Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած կիրակի ԼՂՀ պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանը՝ զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում: Ավելի ուշ այդ փաստը հաստատեց նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ հրապարակելով երկու տեսանյութ, որոնցից մեկում ցուցադրվում էր հայ զինծառայողի՝ սպիտակ կտորը ձեռքին ադրբեջանական կողմին հանձնվելու պահը, իսկ մյուսում`պատառիկներ նրա հարցաքննությունից, որի ընթացքում զինծառայողն իբր պատմում էր, որ իրեն ծեծի են ենթարկել, որ չի ցանկանում անիմաստ կռվել, որ, բացի իրենից, Ադրբեջանին հանձնվելու մտադրություն է ունեցել առնվազն ևս մեկ հայ զինծառայող:
Այն արձագանքը, որ հետևեց հայ զինծառայողի դասալքությանը և Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տեսանյութերի տարածմանը, ոչ միայն ավելի քան սիրողական մակարդակի էր ու ոչ պրոֆեսիոնալ, այլև, հանգամանքների ներկայացման հիմնավորվածության առումով, կասկածահարույց:
Նախ՝ ԼՂՀ ՊԲ-ի կողմից դասալքության մասին տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարծիք հայտնեց, թե ադրբեջանցիները հիմա կսկսեն դիրքերը լքած հայ զինծառայողից մինչև ատամները զինված և միայնակ իրենց վրա հարձակված Ռեմբոյի կերպար ստեղծել: Ամենայն հավանականությամբ, հենց այս կանխակալ համոզմունքով ԼՂՀ ՊԲ-ն կատարվածն անմիջապես դասալքություն որակեց և այդ հոդվածով քրեական գործ հարուցվեց, որի նպատակը Ադրբեջանի կողմից Անդրանիկին դիվերսանտ ներկանացնելու հնարավորությունը չեզոքացնելն էր:
Մինչդեռ` Ադրբեջանի ՊՆ-ն գործեց բացարձակապես այլ մարտավարությամբ՝ հայ զինծառայողին ներկայացնելով որպես հայկական բանակում տիրող` իբր գերխայտառառակ սոցիալ-հոգեբանական վիճակի զոհ, իբր հայ զինծառայողների վիճակն այնքան օրհասական է, որ փրկությունը տեսնում են հակառակորդին հանձնվելու մեջ: Խնդիրը տվյալ դեպքում ադրբեջանցիների քարզչական մարտավարության հարցում սխալ կանխատեսումները չէին, այլ ակնհայտ շտապողականությունը, այսպես ասած՝ սայլը եզներից առաջ դնելու հանգամանքը: Առնվազն տարօրինակ էր, որ դիրքում զինծառայողին չհայտնաբերելուց անմիջապես հետո, դեռ, փաստորեն, պատճառները բացահայտելուն ուղղված հետաքննությունը չսկսած, պաշտոնապես հաստատվեց հենց դասալքության վարկածը, մինչդեռ բոլորովին բացառված չէր, որ նրան կարող էին ուղղակի առևանգած լինել:
Անգամ եթե տղան իսկապես ինքնակամ լքել է մարտական հենակետը և հանձնվել հակառակորդին, ամենապարզ տրամաբանությունը հուշում էր, որ անհրաժեշտ էր փաստն արձանագրելուց հետո, մեկնաբանություններ անելուց ու որակումներ տալուց առաջ սպասել՝ հասկանալու համար հակառակորդի մտադրությունները: Մինչդեռ` այդ սխալից հետո ԼՂՀ ՊԲ-ն թույլ տվեց նաև ուղղակի կոպտագույն երկրորդ սխալը՝ շտապելով վերոնշյալ տեսանյութերի հրապարակման մասին հանդես գալ բովանդակային իմաստով չափազանց խոցելի պաշտոնական մեկնաբանությամբ:
Նախ՝ նշելով, թե ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված՝ հայ զինծառայողի ինքնահանձնման մասին տեսանյութը միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտում է, ՊԲ-ն, այնուամենայնիվ, այդ խախտումը հիմնավորող որևէ նորմ այդպես էլ չվկայակոչեց: Դրա փոխարեն ընդամենը գրեց, թե տեսանյութը ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքն է, քանի որ հակառակորդի կողմն անցնելու պահը ամբողջությամբ բեմադրված է: Թե ինչո՞ւ է հայկական կողմը համոզված, որ բեմադրված է, այն դեպքում, երբ իրենք են հաստատում հայ զինծառայողի՝ դասալիք լինելու հանգամանքը, ուղղակի մնում է զարմանալ: Որպեսզի այս անհեթեթություննը առանձնապես աչքի չզարնի, ԼՂՀ ՊԲ-ն անում է հաջորդ աբսուրդային քայլը՝ գրելով, թե՝ «դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն, ինչպես կանոն, իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել»: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է ՊԲ-ն եզրակացրել, որ ադրբեջանցի դիրքապահներն այդ պահին դիրքերում չեն եղել: Եթե չեն եղել, ապա ինչո՞ւ այդ դիրքերը չէին վերցվում մեր կողմից՝ թեկուզ որպես դրանից ընդամենը երկու օր առաջ տեղի ունեցած՝ հայկական կողմին 3 զինծառայողի կյանք խլած դիվերսիոն հարձակման պատասխան: Եթե այնտեղ մարդ չի եղել, ապա հայ դիրքապահներին ոչինչ չպետք է խանգարեր շտապել դիրքերը լքած զինծառայողին ետ վերադարձնել: Եթե դա չի արվել, ապա կարո՞ղ է այդ հաղորդագրության տեքստն ընթերցող սովորական քաղաքացին եզրակացնել, որ այդ պահին հենց հայ դիրքապահները կա'մ տեղում չեն եղել, կա'մ առնվազն ուշադիր չեն եղել՝ ոչ միայն նկատելու, թե ինչպես է զինծառայողը լքում դիրքը, այլև ինչպես է աչք ծակող սպիտակ կտորը ձեռքին առնվազն մի քանի հարյուր մետր շարժվում դեպի հակառակորդի` իբր լրիվ դատարկ, «անմարդաբնակ» դիրքերը:
Փորձելով էլ ավելի համոզիչ դարձնել նկարահանման բեմականացվածությունը, որը, իսկապես կարող է և այդպիսին լինել, բերվում է հաջորդ «փաստարկը»` իբր այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ, որովհետև մեր դիրքապահներն անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին: Նախ՝ եթե մեր դիրքապահները չեն տեսել՝ ինչպես է իրենց ծառայակիցը հեռանում իր հենակետից ու առաջ շարժվում դեպի հակառակորդը, ապա միանգամայն տրամաբանական է, որ չէին տեսնելու նաև, թե ինչպես է կատարվում այդ նկարահանումը: Երկրորդ՝ մինչ այս հայկական քարոզչամեքենան հրապարակում էր կադրեր, որոնցում ադրբեջանցի զինծառայողները հանգիստ, առանց որևէ վախի կանգնում են խրամատներում, զրուցում: Տեղեկություններ էին հրապարակվում այն մասին, թե ինչպես է հայ զինվորը հանգիստ հետևում իր դիմաց հակառակորդի կողմից խրամատներ, բլիդաժներ փորող հակառակորդին: Եվ այդ ամենն արվում էր՝ ձևավորելու համար այն կարծիքը, թե խաղաղասեր հայկական զինուժը կրակում է միայն իր նկատմամբ ագրեսիա դրսևորող, իր վրա կրակող հակառակորդին: Եվ խոսելով նկարահանողներին խոցելու մասին` ՊԲ-ն առնվազն տարակուսանք է առաջացնում՝ հիմա մերոնք կրակո՞ւմ են խրամատից գլուխները հանողների վրա, թե՞ ոչ:
Նման շտապողականությունը, քարոզչական անհետևողականությունը, որոնք պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակի վկայություն են, մշտապես բնութագրական է եղել ադրբեջանական քարոզչամեքենային՝ հարուցելով թե' մեր և թե' երբեմն միջազգային հանրության ծիծաղը: Պարզվում է, ահա, որ մասնավորապես ԼՂՀ ՊԲ-ն այս առումով, մեղմ ասած, դեռ բավականին սովորելու բան ունի:
Չնայած այս դեպքի պատճառների, հանգամանքների մասով առկա` աչք ծակող հարցադրումներին՝ ԼՂՀ ՊԲ-ն ողջ ուշադրությունը սևեռել է ադրբեջանական քարոզչության վրա՝ մոռանալով, որ թե' ԼՂՀ-ում և թե' Հայաստանում առաջին հերթին հայ հասարակությունն է պատասխանների սպասում: Ի վերջո, ի՞նչն է դրդել պայմանագրային զինծառայողին դիմելու այդ ծայրահեղ քայլին, որքանո՞վ են իրականությանը համապատասխանում նրա՝ հոգեկան կամ հոգեբանական շեղումներ ունենալու մասին տեղեկությունները, գործ ունենք իսկապե՞ս դասալքության հետ, թե՞ այլ բանի:
Այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները երբեմն աչք են փակում որոշ իրողությունների վրա՝ ելնելով տեղեկատվական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, չպետք է ընկալվի որպես քարոզչական ապաշնորհությունը շարունակելու կամ արդարացնելու ծխածածկույթ: Այս իմաստով որքան անհասկանալի է ԼՂՀ ՊԲ-ի տեղեկատվական առավել քան խոցելի, երբեմն նաև ուղղակի փակ քաղաքականությունը, նույնքան անհասկանալի է այդ իրողության նկատմամբ աչք փակելու՝ ՀՀ ՊՆ-ի կեցվածքը:
Գևորգ Աղաբաբյան