կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 19:25
Առանց Կատեգորիա

Վրաստանը՝ ադրբեջանա-թուրքական հակահայկական ավանտյուրայի մե՞ջ

Վրաստանը՝ ադրբեջանա-թուրքական հակահայկական ավանտյուրայի մե՞ջ

Եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում այսօր Թբիլիսում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը` ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով: Փակ դռների ետևում անցկացված հանդիպման բացման ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն ընդգծել է, որ երեք երկրների միջև սկսված համագործակցության նպատակը տարածաշրջանի անվտանգության ամրապնդումն է, իրենց զինված ուժերի պրոֆեսիոնալ պատրաստվածությունը բարձրացնելը, և այն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հավելել է, թե ռազմական ոլորտում երեք երկրների համագործակցությունը տարածաշրջանում կայունության ապահովման լավ մեխանիզմ է:

 

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական գերատեսչությունների միջև այս ձևաչափով համագործակցությունն սկսվել է 2014-ին, երբ օգոստոսին երեք երկրների պաշտպանության նախարարները հանդիպեցին Նախիջևանում, որտեղ որոշակիացվեցին համագործակցության նախնական ուղղությունները: Թե կոնկրետ ռազմական ոլորտին առնչվող ինչ խնդիրների լուծմանն է այն միտված, կողմերն առանձնապես չեն բարձրաձայնում՝ սահմանափակվելով շատ ընդհանրական ձևակերպումներով:

 

Անցած տարի Նախիջևանում կայացած հանդիպման շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան (ով ավելի ուշ հրաժարական տվեց երկրի վարչապետի հետ տարաձայնությունների պատճառով) տեղեկացրել էր, թե եռակողմ համագործակցությունն ուղղված է ռազմական դրության ժամանակ հաղորդակցային ենթակառուցվածքների, նավթի և գազի խողովաշարերի, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև երկաթուղային գծերի պաշտպանության և անվտանգության համատեղ ապահովմանը։ Թբիլիսիում արված որոշ հայտարարություններ թույլ են տալիս կարծելու, որ եթե անգամ նախնական փուլում դրանք են եղել այս ձևաչափն ստեղծելու հիմնական պատճառները, կողմերը ձգտում են ընդլայնել համագործակցության շրջանակները: Համատեղ բրիֆինգի ժամանակ նախարարները հաստատել են, որ հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ռազմական կրթության ոլորտում գործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարն իր գործընկերներին առաջարկել է ամռանը Սաչխերեի դպրոցում անցկացնել երեք երկրների զինծառայողների՝ լեռնային պայմաններում գործելու ուսումնավարժություններ:

 

Բոլոր դեպքերում սա ցույց է տալիս, որ համագործակցությունն առայժմ ավելի շատ տակտիկական, ոլորտային հարթությունում է գտնվում, քան ստրատեգիական: Շեշտը դրվել է նախևառաջ ձևաչափը պահպանելու վրա՝ ժամանակի ընթացքում այն որոշակի ստրատեգիական խնդիրներ պարունակող բովանդակությամբ լցնելու ակնկալիքով: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ չնայած արդեն երկրորդ նմանատիպ հանդիպումն է կայանում, սակայն կողմերը դեռևս ընդհանուր որևէ լուրջ որոշում չեն ընդունել և էական նշանակության փաստաթղթեր չեն ստորագրել՝ համենայն դեպս հրապարակայնորեն: Դժվար է ասել՝ ինչով է սա պայմանավորված: Չի բացառվում, որ ստրատեգիական հարթությունում կողմերի դիրքորոշումների միջև դեռ առկա են էական տարբերություններ, որոնք համաձայնությունների ձեռքբերումը, բացառությամբ, թերևս, բոլորի շահերից բխող էներգետիկ, կոմունիկացիոն հանգույցների անվտանգության ապահովումը, հնարավոր չեն դարձնում:

 

Մյուս կողմից` չի կարելի բացառել, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ցանկանում ժամանակից առաջ ընկնել և նախընտրում են Վրաստանին իրենց ընդհանուր «կոալիցիայի» մեջ ներառել աստիճանաբար: Համենայն դեպս, այն փաստը, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը Թբիլիսիում նշել է, թե իրենց հաջորդ հանդիպումն անցկացվելու է այս տարվա աշնանը Թուրքիայում, վկայում է հանդիպումներին շարունակական և պարբերական բնույթ հաղորդելու` նրանց ցանկության մասին: Ըստ էության` ստացվում է, որ նախարարները կանոնավոր կերպով այս ձևաչափի շրջանակներում հանդիպում են մոտավորապես վեց ամիսը մեկ պարբերականությամբ:  

 

Ադրբեջանի և Թուրքիայի համար Վրաստանին կամաց-կամաց «յուրացնելը» կարևոր նշանակություն ունի հատկապես Հայաստանի շրջափակումն ամբողջացնելու տեսանկյունից: Նրանց արդեն հաջողվել է, օգտագործելով Մոսկվայի և Թբիլիսիի միջև առկա ճգնաժամային հարաբերությունները և աբխազական ու հարավօսական հիմնահարցերը, փակել Ռուսաստանից Գյումրու 102-րդ ռազմակայանին և Հայաստանին ռազմատեխնիկական ու նյութական միջոցներ մատակարարելու ցամաքային կապը, նաև լուրջ խնդիրներ ստեղծել օդային հաղորդակցության համար: Թեև Ռուսաստանը, հանուն իր ռազմաբազայի, գտել է այդ արգելափակումները շրջանցելու տարբերակը, սակայն դա համեմատաբար ավելի թանկ է նստում թե' Մոսկվայի և թե' Երևանի վրա: Գաղտնիք չէ, որ և' Անկարան, և' Բաքուն անթաքույց պայքարում են աբխազական երկաթուղին վերաշահագործելու հնարավորությունը բացառելու ուղղությումբ: Բայց այս ամենից զատ, Անկարան և Բաքուն կարծես փորձում են համագործակցության այս ձևաչափն օգտագործել Վրաստանին ավելի լուրջ հակահայկական ավանտյուրայի մեջ ներքաշելու համար:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը ալիևյան կլանի թերևս ամենահայատյաց և իրականության զգացողությունը կորցրած գործիչներից մեկն է և, կարելի է ասել, ներկայումս հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով լարվածության կտրուկ աճի և դիպուկահարադիվերսիոն ներկայիս լոկալ պատերազմի ճարտարապետը, Թբիլիսիում նախարարների համատեղ ճեպազրույցի ժամանակ Հայաստանին մեղադրել է ոչ միայն Թուրքիայից և Ադրբեջանից, այլ նաև Վրաստանից տարածքային պահանջներ ունենալու մեջ: Նա ավելացրել է, թե Հայաստանն է տարածաշրջանն ապակայունացնող միակ գործոնը, որի ուղղությամբ իրենք շարունակելու են համատեղ աշխատել: Թե ի՞նչ է սա նշանակում, թերևս, հարկ չկա բացատրել:

 

Թբիլիսին առայժմ փորձում է ընդգծված զսպվածություն ցուցաբերել այս հարցում, տուրք չտալ թուրք-ադրբեջանական տանդեմի ակնհայտ պրովոկացիաներին: Բայց այնքանով, որքանով այս ձևաչափը շարունակում է գործել, և Թբիլիսին շարունակում է դրանում ակտիվ դերակատար մնալ՝ թերևս նաև նրանց համատեղ էներգետիկ նախագծերից կախված լինելու պատճառով, նման միտումները որոշակի զգուշավորության առիթ են տալիս: Մնում է հույսը դնել Վրաստանի իշխանությունների ողջախոհության վրա:

 

Գևորգ Դարբինյան