կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 18:03
Առանց Կատեգորիա

Բանակցություններ` զենքի ուժով, կամ ինչո՞ւ է նոր արթնացել ՀՀ ԱԳՆ-ն

Բանակցություններ` զենքի ուժով, կամ ինչո՞ւ է նոր արթնացել ՀՀ ԱԳՆ-ն

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով երեկ գիշերը հակառակորդի իրականացված մասշտաբային դիվերսիոն հարձակումներից, հայկական դիրքերի աննախադեպ քանակով արկակոծումից ու գնդակոծումից հետո, որոնց հետևանքով ԼՂՀ ԶՈՒ-ն մեկ օրվա ընթացքում երեք զոհ և մի քանի վիրավորներ ունեցավ, հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Շփման գծում լարվածության կտրուկ աճը կապելով ԼՂ կարգավորման համատեքստում վաղը Բեռնում կայանալիք` Սարգսյան-Ալիև հանդիպման հետ՝ արտգործնախարարը «խստորեն» դատապարտել է ադրբեջանական կողմի գործողությունները, ապա ավելացրել. «Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով: Չնայած եռանախագահող երկրների՝ ուժի կիրառումը բացառելու բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը գնում է նոր արկածախնդրությունների։ Նման գործողություններով Բաքուն փորձում է շեղել բանակցային գործընթացը խաղաղության հաստատման և հիմնախնդրի կարգավորման նպատակից»: Նալբանդյանը նաև հավելել է, որ հրամայական է դարձել եռանախագահների կողմից առաջարկվող՝ լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի իրականացումը, և հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն այդ ուղղությամբ գործնական քայլեր կձեռնարկեն:

Փաստը, որ Նալբանդյանը բարեհաճել է հայտարարությամբ հանդես գալ, արդեն խոսում է շփման գծում աննախադեպ ծանր, գերլարված իրավիճակի մասին: Փորձը ցույց է տալիս, որ նախկին սրացումների փուլերում ՀՀ արտգործնախարարությունը սովորաբար նախընտրում էր անցնել ընդհատակ: Բայց եթե Նալբանդյանը պետք է «ակտիվանար»` հենց այսպիսի հայտարարություն անելով, ապա գուցե ավելի լավ կլիներ, եթե ընդհատակից դուրս չգար` ընդհանրապես:

Ինչ է, փաստորեն, ասում Էդվարդ Նալբանդյանը: Որ Բաքուն «պատրանք» ունի, թե կարող է «բանակցել զենքի ուժով, և որ փորձում է շեղել բանակցային գործընթացը խաղաղության հաստատման և հիմնախնդրի կարգավորման նպատակից»: Պարոն նախարարին պետք է «զեկուցել», որ Բաքուն ոչ թե պատրանքներ ունի` զենքով բանակցելու հետ կապված, այլ արդեն իսկ բանակցում է զենքով՝ թե\' հայկական կողմին և թե\' համանախագահողներին պարտադրելով իր համար ցանկալի իրականությունը: Իսկ այդ իրականությունն ընդամենը մի քանի շտիխներով է զիջում լայնածավալ պատերազմին: Նախկինում թե\' դիվերսիոն հարձակումները և թե\' ականանետների, նռնականետների և հրթիռահրետանային համակարգերի գործադրումը կրում էին լոկալ բնույթ՝ սահմանագծի այս կամ այն կոնկրետ ուղղությամբ: Մինչդեռ` արդեն երկու շաբաթ է՝ ադրբեջանական զինուժը փաստացի այս ամբողջ արսենալը կիրառում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի ողջ ճակատով: Եվ վաղը Շվեյցարիայի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը Ադրբեջանի թելադրած հենց այս իրականության, այլ ոչ թե պատրանքների ճնշման ներքո է բանակցելու Ալիևի հետ: Հուսալ, թե նման պայմաններում հնարավոր է քննարկել հակամարտության կարգավորման մանրամասները կամ սկզբունքների համաձայնեցման հարցը, առնվազն մանկամտություն է: Ալիևը, գնալով այս արկածախնդրությանը, ուղղակի արդեն ճչում է, որ չի ուզում խոսել անգամ ամենաչնչին զիջման մասին: Իսկ եթե կա քննարկելու ինչ-որ բան, ապա դա բացառապես Հայաստանի կապիտուլյացիայի պայմաններն են:

Որքան էլ Նալբանդյանը դեռ չի ցանկանում տեսնել, Ալիևը ոչ թե «փորձում է» բանակցությունները շեղել «խաղաղության հաստատման և հիմնախնդրի կարգավորման նպատակից», այլ արդեն շեղել է: Ընդ որում՝ այն աստիճան, որ ստիպել է իրեն՝ Նալբանդյանին, հույսը դնել զուտ նրա վրա, որ համանախագահները գոնե կկարողանան Ալիևին համոզել` համաձայնել շփման գծում իրավիճակի վերահսկմանն ուղղված մեխանիզմների ներդրմանը: Նալբանդյանն ինքն է պատրանքների մեջ՝ կարծելով, թե համանախագահները կարող են հաջողության հասնել: Ադրբեջանի արտգործնախարարը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ նման մեխանիզմների կիրառումը համարում է գործող ստատուս քվոն ամրագրելու միջոց, հետևաբար` իրենց համար դրանք անընդունելի են:

Հայտարարելով, թե հայկական կողմի հույսը համանախագահներն են, Նալբանդյանը, կամա, թե ակամա, խոստովանում է, որ Հայաստանն այլևս անելիք չունի, չի կարող ազդել իրավիճակի վրա և ի վիճակի չէ գտնել Ադրբեջանին հրադադարի ռեժիմի պահպանմանը վերադարձնելու բանալին: Այդ դեպքում ի՞նչ ռազմաքաղաքական գործողությունների մասին էր սեպտեմբերին խոսում նախագահ Սերժ Սարգսյանը, կամ ինչո՞ւ էր նոր պայմաններով հրադադարի պայմանագիր ստորագրելու մասին խոսում պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Ընդհանրապես՝ վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ Երևանը սպառել է իր դիվանագիտական ամբողջ ռեսուրսը դեպի անկասելի պատերազմ գնացող իրադրությունը շտկելու ուղղությամբ ու պարզապես չգիտի՝ այլևս ինչ անել: Բաքուն իր խնդիրը լուծելու համար անպտուղ բանակցություններն ուղեկցում է ռազմական ավելի ու ավելի մասշտաբային գործողություններով: Ու բոլորը հասկանում են՝ ինչու է այդպես վարվում: Բայց ոչ ոք արդեն չի հասկանում՝ ի՞նչ է այդ անպտուղ բանակցություններին զուգակցում Հայաստանը` իր լռությո՞ւնը, պարտադրվող նոր  և արյունոտ հարմարվողականությո՞ւնը, սպասողականությո՞ւնը, թե՞ ԱՄՆ կոնգրեսականներն ինչ պատժամիջոցներ են սահմանելու Բաքվի նկատմամբ:

Օրեր առաջ Ադրբեջանը նոտա հղեց ԱՄՆ-ին միայն այն բանի համար, որ ԵԱՀԿ ՄԽ համանախահագող Ջեյմս Ուորլիքը համարձակվել էր Վաշինգտոնում հանդիպում ունենալ ԼՂՀ արտգործնախարար Միրզոյանի հետ: Այդ քայլի նպատակը ներկայումս փաստացի միակ աշխատանք կատարող համանախագահողին «չեզոքացնելը» չէր, առաջին հերթին՝ ԼՂՀ-ի՝ հակամարտության և բանակցային կողմ դիտարկելու` անգամ տեսական հնարավորությունները հօդս ցնդեցնելը: Ու թեև առավել քան տեսանելի է այս նպատակը, Երևանը ծպտուն անգամ չհանեց: Ի՞նչ է՝ եթե վաղը Բաքուն համանախագահներից պահանջի այլևս Ստեփանակերտ ոտք չդնել, Երևանը դրա՞ն էլ մատների արանքով է նայելու: Այն նույն կերպ, ինչպես լռությամբ հետևում էր, թե ինչպես է ԼՂՀ-ն բանակցություններից հեռացնելուց հետո Ադրբեջանը հասնում բոլոր երկրներից, միջազգային կազմակերպություններից իր տարածքային ամբողջականությունը ԼՂ-ով հանդերձ ճանաչել տալուն: Ժամանակին դրսևորած այդ անգործության ու լռության հետևանքներն են հիմա իրենց վրա կրում առկա ստատուս քվոն կյանքի գնով պաշտպանող հայ զինվորները՝ բացարձակապես չհասկանալով, թե ինչի է, ի վերջո, դա հասցնելու:

Գևորգ Աղաբաբյան