Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեեւ ԼՂՀ ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել մայիսի 3-ին Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, սակայն արդեն իսկ կարելի է արձանագրել, որ դրանք կայացել են:
Ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 70 տոկոսը: Արդեն հայտնի են նաև նախնական արդյունքները, ըստ որոնց` «Ազատ հայրենիք» կուսակցությունն ստացել է 47, ՀՅԴ-ն և ԱԺԿ-ն՝ 19-ական, իսկ «Շարժում 88» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները, համապատասխանաբար, 6 եւ 5 տոկոս վստահության քվե:
Դատելով ընտրությունների մասին տեղեկատվական հոսքերից՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, նաև միջազգային դիտորդների կողմից ընտրարշավի և քվեարկության ժամանակ էական խախտումներ չեն արձանագրվել: Սա հաստատում է նաև ԼՂՀ ԿԸՀ-ն, ըստ որի՝ ընդամենը երեք բողոք է ստացվել, որոնցից երկուսը բավարարվել են դիմումատուների օգտին: Կարելի է արձանագրել, որ ԼՂՀ-ն, որպես ժողովրդավարական պետություն, պատվով հանձնեց կայացած լինելու թեստը:
Սա առաջին հերթին կարևոր է ԼՂՀ ժողովրդի համար՝ լեգիտիմ իշխանությունների միջոցով սեփական կյանքը կազմակերպելու իմաստով, որը ԼՂՀ-ի պարագայում այլընտրանք չունի` անվտանգության առումով: Թե' ընտրությունների կազմակերպման, թե' ընտրարշավի կոռեկտության ապահովման մակարդակով ԼՂՀ-ն օրինակելի է ողջ տարածաշրջանի համար: Ավելորդ է անգամ խոսել Ադրբեջանի մասին: Նման մակարդակով ընտրություններ կազմակերպելով՝ ԼՂՀ-ն ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ոչ միայն մշակութային նկարագրի, այլև արժեքային առումով անհամատեղելի է այդ երկրի հետ, և ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ մտցնելու մասին մտածելը նշանակում է ոչնչացնել այն ձեռքբերումները, որոնց հասել է դեռևս որևէ երկրի կողմից չճանաչված այս փոքրիկ հանրապետությունը:
Որքան առարկայական է ընդգծվում այս տարբերությունը, այնքան միջազգային հանրության ընկալումներում հիմնավոր են դառնում ԼՂՀ-ի անկախացման և իր այդ կարգավիճակը պահպանելու հարցում արցախցիների ցուցաբերած համառության պատճառները: Այս իմաստով ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցությունը և նրանց կողմից տրվելիք գնահատականները որոշիչ նշանակություն ունեն:
Ըստ ԼՂՀ ԿԸՀ-ի` ընտրություններին հետևելու համար Արցախ է եկել մոտ 90 դիտորդ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Եվրախորհրդարանից, Կանադայից, Ռուսաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Մեքսիկայից և այլն: Դիտորդական պատվիրակությունները պաշտոնական կարգավիճակ չունեն: Ակնհայտ է, որ, չճանաչած լինելով ԼՂՀ-ն` իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ, որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն չէր կարող այդ ընտրություններին դիտորդական պաշտոնական առաքելություններ ուղարկել Արցախ:
Բայց այս դեպքում դա երկրորդական է՝ երկու առավել կարևոր հանգամանք հաշվի առնելով: Նախ՝ ինքնին նման քանակությամբ դիտորդների առկայությունը ցույց է տալիս ԼՂՀ ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության մոտ աճող հետաքրքրությունը: Որքան էլ դիտորդական խմբերը ոչ պաշտոնական լինեն, նրանց տված գնահատականները ուղղորդիչ, այսպես ասած՝ փորձագիտական նշանակություն են ունենալու՝ հետագայում քաղաքական որոշումներ կայացնելիս իրողությունները ճիշտ գնահատելու իմաստով:
Երկրորդ՝ ընտրություններին դիտորդների մասնակցությունը փաստացի կրախի է մատնում Ադրբեջանի «սևցուցակային» շանտաժային քաղաքականությունը: Եթե Բաքուն հետևողական գտնվի, ապա պետք է ԼՂՀ ժամանած այդ 90 դիտորդներին ընդգրկի Ադրբեջանի համար անցանկալիների «սև ցուցակում»: Որքան այդ ցուցակն ընդլայնվում է, այնքան այն արժեզրկվում ու իմաստազրկվում է: Մյուս կողմից` Բաքուն չի կարող հայտարարել, թե այդ մարդիկ ԼՂՀ-ում են գտնվում` նախապես իր համաձայնությունն ստանալով, քանի որ դա կնշանակեր այդ մարդկանց տալ ԼՂ իշխանության ձևավորումը դիտարկման ենթարկելու իրավունք, այսինքն` ճանաչել ԼՂ-ի ժողովրդի՝ ընտրություններ անցկացնելու իրավունքը: Այնպես որ` Բաքուն հիմա իսկապես աննախանձելի վիճակում է:
Բայց դա նրա համար դեպրեսիայի մեջ ընկնելու միակ պատճառը չէ: Մայիսի 3-ի քվեարկությունից առաջ Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն տարածեցին, որտեղ, ըստ էության, ճանաչեցին ԼՂՀ ներկայիս ժողովրդի՝ ընտրություններ անցկացնելու և իշխանություններ ձևավորելու սուվերեն իրավունքը, ինչն աննախադեպ էր ԼՂՀ գոյության ողջ ընթացքում: «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք ԼՂ ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում»,- ասվում էր համանախագահների հայտարարության մեջ: Որ սա ներկայիս ստատուս քվոն և ԼՂՀ-ի` իբրև սուբյեկտ, ճանաչելուն ուղղված քայլ էր, հուշում է նաև նույն հայտարարության մեջ արված այն ձևակերպումը, թե «մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները...»: Փաստորեն, համանախագահները չեն ընդունում ոչ թե ինքնին ընտրությունների անցկացումը, այլ դրանց արդյունքների ազդեցությունը հակամարտության կարգավորման վրա:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է այս ձևակերպումներին՝ նշելով, թե չկա ԼՂՀ ժողովուրդ, այլ կա Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակչություն՝ կազմված հայ և ադրբեջանական համայնքներից: Բաքվի այս կոշտ արձագանքը ցույց է տալիս, որ այդ ձևակերպումներն իսկապես ուղղակիորեն հարվածում են Ադրբեջանի դիրքերին:
Եթե հայաստանյան դիվանագիտությունն ավելի ճկուն լինի, օգտագործելով այս նոր մոտեցումը, պետք է պահանջի համանախագահներից ԼՂՀ իշխանությունների մասին արտահայտվելիս այլևս չօգտագործել «դե ֆակտո իշխանություններ» արտահայտությունը: Համանախագահների նման մոտեցումն, իհարկե, պատահական չէ: Օգտագործելով ԼՂՀ-ի ընտրությունները՝ նրանք փորձում են բանակցությունների սեղանի մոտ քարշ տալ Ադրբեջանին և հենց նրան են համարում բանակցային գործընթացի՝ փակուղում հայտնվելու և սահմանագծում իրավիճակի լարման իրական պատասխանատուին: Պատահական չէր Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան այն գրառումը, թե Հայաստանը բաց է ԼՂ հարցով բանակցությունների համար: Պնդում, որ նա այդպես էլ չարեց Ադրբեջանի արտգործնախարարի հետ հաջորդ օրը կայացած հանդիպումից հետո:
Նման մոտեցումը կարծես զգուշացում է Բաքվին, որ ներկայիս անզիջում դիրքերը պահպանելը հղի է ԼՂՀ-ի ինքնիշխանությունը միջազգային հանրության կողմից ճանաչելու «վտանգով»: Եթե Բաքուն համաձայնի առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու` համանախագահների առաջարկին, կնշանակի՝ այդ սպառնալիքը ինչ-որ չափով տեղ է հասել:
Գևորգ Դարբինյան