կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-23 14:39
Առանց Կատեգորիա

Ադրբեջան անցած տղան հետաձգեց Ադրբեջանի կործանումը

Ադրբեջան անցած տղան հետաձգեց Ադրբեջանի կործանումը

Այն ժամանակ, երբ Հայաստանում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ ավելի հաճախ` նրանց մեծապատիվ օգնականները հանդես էին գալիս խրոխտ հայրենասիրական ճառերով` «Ադրբեջանը պետք է կործանվի», հայ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ինքնակամ լքեց իր մարտական հենակետը` այնտեղ թողնելով իրեն կցված զենքն ու զինամթերքը եւ անզեն անցավ Ադրբեջանի կողմը: Հասկանալի է` ոչ թե Ադրբեջանը ոչնչացնելու, այլ Ադրբեջանին հանձնվելու համար:

 

Մենք չգիտենք Անդրանիկի այս արարքի իրական դրդապատճառները, բայց ինչպիսին էլ լինեն դրանք, Անդրանիկի այս արարքը, կարծում ենք, արդարացում չունի (եթե, իհարկե, չպարզվի հանկարծ, որ տղան, օրինակ, լուրջ հոգեկան խնդիրներ է ունեցել):

 

Իսկ ի՞նչ է ասում ՊՆ-ն: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «…արարքը մեկնաբանելու չէ: Սակայն կարծում ենք ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»: Այսքանը, այսինքն` ՀՀ ՊՆ-ն ոչինչ չունի ասելու, թե ինչո՞ւ է իր զինվորը, մեր զինվորը ինքնակամ լքում խրամատն ու հանձնվում թշնամուն, բայց գիտի, թե ինչ պետք է ասի թշնամին:

 

Պարզվում է, սակայն, այդքան էլ լավ չգիտի: Մասնավորաբար` ադրբեջանական մի շարք կայքեր, անմիջապես արձագանքելով իրադարձությանը, գրել են ոչ այն, ինչը պետք է գրեին, դե` Ռեմբոյի մասին... Այսինքն` Անդրանիկը Ադրբեջանում է, եւ այնտեղ է հայտնվել լրիվ անզեն` հանձնվելու նպատակով: Ավելին` ադրբեջանական աղբյուրները նշել են նաեւ, որ հայ զինվորն ինքնակամ հանձնվել է Ադրբեջանին, քանի որ վախեցել է, եւ գիտե՞ք` ինչից, այն բանից, որ օրերս տեղի ունեցած փոքր մարտի ժամանակ հայկական կողմը, ըստ ադրբեջանցիների, տվել է ավելի քան 20 զոհ…

 

Մենք, անշուշտ, այս վերջին պնդում-հիմնավորմանը չենք հավատում, չենք էլ հավատալու, ինչպես միշտ ենք արել եւ միշտ ենք անելու: Մեր խնդիրն այլ է, եւ այն մեր մեջ է. ինչո՞ւ ՀՀ ՊՆ պաշտոնապես չի մեկնաբանում դասալքությունը, անգամ` դավաճանությունը: Գուցե ՀՀ ՊՆ-ն դա պաշտոնապես չի կարող անել, որովհետեւ Անդրանիկը ծառայությունն իրականացրել է ոչ թե իր, այլ ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության տակ: Այդ պարագայում ՊՆ-ն ինչո՞ւ հենց այդպես էլ չի հայտարարում, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել, քանի որ ինքը չի տիրապետում մանրամասնություններին:

 

Իսկ ինչո՞ւ է լռում ԼՂՀ ՊԲ-ն: Սա մի հարց է, որի պատասխանը քչերը գիտենք, գոնե մենք՝ ոչ:  Գուցե Անդրանիկը հոգեկան խնդիրներ ունի: Այսինքն` ՀՀ ՊՆ կամ ԼՂՀ ՊԲ-ն կարող են հայտարարել, որ տվյալ զինվորը հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունի, թեեւ այդ պարագայում ինչո՞ւ են նրան մարտական հենակետ տարել եւ մեր անվտանգությունը վստահել:

 

Այս ամենը մենք ինքնե՞րս պետք է վերլուծենք ու եզրահանգումների գանք, ու շատ հավանական է, որ այդ վերլուծականներում սխալ գտնվենք: Բայց մեկն ու մեկը պե՞տք է խոսի: Իրականում, հարգարժա'ն սպաներ Հայոց բանակի, լինեք ՀՀ ՊՆ-ի, թե ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության ներքո, տեղի ունեցածը կոչվում է դավաճանություն /եթե հոգեկան խանգարման արդյունք չէ, չնայած այդ պարագայում դավաճանը մեր սահմանը հոգեկան խանգարվածին վստահողն է/, եւ դուք այդ դավաճանության մասին, փաստորեն, չեք խոսում, ոչինչ չեք ուզում մեկնաբանել, այն էլ հիմա, երբ «Ադրբեջանն ուզում ենք կործանել» …

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ