Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այօրվա ելույթում հայտարարել է նաև հետևյալը. «...նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»։
Հարգելի պարոն Փաշինյան, ո՞վ է Ձեզ գցել այս թյուրիմացության մեջ, հրապարակեք Ձեզ սա զեկուցող նախաքննական մարմինների ղեկավարների անունները, որպեսզի կարողանանք բացահայտ ի ցույց դնել նրանց պնդումների մերկությունը։ Ձեզ պարզապես խաբում են։
Հայաստանի դատական համակարգը նախկինում հիմնականում հանդիսացել է նախաքննական մարմինների ու դատախազության հրամցրածը կուրորեն դակող համակարգ։ Դա է եղել նաև պատճառը, որ իրավիճակը երկրում հետզհետե դարձել էր անտանելի, իսկ նախաքննական մարմինների աշխատանքի որակը մշտապես նվազման միտում է ունեցել։
2018թ. մայիսից հետո դատական համակարգը էպիզոդիկ, որոշակի, ի հաշիվ դատավորի կոչումը հարգող մի քանի դատավորի փորձեր է կատարել դակող մարմնից վեր ածվել դատարանի։ Նախաքննական մարմինների կողմից անորակ ու անհիմն ամեն հանգամանք չէ, որ դատարանները շարունակել են մարսել։ Ի հաշիվ դրա հույս է արթնացել, որ դատական համակարգում ի հայտ են գալիս անկախության տարրեր, որոնք հանգեցնելու էին նաև նախաքննական մարմինների առավել որակյալ, առավել հիմնավոր աշխատանքի, հանգեցնելու էին նաև նրան, որ գերծանրաբեռնված քննչական մարմիններն ի վերջո սկսելու են զբաղվել հանցագործությունների բացահայտմամբ ու հիմնավորմամբ` մի կողմ թողնելով իրենցից ժամանակ խլող անհասկանալի ու դատարկ գործընթացները, բարձրացնելու էին նաև իրենց աշխատանքի որակը։
Բայց արի ու տես, որ կան նախաքննական մարմնինների ղեկավարներ, որոնք իրենց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեանքով առկա ձախողումները Ձեր առջև փորձ են կատարում հիմնավորել տարատեսակ պատճառաբանություններով ու համոզել են Ձեզ, թե դրա պատճառը իրենց հրամցրած «բորշը» չուտող դատական համակարգն է...
Պարոն Փաշինյա՛ն, Ձեզ սխալ են զեկուցում իրավիճակը, Ձեզ սխալ զեկուցողների ասածները «հալած յուղի» տեղ մի ընդունեք, հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ Դուք չեք կարողանա տիրապետել իրավիճակին»,- գրել է նա: