Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում տարածաշրջան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահները: Այսօր նրանք հանդիպումներ կունենան Բաքվում, իսկ վաղը կժամանեն Հայաստան: Համախագահների հիմնական նպատակը, օգտվելով համեմատաբար ավելի հանգիստ հետընտրական իրավիճակից, գրեթե 3-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հերթական հանդիպում կազմակերպելն է, այդպիսով` ընդհատված բանակցությունների վերականգնումը:
Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից գրեթե անմիջապես հետո առանձին Բաքու էր եկել ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այդ այցի խորհրդավորությունն ինքնին խոսում էր այն մասին, որ ԱՄՆ-ը ձգտում է նոր թափ հաղորդել բանակցային գործընթացին: Եթե Վաշինգտոնին, մյուս միջնորդների հետ համատեղ, հաջողվի կազմակերպել Սարգսյանի և Ալիևի հանդիպումը, չի բացառվում, որ, կարգավորման մեխանիզմների հետ կապված, նոր առաջարկություններ դրվեն բանակցային սեղանին:
ԱՄՆ-ը ստիպված է նման նախաձեռնողականություն ցուցաբերել, որովհետև բանակցային գործընթացի ներկայիս փակուղային իրավիճակը սպառնում է դրա նկատմամբ ոչ միայն իր, այլև ամբողջ Մինսկի խմբի ձևաչափի լծակների և ազդեցության բացարձակ չեզոքացմանը: ԼՂ կարգավորման հարցում Ադրբեջանն ընտրել է մի մարտավարություն, որի իրական նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունն ու անգործունակությունը, իսկ ընդհանուր առմամբ` սպառված լինելու իրողությունն ապացուցելն է: Բաքուն վիժեցրել և շարունակում է վիժեցնել ՄԽ կողմից վերջին 3 տարվա ընթացքում արվող բոլոր նախաձեռնությունները, չկատարել ստանձնած ոչ մի պարտավորություն: Բաքուն ոչ միայն հրաժարվում է նախագահների մակարդակով բանակցություններին մասնակցելուց, դիպուկահարներին շփման գծից հեռացնելուց, այնտեղ գրանցվող միջադեպերը հետաքննելու մեխանիզմների մշակմանն օժանդակելուց, այլև արդեն համարձակվում է կրակ բացել ԵԱՀԿ ներկայացուցիչների կողմից շփման գծում մշտադիտարկումների ժամանակ և գրեթե ամենօրյա կրակահերթի տակ պահել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագծով անցնող միջազգային ավտոճանապարհի` իրեն մատչելի հատվածներն ու մոտակա գյուղերը: Այդ ամենը կանխել չկարողանալու իմաստով Մինսկի խմբի համանախագահների ներկայիս գործունեությունն ավելի շատ խղճահարություն է հարուցում: Բաքուն փորձում է հասնել նրան, որ միջազգային հանրության աչքերում ՄԽ-ի ձևաչափը կատարելապես իմաստազրկվի` որպես միջնորդի և խաղաղության երաշխավորի: Եթե համանախագահներին չհաջողվի նաև ընտրական պրոցեսներից հետո համոզել Ալիևին` նստել բանակցությունների սեղանի շուրջը, ապա ՄԽ-ի առաքելությունը բովանդակային իմաստով կարելի է ձախողված համարել: Այնպես որ` այս պահին ոչ այնքան բանակցությունների հետագա ճակատագիրն է որոշվում, որքան ՄԽ-ի հեղինակության:
Եթե ՄԽ-ն այս հարցը չլուծի, ապա չի կարելի բացառել, որ Ադրբեջանը և ՄԽ անդամ հանդիսացող Թուրքիան կարող են առաջիկայում առնվազն պահանջել փոփոխել համանախագահների շրջանակը, թարմացնել այն կամ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ-ից տեղափոխել ՄԱԿ-ի կոմպետենցիայի շրջանակ: Թերևս այս տեսանելի հեռանկարից խուսափելու ցանկությամբ է պայմանավորված, որ ՄԽ ամերիկացի համանախագահը միակողմանիորեն է փորձում աշխատել Ադրբեջանի իշխանությունների հետ:
Սակայն խնդրահարույցը միայն Ադրբեջանը չէ: Թվում է, թե նրանք իրենց գրպանում ունեն Հայաստանի «կառուցողական» դիրքորոշումը, ինչով և կարող էր բացատրվել նրանց կողմից այս փուլում Երևանին այնքան էլ մեծ ուշադրություն չդարձնելը: Սակայն այս տարվա սեպտեմբերի 3-ին դեպի Մաքսային միություն Հայաստանի կատարած կտրուկ շրջադարձը ստեղծել է նոր իրավիճակ: Դա պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի գործոնով, այլ ՀՀ իշխանությունների նկատմամբ Արևմուտքում ձևավորված վստահությանը հասցված հարվածի: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համար ակտուալ է դառնում այն հարցը, թե որքանով կարելի է վստահել մի մարդու, ով կարող է մեկ ժամվա ընթացքում 180 աստիճանով փոխել իր քաղաքական կուրսը և որքանով կարելի է հավատալ այդպիսի ղեկավարի կողմից տրված հավաստիացումներին: Սա որքան Սերժ Սարգսյան-անձի նկատմամբ ինդիվիդուալ վերաբերմունքի հարց է, նույնքան էլ ստեղծված նոր իրավիճակի, որը Հայաստանին դրդում է օբյեկտիվորեն բոլորովին նոր խնդիրներ ձևակերպել: Երևանը, կարծես, շատ վախվորած հենց դա էլ անում է` ի հեճուկս Մինսկի խմբի և մադրիդյան գործընթացի: Իսկ ձևակերպվող այդ նոր խնդիրը ԼՂՀ-ին իր հետ Մաքսային միություն քարշ տալն է, որպեսզի այդ կառույցին, հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պարագայում ԼՂՀ-ի հետ քաղաքական ու տնտեսական սահմանազատման փաստի առջև չկանգնի: Սա նշանակում է` հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական դերակատար դարձնել Ռուսաստանին և նրան լիազորել Հայաստանի և ԼՂՀ-ի` որպես Մաքսային միության պոտենցիալ անդամների շահերի պաշտպանությունը: Ազդակներ, որոնք գոնե փորձագիտական մակարդակով, Մոսկվայում կարծես թե ընկալում են գտնում: Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի շրջանակներում կազմակերպված մի համաժողովի ժամանակ օրերս ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, թե ՄՄ մտնելու` Հայաստանի որոշումը Գյուլիստանի հաշտության պայմանագրի հետևանքն է: Իսկ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը yerkir.am-ին տված բացառիկ հարցազրույցում, պատախանելով հարցին, թե արդյոք Մաքսային միությանը Հայաստանի և ԼՂՀ-ի անդամակցելու պարագայում Ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կլուծվի, ասում է. «Այո, իհարկե, այդ դեպքում խնդրին այլ կերպ կմոտենային մնացած բոլոր պետությունները: Իսկ Ադրբեջանը վերջապես կհասկանար, որ իր համար ամեն ինչ վերջացած է, որ պետք է հանգիստ թողնի ԼՂՀ-ի բնակչությանը, որպեսզի նրանք հանգիստ և խաղաղ ապրեն»: Այսինքն` պարզ է, որ որքան Ադրբեջանն է ուզում ԼՂ խնդիրը դուրս բերել ԵԱՀԿ-ի շրջանակից և դրանում միջնորդական ամբողջական փաթեթով ներգրավել Թուրքիային, նույնքան էլ, կարծես, Հայաստանն է սկսում հարցի լուծումը դիտարկել Մինսկի խմբի համատեքստից դուրս` Ռուսաստանի միակողմանի հովանավորության ներքո: Սա չափազանց բարդացնում է հատկապես երկու` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների խնդիրը` ոչ միայն բանակցությունները վերարթնացնելու, այլև, ընդհանրապես, այս պրոցեսում մնալ-չմնալու իմաստով: Եվ գուցե տարածաշրջանային հենց այս այցով նրանք փորձեն փոխել իրադարձությունների` իրենց համար այս անցանկալի զարգացումների տրամաբանությունը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ