Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը՝ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն ակտիվ գործում է՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի:
Հիշեցնենք, Վալերի Բուայեն ֆրանսիացի քաղաքական գործիչ է, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր և Մարսելի փոխքաղաքապետ: 2011թ Ֆրանսիայի ԱԺ-ն Վալերի Բուայեի առաջարկությամբ ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որն էլ հետագայում ընդունվեց Ֆրանսիայի սենատի կողմից:
Սույն թվականի ապրիլի 2-ին, երբ սկսվեցին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունները ԼՂ հենակետերի ու քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, Վալերի Բուայեն անմիջապես արձագանքեց իր թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում:
Այսպես՝ իր թվիթերյան էջում ֆրանսիացի պատգամավորը գրել էր. «Սիրելիներս, մեր բոլորի մտքերը Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի մեր հայ ընկերների հետ են: Եվս մեկ անգամ քրիստոնյաները ենթարկվում են հարձակման: Լիակատար աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:
Ֆեյսբուքյան էջում Մարսելի փոխքաղաքապետը գրել է . «Լեռնային Ղարաբաղը կրկին ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը: Իրավիճակը ծանր է: Լիակատար աջակցություն ենք հայտնում հայ ժողովրդին եւ Լեռնային Ղարաբաղին»:
Ավելին՝ Վալերի Բուայեն կազմակերպել է բողոքի ցույց Մարսելի քաղաքապետարանի դիմաց, որը մեկնարկելու է երկու ժամից: Բուայեն ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է հայ զինվորների նկարներ և պաստառներ, որոնք կոչ են անում դադարեցնել Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիան:
«Մենք խորհրդարանականներով պետք է հավաքվենք ու պայքարենք, որ ԵԱՀԿ-ն ԼՂ հարցը նորից ընդգրկի բանակցությունների օրակարգում՝ հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու նպատակով»,- կոչ է արել Բուայեն: