կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 16:07
Սպորտ

Խի, ադրբեջանցի մարզիկը պիտի աչոտ տա՞. սամբոյի ֆեդերացիայի նախագահի զավեշտալի հայտարարությունները

Խի, ադրբեջանցի մարզիկը պիտի աչոտ տա՞. սամբոյի ֆեդերացիայի նախագահի զավեշտալի հայտարարությունները

Արդեն հայտնել ենք, որ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի գավաթը նվաճած Աշոտ Դանիելյանի պարգևատրության արարողության ժամանակ` Հայաստանի օրհենրգը հնչելու պահին, 3-րդ տեղը գրաված ադրբեջանցի մարզիկը կքանստել է: Այս առիթով Yerkir.am-ը զրուցեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի հետ:

 

-«Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանցի մարզիկի նման վարքը» հարցին, նա պատասխանեց. «Մեկնաբանելու կարիք անգամ չկա: Դա իրենց իրավունքն է: Ինչո՞ւ ենք մենք մեծ ուշադրություն դարձնում նման բաներին, չգիտեմ: Ես տրիբունայում էի և այնքան էի տարված մեր հիմնով ու դրոշով, ուրախության և ապրումների մեջ նայում էի Աշոտ Դանիելյանին, որ անգամ ուշադրություն չէի դարձրել: Իհարկե, նկատեցի, որ մարզիկը կքանստած է, բայց իմ մտքով էլ չանցավ, որ ադրբեջանցի է: Արտառոց ոչինչ չկա, նույն կերպ կարող էր վարվել և հայ մարզիկը: Եթե մենք համարում ենք, որ նրանք մեզ թշնամի են, և նրանք էլ մեզ են նույն կերպ ընդունում, ապա կարելի է ենթադրել, որ կարող էր և հայ մարզիկն այդպես վարվել: Ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Մենք չենք կարող ինչ-որ մեկից պահանջել, որ սիրեն մեզ: Միջազգային սպորտում մենք պետք է զիջումների գնանք և հասնենք փոխադարձ հարգանքի»:

 

Իսկ հարցին, թե ադրբեջանցի մարզի՞կն ինչպես է մեկնաբանել իր վարքը, Հայրապետյանը պատասխանեց. «Խի, պիտի աչոտ տա՞»: Ըստ մեր զրուցակցի` նա մոտեցել է Աշոտին, ներողություն խնդրել ու ասել, որ չէր ուզում էկրանին երևալ: «Նույն մարզիկն ինձ էլ է մոտեցել` իր մարզիչի հետ, և ես ասել եմ` ոչ մի արտառոց բան չկա»,- ասաց Հայրապետյանը:

 

Հետաքրքվեցինք` Հայաստանի սամբոյի ֆեդերացիան բողոք կներկայացնի՞ միջազգային ֆեդերացիային: «Չեմ պատրաստվում բողոք ներկայացնել միջազգային ֆեդերացիա: Ես դեմ եմ նման բաներին: Մեր կանոնակարգում նման բան չկա: Կա էթիկայի հանձնաժողով: Մեր ֆեդերացիան կարող է գրավոր բողոք ներկայացնել, որից հետո պետք է քննարկեն և պատասխանեն: Բայց մենք դրա կարիքը չունենք: Բողոքելու ոչինչ չկա: Հնարավոր է` այդ պահին ադրբեջանցու փորը ցավել է: Ադրբեջանի դեսպանի տեղակալն ինձ մոտեցավ և ասաց, որ աշխատանք կտանի այդ մարզիկի հետ: Առանց խոսքի մենք հասկացել ենք իրար: Դեպք է, պատահել է,- ասաց Հայրապետյանը:

 

Խոսելով Բաքվի Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին` նա նշեց. «Չեղած տեղից պետք է խնդիրնե՞ր ստեղծենք: Մեզ ավելորդ խնդիրներ պետք չեն: Թեկուզև պատերազմի մեջ ենք այդ երկրի հետ, բայց պետք է ձգտենք խաղաղության, որ օրեցօր մեր հարաբերությունները լավանան: Դրա համար ամենահարմար միջոցը սպորտն է»: