կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 12:09
Առանց Կատեգորիա

Ինչ հետևանքներ ունեն գրիպն ու հեռակառավարման վահանակի բացակայությունը

Ինչ հետևանքներ ունեն գրիպն ու հեռակառավարման վահանակի բացակայությունը

Երբ վիրուսը տանջում է օրգանիզմդ ու անկողնային վիճակին ավելանում է մի կենցաղային` առաջին հայացքից մանր խնդիր` հեռակառավարման վահանակի հեռու լինելը, ու հեռուստացույցի էկրանին սկսվում է «Առաջին լրատվականը»` մտահոգիչ է:

 

Թեթևակի ականջիդ է հասնում, որ Գյումրիում`  ժամանակին մեծահարուստ Գեղամովների 110-ամյա հին տունը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի ղեկավարությամբ,  վերանորոգվում է: Նպատակը տուրիստներ գրավելն է: Ինչ խոսք, եվրոպացի զբոսաշրջիկին ավելի հետաքրքիր են հնամյա պատերը, քան իբր եվրոպական մակարդակի ձգտող հյուրանոցները, որոնցով չես զարմացնի: Լավ է:

 

Բայց այդ դեպքում Երևանի նմանատիպ շենքերը, որ քարուքանդ են անում ու քարկտիկ խաղում քանդած տների քարերով, ինչո՞ւ «Առաջին լրատվականը» ոչինչ չի ասում: Ինչո՞ւ եք պապանձվում, երբ քանդվեցին ու հերթով քանդվում են  մեր քաղաքի պատմությունը կրող շենքերը: Գեղամովների տունն իտալացուն պետք եղավ, ու փառք Աստծո: Ուրեմն եվրոպացի պիտի գտնեի՞նք, որ Բուզանդի տները քարուքանդ չանեին, կամ Աֆրիկյանների ակումբը չփտեր:

 

Իտալացին փրկեց Գեղամովների տունը,  ու «Առաջին լրատվականը», որը երդվել է միայն պոզիտիվ լուրեր հաղորդել, երդմանը հավատարիմ  բարի լուր է տալիս` առանց մտածելու, որ հեռուստադիտողների մեծ մասը կհարցնի` բա մյո՞ւս շենքերը: Բուզանդի փողոցի տները ինչո՞վ պակաս կհետաքրքրեին եվրոպացուն` պատի հսկա քարե վառարաններով, կամարներով, անցյալ դարի ճարտարապետությամբ: Բայց դատողությունը «Առաջին լրատվականի» բնագավառը չէ:

 

Հեռակառավարման վահանակի բացակայությունը ստիպեց դիտել նաև Գևորգ Ալթունյանին: Անկեղծ ասած` բացարձակ անձնավորելու ցանկություն չկա, բայց խուսափելու ձևը չգտա, ինչքան էլ ահավոր ցանկություն չկա բանավեճի մեջ մտնելու մարդկանց հետ, որոնց հետ որևէ ընդհանուր պատկերացում որևէ հարցի շուրջ չունես:

 

Բայց հեռակառավարման վահանակի  բացակայությունը` որպես ամենաանտանելի կենցաղային պրոբլեմ, զգացնել տվեց անմիջապես, որովհետև հաղորդման առաջին բառերից հասկանալի էր, որ պահելու ենք Կադաֆիի պատիվը ու «հողին ենք հավասարացնելու» քաղաքակիրթ Եվրոպան: Բոլորովին, բոլորովին, բոլորովին տեղական ծագման խնդիր չունենք: Լուծել ենք: Վերլուծել ենք: Ձևը գտնված է` մնաց Կադաֆին ու Գևորգ Ալթունյանի ճառը Կադաֆիի վրա, որը շատ նման էր  Խաչիկ  Դաշտենցի  «Ռանչպարների կանչում» Չոլոյի ճառին իր ֆիդայի ընկերոջ` Ախոյի վրա: «Ախ դու, որ մեռար, դու էդքան տաք ու պաղ օրեր տեսար ու եկար Սարիղամիշի անտառում մեռար»,- տառապում էր Գևորգ Ալթունյանը, բայց Կադաֆիի վրա:

 

Ախ, հեռակառավարման վահանակ, որ կորչում ես անպատեհ ու ստիպում լսել անլսելին …

 

Երկու օր առաջ` երկրաշարժից հետո, «Առաջին լրատվականը» մտնում է եթեր ու հայտարարում. «Զգույշ եղեք ու հետևեք «Առաջին լրատվականին»: Պետք էր հասկանալ այսպես. հեռուստացույցները շրջեք դեպի պատուհանները, դուրս եկեք տներից ու դրսում հետևեք «Առաջին լրատվականին»:

 

Դուք «վերջն եք», կոլեգանե'ր: «Վերջ» բառը, որ այս կոնտեքստում ժարգոնային է, ես ինձ թույլ եմ տալիս, որովհետև Ալթունյանը, մի քանի անգամ կրկնեց «ղժժալ» բառը, որ տվյալ դեպքում նշանակում էր «ծաղրել», «ծիծաղել», և ռուսերեն  «видите ли» արտահայտությունը:

 

Սովորում ենք :