, թեև արդեն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած շրջադարձային հայտարարությունից հետո գիտեր, որ Հայաստանը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Այլ կերպ ասած՝ ԵՄ-ն կատարել է Հայաստանին դրամական օժանդակություն ցուցաբերելու` պայմանագրային իր հանձնառությունը նույնիսկ այն դեպքում, երբ Երևանը ոչ միայն հրաժարվել էր կատարել հանձնառության իր մասը, այլև արդեն իսկ կայծակնային արագությամբ լծվել էր ԵՏՄ-ին անդամակցելու համար ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Հետաքրքրականն այն է, սակայն, որ Բրյուսելը երբևէ հրապարակայնորեն շեշտադրում չի կատարել ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման` Հայաստանի հանձնառության հետ կապված ֆինանսական բաղադրիչի վրա, թեև խաբվել կամ, ինչպես ընդունված է ասել, «քցվել» էր ՀՀ իշխանությունների կողմից: Պետք է ենթադրել, որ դա պայմանավորված է ասոցացումից հրաժարվելը ԵՄ-ի կողմից ոչ այնքան Երևանի սուվերեն որոշման, որքան Մոսկվայի պարտադրանքի հետևանք համարելու, Հայաստանին որպես զոհ ընկալելու հանգամանքով: Սա չի նշանակում, թե ասոցացման գործընթացի մեջ Հայաստանը ներգրավվել էր միայն ԵՄ-ից փող պոկելու համար, որը ստանալուց հետո վերադարձավ իրական արտաքին կուրսին: Դա խաչագողի մոտեցում կլիներ, թեև ակնհայտ էր ստանձնած ոլորտային բարեփոխումները միայն թղթի վրա կատարելու կամ բարեփոխումների իմիտացիա անելու հանգամանքը: ԵՄ-ն ԱրԳ անդամ պետություններին ասոցացման գործընթացում խրախուսելու համար առաջնորդվում էր, այսպես կոչված, «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Որքան պետությունը նախաձեռնողական և հետևողական լինի ասոցացման հարցում, այնքան ավելի մեծ ֆինանսական օժանդակություն ստանալու հույս կունենա: Արտաքին ֆինանսավորումից գերկախվածության մեջ գտնվող Հայաստանի համար, որին օգնելուց հրաժարվում էր անգամ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, սա ուներ առանձնահատուկ նշանակություն, եթե նույնիսկ անտեսենք այդ «խողովակով» ստացվելիք միջոցները գրպանելու հնարավորությունը:
Բացի դրանից` ԵՄ-ն խոստացել էր արդեն 2013-ի դեկտեմբերին Հայաստանի համար դոնորների համաժողով կազմակերպել, որը կարող էր էական նշանակություն ունենալ Հայաստանում արտաքին ներդրումների ծավալների մեծացման, հայկական արտադրանքը ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու առումով, ինչից Հայաստանը զրկվեց՝ նախընտրելով ԵՏՄ-ն:
Նախորդ ամիս Ռիգայում կայացած ԱրԳ 4-րդ գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց. «...Հայաստանը կարևորում է յուրաքանչյուր երկրի նկատմամբ, ընդհանուր արժեքների առանցքի շուրջ իրականացվող բարեփոխումներում արձանագրած առաջընթացի հիման վրա, տարբերակված մոտեցման կիրառումը և «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի վերահաստատումը»: Սա այլ բան չէր, քան ԵՄ-ի հետ խաղի նախկին կանոններին վերադառնալու առաջարկ: Բայց որքանո՞վ է լուրջ նման առաջարկ անել մի «գործընկերոջ», որի հետ հարաբերվել ես, ըստ էության, «ավելին ոչնչի դիմաց» բանաձևով, և որը չունի այլևս նախկին վստահությունը քո նկատմամբ: Նման դեպքերում, սովորաբար, չեն համաձայնում գործակցել նույնիսկ... «ավանսով»:
Գևորգ Դարբինյան