կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-23 11:34
Հասարակություն

Տաքսի է, տանում են տուգանային հրապարակ, որ մի ջիփ լիներ` ծանոթ համարներով, բան չէին ասի. տաքսու վարորդները բողոքում են

Տաքսի է, տանում են տուգանային հրապարակ, որ մի ջիփ լիներ` ծանոթ համարներով, բան չէին ասի. տաքսու վարորդները բողոքում են

Այսօր ոստիկանության տուգանային հրապարակի դիմաց տաքսու վարորդները կանցկացնեն բողոքի ակցիա՝ «Տաքսիների կայանատեղիների հարցը մնում է չլուծված» կարգախոսով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը նշեց, որ տաքսու վարորդները կանգնում են անթույլատրելի կայանատեղիներում, իսկ ճանապարհային ոստիկանները  տաքսիները բռնի բերում են տուգանային հրապարակ, որից հետո ակտ են գրում: Տաքսու վարորդի խոսքով` 50-60 ակտ են գրում, և մինչև տաքսու վարորդները չմուծեն այդ ակտերի դիմաց, մեքենաները բաց չեն թողնում տուգանային հրապարակից, անգամ` եթե մեքենայի տերն է գալիս:


Էմիլ Սահակյանը նշեց, որ նախորդ բողոքի ակցիաների ժամանակ այդ հարցը բարձրացվել է, սակայն ոչ մի լուծում դրան չի տրվել, պատասխանատուները խոսք են տալիս, որ հարցը կլուծեն, բայց երբ բողոքի ակցիան ցրվում է, ամեն ինչ մոռանում են ու շարունակում ակտեր գրել: Մինչև հիմա տաքսու վարորդները չունեն թույլատրելի կայանատեղիներ, մինչ այժմ այդ հարցը լուծված չէ:


«Ճանապարհային ոստիկանները խախտում են բոլոր օրենքները: Մեր պահանջներն ուղղված են թե' ճանապարհային ոստիկանությանը, թե' տրանսպորտի և կապի նախարարությանը: Իրենք հասա՞ն իրենց նպատակին` լիցենզիա, հաշվիչ, խնդիր չկա, ամեն ինչը արեցինք, բայց իրենք պարտավոր են լուծել մեր կայանատեղիների հարցը, ոչ թե գանք, կանգնենք, իրենք էլ գան, տանեն տուգանային հրապարակ, որպեսզի մենք իրանց թալանները փակենք: Մինչև հիմա մենք տեղ չունենք կանգնելու, որտեղ կանգնում ենք` կա'մ տուգանվում ենք, կա'մ մեքենաները տանում են տուգանային հրապարակ»,- ասաց Էմիլ Սահակյանը:


Տաքսու վարորդը կարծում է, որ կա'մ ճանապարհային ոստիկանները պետք է անտեսեն, որ տաքսու վարորդներն անթույլատրելի վայրերում են կայանում, կա'մ էլ պետք է նոր օրենք ընդունել:


«Տաքսու վարորդները  չեն գալիս` սրճարաններում նստում, ժամերով իրենց մեքենաները թողնում կայանած: Տաքսին կարող է կանգնել 5-10 րոպե, որից հետո գնում է` պատվեր կատարելու: Ճանապարհային ոստիկաններն էլ տեսնում են, որ տաքսի է, տանում են տուգանային հրապարակ ու ակտավորում: Եթե մեկ ուրիշ մեքենա կանգնած լինի, ասենք` մի հատ ջիփ` իրենց ծանոթ համարանիշերով, ոչ մի դեպքում էդ մեքենան չեն տանի տուգանային հրապարակ ու չեն տուգանի»,- ասաց Էմիլ Սահակյանը:


Մեր հարցին, թե  որքա՞ն գումար ունի վճարելու ոչ թույլատրելի տեղում մեքենան կայանելու համար, Էմիլ Սահակյանը պատասխանեց, որ գումարը կազմում է մոտ 200 հազար դրամ: