Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի՝ «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյին, ում գլխավորած ընկերության հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպությունը 2006թ-ից տասը տարի ժամկետով իրականացնում է Երևան քաղաքի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին և կարևորել մեր երկրում «Վեոլիա» ընկերության գործունեությունը, ընդգծելով, որ մինչ այժմ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման գործում արձանագրված ցուցանիշները վկայում են նկատելի առաջընթացի մասին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ֆրերոյի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի «Երևան Ջուր» ընկերության աշխատանքին:
«Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նշել է, թե հպարտությամբ և մեծագույն պատասխանատվությամբ է իր գլխավորած ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալում և աշխարհի մի շարք երկրներում ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում ունեցած մեծ փորձը կիրառում նաև Հայաստանում: Անտուան Ֆրերոն ընդգծել է, որ «Վեոլիա»-ն Հայաստանում մեծ և հավակնոտ ծրագրեր ունի, նաև ցանկություն՝ ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը՝ մայրաքաղաքից բացի ընդգրկելով նաև Հայաստանի այլ քաղաքներն ու գյուղերը: Ըստ նրա, նպատակ մեկն է՝ ի վերջո Հայաստանում ամենուր ապահովել 24-ժամյա ջրամատակարարում:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ «Վեոլիա»-ն ակտիվորեն պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել ՀՀ կառավարության կողմից անցկացվելիք մրցույթին և կանի ամեն հնարավորը՝ ապահովելու մրցույթի պայմաններն ու իր փորձառությամբ և ծառայությունների մատուցման որակով օգտակար լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին: