կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 11:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձում են ճնշում գործադրել Իշխան Սաղաթելյանի վրա՝ դատելով նրա եղբայրներին․ փաստաբան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի եղբայրներ Նաիրի և Գուրգեն Սաղաթելյանների գործով դատական նիստն այսօր մեկնարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Հերթական շինծու գործերից է՝ քաղաքական հետապնդում պարունակող։ Այս ամենով իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ընդդիմադիր գործիչների և ակտիվ հասարակական գործիչների նկատմամբ։ Այս դեպքում երկու ամբաստանյալները՝ Գուրգեն և Նաիրի Սաղաթելյանները, Իշխան Սաղաթելյանի եղբայրներն են։ Այս ձևով փորձում են ճնշում գործադրել Իշխան Սաղաթելյանի վրա, հերթական շինծու գործն է»,-վստահեցրեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Սաղաթելյաններին վերագրվել է խմբակային խուլիգանության գործ, որն ուղեկցվել է բռնություն գործադրելով, բավականին ծանր հոդված են դրել, և նրանց սպառնում է երկար տարիների քրեական պատասխանատվություն։

«Գործը բավականին երկար տևեց, ընթացքում 2-3 քննիչ փոխվեցին, անհասկանալի պատճառով գործը շարունակվեց, հիմա գործը դատարանում է։ Որևէ էական ապացույց, փաստ չկա, պարզապես կա մի գործ՝ համաձայն որի իբր թե Գուրգեն և Նաիրի Սաղաթելյանները Բաղրամյան պողոտայում խուլիգանություն են արել, հասարակական կարգն են խախտել և ինչ-որ անձի հանդեպ բռնություն են գործադել։ Դա անցած տարի Բաղրամյան փողոցում հանրահավաքների ժամանակ է եղել․ եկել են Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Գուրգեն և Նաիրի Սաղաթելյաններին, նաև մի երրորդ անձի, որը իրենց հետ ընդհանրապես ծանոթ չէ, պարզապես որպես ակտիվիստ այդ տարածքում է եղել։ Ու մեկնաբանել են, որ բերել են 3 հոգի, ուրեմն դա խումբ է, և բավականին ծանր հոդված են դրել»,-ասաց փաստաբանը։

Ում հանդեպ բռնությունը գործադրվել է՝ Նաիրին ու Գուրգենը չեն ճանաչում՝ վստահեցրեց փաստաբանը, պարզապես այնտեղ սադրանք է եղել, ու այդ սադրանքից հետո նրանց բերման են ենթարկել, բայց իրենք տեղյակ չեն ինչ է կատարվում։

Զուգահեռ մեկ այլ դատարանում նյութեր են նախապատրաստվում, որ Գուրգեն Սաղաթելյանն, իբրև թե, այդ նույն ժամանակ այլ տեղ էլ է խուլիգանություն արել։ Ակնհայտ է, որ բայց մարդը չի կարող նույն ժամին երկու տարբեր տարածքում լինել, այնպես որ, փաստաբանը վստահ է, որ փորձում են գործ սարքել։

Մանրամասն՝ տեսանյութում․