կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-25 14:15
Հասարակություն

Դիվերսիոն խումբ, հեռակառավարման եղանակով զինվորական մեքենայի պայթեցման փորձ

Դիվերսիոն խումբ, հեռակառավարման եղանակով զինվորական մեքենայի պայթեցման փորձ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից ու 60մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 20000 կրակոց:

 

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ-ի մամլո ծառայությունից, հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ:

 

Շուրջ 15 րոպե տևած փոխհրաձգության արդյունքում` հակառակորդը կրելով մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի 1 արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի /Վինտարեզի/ 1 պահունակ` 4 փամփուշտով, 1 կարճաթև շապիկ, 1 մանգաղ, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ներարկիչներ ու ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հեռակառավարման եղանակով փորձել է իրականացնել զինվորական մեքենայի պայթեցում: Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբին դիմակայելու ընթացքում, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

 

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել իրադրությունը և վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն: