Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին մի հրաշալի բան տեղի ունեցավ` ամբողջ ժողովուրդը համախմբվեց` առանց կոչերի, քարոզների, դասալքության ոչ մի դեպք չգրանցվեց. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նրա ներկայացմամբ` պատերազմը ողբերգություն է ամեն պարագայում, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդների, որոնք կարող էին ապրել ու արարել:
«Հիմա պետք է հասկանանք` ինչքանո՞վ ենք կարողանում երկիրը կառուցել տաբուներից դուրս, որովհետև եթե դու մեկի մասին մտածում ես` որպես հավերժական թշնամու, այդկերպ միայն զինաթափվում ես: Մենք պետք է մտածենք միայն հավերժական հայրենիքի մասին` տնտեսապես, գիտությամբ զարգացած հայրենիքի մասին: Ամենակարևորը հիմա դասեր քաղելն է և որոշելը` ինչ երկիր ենք ուզում կառուցել, որովհետև ժողովուրդն ապացուցեց` կարող ենք համախմբվել»,- ասաց Բաբայանը:
Հիմա, ըստ նրա, պետք է ճիշտ գաղափարներ ընտրել, որպեսզի ժողովուրդը դրանց շուրջ համախմբվի: «Մենք մեր գաղափարների տկարությունը ջարդում են ժողովրդի գլխին և ասում, թե չեն ընդունում մեր գաղափարները, բայց, կներեք, մեր գաղափարներն են սին, ուղղված «յոլա տանելուն»: Համակարգային փոփոխության խնդիր կա այստեղ, քանի որ համակարգն է հնարավորություն տալիս, որպեսզի տգետ մարդիկ զբաղեցնեն համապատասխան տեղը: Չի կարելի մշտապես հույսը դնել հայրենասիրության վրա»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` ժողովրդավարական երկրներում հասկանում են, որ ժողովուրդն է լավագույն գաղափարները ծնում, իսկ պետությանը մնում է միայն կարգավորել դրանք: Նույնն էլ, Բաբայանի կարծիքով, պետք է արվի այս օրերին Արցախին, զինվորականներին և նրանց ընտանիքներին տրվող օգնության հետ: «Պետությունը պետք է կարգավորի ամեն ինչ, որպեսզի ամեն մի ծաղրածու չհայտնվի մեջտեղում և դափնիներն իր վրա վերցնի: Պետք է հստակեցնել` օգնությունն ու մուրացկանությունը տարբեր բաներ են: Սակայն, մյուս կողմից, պետությունը նախ պետք է շահի ժողովրդի վստահությունը, որպեսզի կարողանա կարգավորել այս ամենը»,- ասաց նա: