Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-05-05 13:27
Հասարակություն

«Զինծառայողները չեն դիմում իրավապահներին՝ վերադասին վատություն չանելու համար»

«Զինծառայողները չեն դիմում իրավապահներին՝ վերադասին վատություն չանելու համար»

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում այսօր քննարկվում էր ՄԻՊ զեկույցը պաշտպանության նախարարության ոլորտում: ՄԻՊ տեղակալ Արման Գրիգորյանը ներկայացրեց խնդիրները, որոնց վերաբերյալ դիմումներ են եղել ՄԻՊ-ին:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը հարց ուներ ՄԻՊ զեկույցի վերաբերյալ: Նա վերապահումներ ուներ` զեկույցում տեղ գտած մի քանի ձևակերպումների հետ կապված: «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՄԻՊ-ը ստացված դիմումների ուղղությամբ, ի՞նչ որոշումներ են ընդունվել, ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել: Կարևոր է տեսնել ձեր աշխատանքի արդյունքը, որը չենք տեսնում: Եվ երբ ներկայացվում է, որ ոչ բավարար աշխատանքներ են իրականացվում ՊՆ-ի կողմից, ապա մեզ՝ պատգամավորներիս համար, դժվար է լինում գնահատականներ տալ: ՊՆ-ի արձագանքը գուցե դիվանագիտական առումով հասկանալի է, բայց կուզենայինք կոնկրետ արձագանքներ լսել` յուրաքանչյուր դեպքի հետ կապված: Մենք ամեն տարի ողջունում ենք ՄԻՊ-ի զեկույցը, բայց երբ գալիս է խնդիրների լուծման պահը, մենք չենք տեսնում համարժեք գործողություններ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված` պետք է տալ ճիշտ ձևակերպում ու տալ կոնկրետ արձագանք, իսկ ՄԻՊ-ը 11 կետերով ստացել է լուրջ բողոքներ»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

 

ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՄԻՊ-ի կողմից ուսումնասիրվել են առանձին գործեր, և քանի որ, դրանց հետ կապված, ընթանում է նախաքննություն, ուստի ՄԻՊ-ը չի միջամտել դրանց, քանի որ նման լիազորություն չունի: Ինչ վերաբերում է ՌՈ-ի կողմից զինծառայողների նկատմամբ բռնությունների դեպքերին, որոնց վերաբերյալ ստացվել են բողոքներ, ՄԻՊ տեղակալը նշեց, որ արդեն նախկին զինծառայողները հրաժարվել են դիմել իրավապահ մարմիններին` պատճառաբանելով, որ արդեն վերջացրել են ծառայությունը ու չեն ցանկանում վատություն անել իրենց վերադասին:

 

Ինչ վերաբերում է այն հարցին` արդյո՞ք հաստատվել են բռնության այդ դեպքերը, ՄԻՊ տեղակալը նշեց, որ դրանք չէին կարող հաստատվել, որովհետև նման դեպքերը հաստատվում են դատարանի վճռով, իսկ զինծառայողները չեն դիմել դատարան: Իսկ ՄԻՊ-ին չեն բավարարում լիազորությունները` նման դեպքերը հաստատելու համար:

 

Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանն էլ արձագանքեց` ասելով, որ բռնության դեպքերը քրեորեն պատժելի արարքներ են, ուստի լավ կլիներ, որ բռնության ենթարկվածները դիմեին իրավապահ մարմիններին՝ դեպքերի իսկությունը ճշտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: