կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 17:38
Հասարակություն

«Էս գեղացին ո՞վ է, որ մի հատ էլ պաշտոն եք տալիս». Արա Աբրահամյանն անկեղծացել է

«Էս գեղացին ո՞վ է, որ մի հատ էլ պաշտոն եք տալիս». Արա Աբրահամյանն անկեղծացել է

Այսօր «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում մեկնարկեց «Առանց փողկապի» ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների շարքը: Այսօրվա քննարկմանը մասնակցում էին ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հետաքրքիր պատմություններ ներկայացրեց իր կյանքից: Նրա բնորոշմամբ` մարդը պետք է երազանքներ ունենալու փոխարեն նպատակներ ունենա: «Երբեք մարդն իրեն չպետք է սահմանափակի: Իմ հաջողության գրավականներից մեկն էլ եղել է այն, որ ես ինձ երբեք չեմ սահմանափակել: Երբ 20 տարեկանում ինձ հարցնում էին` ինչ ես ուզում, ասում էի, որ ուզում եմ ամբողջ աշխարհը, հիմա էլ եմ նույն բանն ասում»,- պատմեց Աբրահամյանը:

 

Նա մի ուշագրավ պատմություն ներկայացրեց` ցույց տալու համար, որ մարդը պետք է իր առջև նպատակներ դնի և, անկախ հանգամանքներից ու արտաքին ներգործությունից, անի ամեն ինչ` այդ նպատակներն իրականացնելու համար:

 

«Երբ դեռ տակավին երիտասարդ էի և ինձ վստահվեց ղեկավար պաշտոն, ես իմ հետևի շարքում կանգնածներից լսեցի` ինչպես են որոշ մարդիկ ասում. «Էս գեղացին ո՞վ է, որ մի հատ էլ պաշտոն եք տալիս»: Այդ արտահայտությունը հնչեցրեցին բավական բարձր, որ ես լսեմ: Ես, բնականաբար, չարձագանքեցի, որովհետև տեղը չէր: Եկա տուն ու վրդովված պատմեցի մայրիկիս այդ պատմությունը: Նա էլ ասաց` երևի ճիշտ են ասել, իսկ դու էլ քո գործողություններով նրանց ապացուցի, որ դու արժանի ես ավելիին»,- անկեղծացավ Աբրահամյանը: