կարևոր
586 դիտում, 17 ժամ առաջ - 2025-01-13 21:36
Քաղաքական

Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան

Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան

Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է.

«Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են ֆրանսիական զորքերի դուրս բերմամբ, ըստ էության մեծացնում են հավանականությունը, որ Ֆրանսիան իր առաջ նոր ռազմավարական նպատակներ կդնի։

Ադրբեջանում և Թուրքիայում կարծում են, որ Ֆրանսիայի ձախողումները Աֆրիկայում հանգեցնելու են Ֆրանսիայի չեզոքացմանը գլոբալ պրոցեսներում։

Ավելին, ադրբեջանական ագիտացիան հետևողականորեն առաջ է մղում այն թեզը, որ Ֆրանսիան շուտով իր սեփական խնդիրների մեջ խեղդվելով մոռանալու է թե‘ Հարավային Կովկասը, և թե‘ Ադրբեջանի կողմից իր դեմ վարվող հիբրիդային թշնամական գործողությունները։

Սակայն, իմ խորին համոզմամբ, Ալիևը Ֆրանսիայի հարցում սխալվում է նույնքան, որքան Փաշինյանը Ռուսաստանի հարցում։ Փաշինյանը կարծում էր, որ ուր որէ, Ռուսաստանը կպարտվի և ժամանակն է արագ շրջադարձ կատարել, մի բան, որը կատարյալ հիմարություն էր։

Նույնը և Բաքվի առաջնորդը, ով կարծում է, որ ահա', ուր որէ, Ֆրանսիան որպես գերտերություն կդադարի գոյատևել, բայց իրականությունը կարծում եմ որոշակիորեն այլ է։

Ֆրանսիայի աֆրիկյան ձախորդությունները հնարավոր է, որ ստիպեն Ֆրանսիային նոր ռազմավարական նպատակներ առաջ բերել և ստեղծել նոր ռազմավարական խորություն, հաշվի առնելով աշխարհում թևածող պատերազմների դինամիկան։

Իսկ Ֆրանսիայի ռազմավարական ընտրությունը աֆրիկյան երկրներից կարող է շրջվել դեպի Եվրասիա։ Հիշենք` հենց ինքը, Բժեզինսկին էր ասում, որ ով տիրում է Եվրասիային, նա էլ տիրում է աշխարհին։

Այդ պարագայում, հավանականությունը մեծ է, որ ֆրանսիական «մեծ շախմատի տախտակում» կենտրոնական դեր վերապահվի հենց Հարավային Կովկասին։ Ընդ որում հիշեցնեմ, որ Թուրքիայի համար «մերձավոր ռազմավարական խորությունը» անցնում է Բալկաններով (հատկապես Ալբանիա, Կոսովո), Հարավային Կովկասով (հատկապես Ադրբեջան), Մերձավոր Արևելք (հատկապես Սիրիա, Իրաք)։ Այսինքն Ֆրանսիայի համար այստեղ թեպետ բավականին բարդ մրցակցություն է սպասվում, միաժամանակ հաջողությունն այս տարածաշրջանում կծնի հաջողություն նաև Աֆրիկայում և Ասիայում։

Այսպիսի սցենարի հավանականություն կա, սակայն պետք է նկատի ունենալ, որ Ֆրանսիայի համար տարածաշրջանում հենարան միայն Հայաստանը կարող է լինել։ Հետևաբար, Հայաստանն իր հերթին պետք է հստակ ձևակերպի իր նպատակները, կատարի ռազմավարական պլանավորում և կատարի ռազմավարական ընտրություն։

Ռազմավարական ընտրությունը չի‘ կարող կտրված լինել տարածաշրջանային համատեքստից, տարածաշրջանային լոգիստիկ հնարավորություններին չի‘ կարող հակասել այս րոպեական որոշման համար։

Ռազմավարական ընտրությունը պետք է հիմնված լինի հստակ, գետնի վրա տեսանելի և շոշափելի անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիական երաշխիքներով, հակառակ պարագայում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը»։