Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քնարկվում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած` «Շրջանառության հարկի մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը:
Ըստ այդմ, գործող օրենսդրության համաձայն, ՀՀ ռեզիդենտ բոլոր այն առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա ընթացքում կարող են համարվել շրջանառության հարկ վճարող եւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե մինչեւ տվյալ տարվա փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել համապատասխան հայտարարություն: Սակայն այն հարկ վճարողները, որոնք նախկինում հարկային մարմին էին ներկայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարություն եւ մինչեւ հաշվետու տարվա փետրվարի 20-ը չեն ներկայացրել համապատասխան հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու եւ (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ, փետրվարի 20-ից հետո գործունեությունը վերսկսելու դեպքում պետք է հարկվեն հարկման ընդհանուր դաշտում, այսինքն՝ համարվեն ԱԱՀ վճարող:
Պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկում էր կատարել լրացումներ, որպեսզի վարչարարական խնդիրը պարզ ձևով լուծվի, որպեսզի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու (վերսկսելու) համար ստեղծվեն հավասար պայմաններ:
ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքը հստակ կանոնակարգում է, որ իր գործունեությունը դադարեցրած, սակայն վերսկսելու մտադրություն ունեցող տնտեսվարողը պետք է կառավարության ներկայացրած ծանուցումը ստանալուց հետո յոթօրյա ժամկետում հարկային մարմիններին ներկայացնի հայտարարություն, թե որ հարկային դաշտում է ցանկանում աշխատել:
Անգամ, եթե տնտեսվարողը ծանուցումը ստանալու պահին բացակայել է երկրից, նա կրկին ունի ժամանակ ծանուցումը ստանալուց հետո տալու այդ հայտարարությունը, թե որ հարկային դաշտում է աշխատելու: «Օրենքի պահանջ է, որ տարվա սկզբից պետք է հայտնի լինի տնտեսվարողի կարգավիճակը, թե որ հարկային դաշտում է աշխատելու՝ անկախ այն բանից` գործունեություն են ծավալում, թե` դադարեցրել են գործունեությունը, և վերջնաժամկետը փետրվարի 20 է»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց Վախթանգ Միրումյանին, թե` իր կարծիքով` «Նաիրիտ»-ը համարվում է աշխատո՞ղ ձեռնարկություն: Վախթանգ Միրումյանը նշեց, որ եթե ձեռնարկությունում կա թեկուզ մեկ վարձու աշխատող, ապա այն չի համարվում չաշխատող ձեռնարկություն:
Թևան Պողոսյանը կրկին հարցրեց, որ Համաշխարհային բանկը հիմա «Նաիրիտ»-ում աուդիտ է անցկացնում, հետևաբար, «Նաիրիտը» աշխատո՞ղ է, թե՞ չաշխատող: «Ես չեմ կարող այսպես հայտարարել` «Նաիրիտը» աշխատում է, թե` ոչ: Հարկային հաշվառման և գործունեության տեսանկյունից չի համարվում, որ չի աշխատում, որովհետև «Նաիրիտ»-ում կան վարձու աշխատողներ, աշխատավարձ են ստանում»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նշեց, որ կառավարության ներկայացուցիչները միշտ գեղեցիկ խոսում ու բացատրում են, սակայն երբ խոսում են տնտեսվարողների հետ, նրանք բողոքում են, և ստացվում է, որ կառավարությունը այլ իրականության մեջ է ապրում:
Վախթանգ Միրումյանը արձագանքեց, որ միգուցե կան հարցեր, որոնցում իրականությունն այլ է, քան պատկերացնում է կառավարությունը, սակայն ինչ վերաբերում է ծանուցման հարցերին, ապա ամեն ինչ հստակ է ու լավ կանոնակարգված:
Միքայել Մելքումյանը հարցրեց իր գործընկեներին, թե ի՞նչ կարծիք ունեն քննարկվող հարցի վերաբերյալ, որովհետև ինքը հեղինակն է այդ օրենքի փոփոխության նախագծի և ցանկանում է լսել իր գործընկերների կարծիքը` վերջնական որոշում կայացնելու համար:
Թևան Պողոսյանը նշեց, որ դրական է վերաբերվում, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը չէր կողմնորոշվում: «Դե, եթե բողոքներ չկան, կարելի է ընդունել, կարելի է նաև չընդունել»,- ասաց նա, ինչը հարուցեց իր գործընկերների ծիծաղը:
Հարցը դրվեց քվեարկության, և միաձայն որոշվեց հարցը մտցնել քառօրյա: