կարևոր
850 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-05 21:24
Քաղաքական

Դատելով կապիտուլյանտների վարած «քաղաքականությունից»՝ Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության հարցը. Արտակ Զաքարյան

Դատելով կապիտուլյանտների վարած «քաղաքականությունից»՝ Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության հարցը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար​ Արտակ Զաքարյանը գրում է.

«Եթե հավատանք GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության, այսօր հրապարակած սոցհարցման արդյունքներին՝ Հայաստանի բնակչության 76.2% կարծիքով՝ թիվ մեկ խնդիրը անվտանգության և սահմանային հարցերն են:  Իսկ հարցվածների 64.6%-ը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հավանականությանը:

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում գրեթե բոլորը ձգտում են երկարատև խաղաղության և դա բնական է: Սակայն, ա՛յն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հետ վերջին վեց տարիներին, որևէ հիմք չի տալիս մեր քաղաքացիներին, հավատալ Նիկոլի կառավարության կողմից քարոզվող կեղծ խաղաղության և անվտանգության գաղափարին: Առավել ևս աշխարհում և մեր անմիջական սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները՝ մեղմ ասած, հավատ չեն ներշնչում ո՛չ կայուն խաղաղության, ոչ էլ գլոբալ անվտանգության տեսանկյունից:

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, առկա խնդիրների կողքին՝ անվտանգության, սահմանային իրավիճակի և խաղաղության հաստատման հարցերը երբեք նկատելի անհանգստություն չեն պատճառել մեր ժողովրդին: Այն ժամանակ մարդիկ մտածում էին, որ առկա հակամարտության լուծումը պետք է լիներ խաղաղ բանակցային ճանապարհով՝ բացառապես հայ ժողովրդի շահերը հաշվի առնելու և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

Այժմ Արցախը հանձնելու, տարածքները օկուպացնելու, անգամ ազգային օրակարգերից հրաժարվելու գնով խաղաղություն մուրալու պարագայում՝ խաղաղության և անվտանգության հարցը դարձել է մեր հասարակության գլխավոր խնդիրը:

Դատելով կապիտուլյանտների կողմից վարվող «քաղաքականությունից», այսպես շարունակելու դեպքում, ապագայում ևս Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության և կայուն խաղաղության հարցը: Դա նկատելի է ինչպես Ադրբեջանի սպառազինության ծավալներից, այնպես էլ Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցող և սպասվող կոնֆլիկտային իրադարձություններից:

Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություններ»: