Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2014 թ. բյուջեի կատարողականի մասով հաշվետվություն էր ներկայացնում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Ոչ ֆինանսական ցուցանիշներին անդրադառնալով` նա նշեց, որ ԱԺ-ին հատկացված բյուջետային միջոցների 90 տոկոսը ծախսվել է ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանման ծրագրի շրջանակներում, և միայն 10 տոկոսն է ծախսվում այլ ծրագրերի շրջանակներում:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց ԱԺ կապիտալ շինարարության մասին, որին հատկացվել է 87 միլիոն դրամ: «Ինչի՞ վրա է ծախսվել այս գումարը: Ուզում եմ հիշել որևէ շինարարություն, չեմ մտաբերում»,- հարցրեց պատգամավորը:
Պատգամավորի մյուս հարցը աշխատակազմին էր վերաբերում` արդյո՞ք աշխատակազմի հաստիքներն ավելացել են, թե՞ նվազել: Էդմոն Մարուքյանին նաեւ հետաքրքրում էր. «Մի տասը օր է, ես ԱԺ բակում նկատում եմ նոր ջիփ մեքենաներ, որոնք ուղեկցում են ԱԺ նախագահին, նաև խմբակցությունների ղեկավարներին են նոր մեքենաներ տվել: Որքա՞ն գումար է ծախսվել դրա վրա, և ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից է դա բխել»,- հարցրեց պատգամավորը:
Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ 2014թ. ձեռք է բերվել մեկ մեքենա, որը սպասարկելու է ԱԺ նախագահին, այլ մեքենաներ ձեռք չեն բերվել: Աշխատակազմում 823 աշխատակից կա, որոնցից 70 պայմանագրային աշխատողներ են:
Շինարարության հետ կապված` Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ այն ընթացել է Դեմիրճյան-Բաղրամյան հատվածում` ավտոտնտեսությունում, փոխվել են ԱԺ շենքի դիմացի աստիճանները, որոշակի աշխատանքներ էլ կիրականացվեն սանհանգույցներում:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ խոսքը ԱԺ նախագահի անվտանգության ծառայության մեքենաների մասին է, որոնք փոխվել են, և խնդրեց տեղեկատվություն տրամադրել` կարծիք հայտնելով, որ երկրի պաշտոնատար անձինք պետք է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նման գումարներ ծախսեն, որովհետև մեր երկրի վիճակը ծայրահեղ ծանր է: «Բյուջեի քննարկման ժամանակ շատ ենք լսում, որ փող չկա, բայց փող կա՞ ներկայացուցչական դասի մեքենաներ ձեռք բերելու համար»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
Հրայր Թովմասյանը պնդեց, որ ինքը ներկայացնում է հաշվետվություն 2014-ի մասին, իսկ պատգամավորը հարցնում է ծախսերի մասին, որոնք վերաբերում են 2015-ին: Նա նշեց, որ խմբակցությունների ղեկավարներն իսկապես ստացել են նոր մեքենաներ: