Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Նախաքննական մարմնի տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են ադրբեջանական կողմից արձակված կրակոցից Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցին սպանած անձին եւ հանցագործության գործիքը նույնականացնելու համար: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունում:
«2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս` մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներով (սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), նշանակվել են փորձաքննություններ, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Նախաքննական մարմնի տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են հանցագործության գործիքը և հանցանք կատարած անձին նույնականացնելու համար:
Ադրբեջանական կողմն առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները պատրաստակամ են ռուսական խաղաղապահ ուժերին ներկայացնելու այն ապացույցները, որոնք փաստում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացու նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելը:
Ադրբեջանը, հանդիսանալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի անդամ երկիր, ստանձնել է կյանքի իրավունքը հարգելու պարտականություն: Չկատարելով Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները, ադրբեջանական կողմը մեկ անգամ ևս թույլ է տալիս եզրահանգելու (արցախահայությունը դրանում վաղուց համոզված է), որ նման հանցավոր արարքները կրում են կազմակերպված և ուղղորդված բնույթ և իրենց ամբողջությամբ դադարում են լինել սոսկ մարդու դեմ ուղղված արարք` կրելով ահաբեկչական բնույթ ու նպատակ»,- նշված է հաղորդագրությունում: