Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե մեղադրական եզրակացության մեջ նշել են, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում է գործադրվել, պետք է պարզեն, թե ո՞ր դատավորի նկատմամբ է ճնշում եղել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ դատավարության ժամանակ։
«Այս աստիճան վերացական ու անորակ մեղադրանք գոնե այս մասով երեւի թե դժվար է պատկերացնել: Գործը եկել հասել է այս փուլին: ՍԴ անդամները դատակոչված չեն, ոչ միայն մանրամասնած չէ, թե ում նկատի ունեն: Մենք էլ միջնորդում ենք, ասում ենք՝ դատակոչենք, ասում են՝ պատճառաբանված չի միջնորդությունը, թողնենք առանց քննության»,-ասաց նա։
Բանն այն է, որ նախորդ նիստում Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել՝ դատարան կանչել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ՍԴ անդամների,ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Սամվել Մայրապետյանին:
Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդել էր դատակոչել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին:
Իսկ Խաչատուրովի պաշտպանը՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին, Վահագն Հարությունյանին։
Այսօրվա նիստում դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ այս միջնորդությունները բավարարվել չեն կարող, դատարանը պետք է դրանք թողնի առանց քննության՝ ոչ ժամանակին ներկայացված լինելու հիմքով:
Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց. «Հետաքրքիր է, թե, ասենք, Հայկ Ալումյանն ինչպե՞ս է նայում Միքայել Հարությունյանի՝ որպես վկա հարցաքննվելու անհրաժեշտությանը, եթե անձը այդ գործով հանդիսանում է մեղադրյալ եւ նույն գործի շրջանակում գտնվում է հետախուզման մեջ: Նույնը վերաբերում է Գեւորգ Կոստանյանին, Վահագն Հարությունյանին եւ այլ հետախուզվողներին»:
Սեդա Սաֆարյանը նշեց, որ Հայկ Ալումյանի միջնորդությունը ժամանակավրեպ է, դեռեւս ապացույցների հետազոտում չի կատարվել, դժվար է ասել, թե ինչ ծավալի քննություն պետք է տարվի:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անընդունելի համարեց հարցաքննության հրավիրել ԱԺ պատգամավորներին, մասնավորապես, Արմեն Ռուստամյանին, քանի որ դրանով փորձ է արվում ակնկալել իրավամեկնաբանության հարցեր, իսկ իրավունքի նորմերի մեկնաբանության մեջ բոլորը գիտեն ինչ դեր կունենա նախագծի հեղինակը․ «Նշված անձինք չեն կարող դատարանին հայտնել այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են գործով ապացուցման առարկային, հետեւաբար նրանք չեն կարող հարցաքննվել: Գործով ապացուցման առարկան իրավամեկնաբանության հարցեր են»:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց պաշտպանական կողմի՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը եւ նշեց, որ դրանց կանդրադառնա դատաքննությունը լրացնելու միջնորդությունների փուլում։
Նրա խոսքով, միջնորդությունների լուծումը հնարավոր է մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները դատարանում հետազոտելուց հետո։
Դատարանն արձանագրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանը հստակ չի մատնանշել այն հանգամանքները, որոնց բացահայտման համար իր կարծիքով անհրաժեշտ է դատարան հրավիրել միջնորդությունում նշված անձանց, ինչը համապատասխան միջնորդություն ներկայացնող անձի պարտավորությունն է։
Հայկ Ալումյանի միջնորդության մասին դատարանը նշեց, որ թեև պաշտպանը պատճառաբանել է այն, սակայն դարձյալ մեղադրանքի համապատասխան մասին վերաբերող ապացույցները հետազոտելուց հետո միայն դատարանը կարող է հետեւության հանգել՝ Ալումյանի մատնանշած հանգամանքները պարզելու համար անհրաժե՞շտ են լրացուցիչ ապացույցներ, թե՞ ոչ:
Մանրամասն՝ տեսանյութում․