կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-17 14:09
Հասարակություն

Եթե չեմ վիրավորվել կամ տանկ խոցել, ուրեմն՝ պատերազմի մասնակի՞ց չեմ. բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ

Եթե չեմ վիրավորվել կամ տանկ խոցել, ուրեմն՝ պատերազմի մասնակի՞ց չեմ. բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ

Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներն այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ իրենց բողոքն արտահայտելու: Նրանք նշում են, որ իրենց զինգրքույկներում պատերազմին մասնակցելու մասին որևէ գրություն չկա:

Սամվել Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ապրիլյան պատերազմի օրերին ծառայել է Հադրութի զորամասում՝ 1 տարվա զինծառայող է եղել: Նրա խոսքով՝ իր զինգրքույկում նշված է միայն, որ մարտական հերթապահություն է իրականացրել, այլ ոչ թե` ապրիլյան պատերազմին մասնակցել:

«Ասում են՝ քանի որ մեր զորամասում զոհեր և դիրքերի կորուստ չի եղել, ուստի այն  ընդհանրապես չեն համարել պատերազմի գործողություններին մասնակից զորամաս: Մեզ համար առավելությունն այդքան էլ կարևոր չէ, կարևորն արդարությունն է՝ եթե մասնակցել ենք, ինչո՞ւ չպետք է նշվի: Ինչպես կարող էր մեր զորամասը պատերազմական գործողություններին չմասնակցել, եթե առաջնագծի ողջ երկայնքով էին ընթանում մարտական գործողությունները, ինչպես և հայտարարվել էր այդ օրերին: Մեր զորամասում վիրավորներ ունեցել ենք, բայց զոհեր չենք ունեցել»,-  ասում է Մանուկյանը:

Նա այդպես էլ չի հասկանում, թե ինչպես են որոշում՝ ով է ապրիլյանի մասնակից համարվում, ով՝ ոչ: Մանուկյանի խոսքով՝ նույնիսկ այն դիրքերում, ուր թեժ մարտեր են եղել, ու ամբողջ զորակազմը զոհվել է, իսկ հարևանությամբ գտնվող դիրքը, որտեղ ոչ ոք չի զոհվել, դարձյալ չեն համարում քառօրյային մասնակից: «Հիմա պատերազմի մասնակի՞ց է նա, ով վիրավորվել է կամ տանկ է խոցել, իսկ մեկ ուրիշը, ով 10 կմ խրամատ է փորել, այլ գործողություններ արել, չի՞ համարվում մասնակից: Մեր զորամասում հակառակորդի շատ ուժեղ հրետանի է աշխատել, և շատ հնարավոր էր, որ ես էլ վիրավորվեի: Չէ՞ որ ապրիլյանի մասնակիցները մեր բանակի ներուժն են, և պետք է այդ պոտենցիալը ճիշտ օգտագործեն ու գնահատեն: Եթե այսօր չեն գնահատվում, հետո էլ չեն գնահատելու, բայց, միևնույն է, մենք էլի պատրաստ ենք մեր երկրի համար կռվելու: Ցավն այն է, որ ինձ հետ ծառայած 10 տղաներից 7-8-ն այսօր Հայաստանում չեն: Ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է մեր պայմանները չլինեին այնպիսին, ինչո՞ւ չպետք է արդարություն չլիներ, որ նրանք էլ չհեռանային երկրից»:

Մանուկյանը նշեց նաև, որ քանիցս դիմել են նաև  պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, հանդիպել նրա հետ, բայց խնդրին լուծում չի տրվել: «Հիմա ուզում ենք, որ նոր իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվի այս խնդրով, և արդարությունը վերականգնվի: Ուզում ենք, որ հարցին վերջնական լուծում տրվի: Երբ պատերազմը սկսվեց, հայտարարեցին, որ պաշտպանության բանակի շփման գծի ամբողջ երկայնքով պատերազմական գործողություններ են, իսկ այսօր ասում են՝ այսինչ զորամասում չի եղել, այսինչում է եղել»,- ասաց նա:

Ապրիլյանի մասնակից մեկ այլ երիտասարդ՝ Գևորգ Գրիգորյանը, նշեց, որ թեև նախորդ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ քառօրյայի մասնակիցները կունենան առավելություններ՝ կրթության, առողջապահության ոլորտում զեղչեր, բայց դրանք կյանքի չկոչվեցին: «Երբ առաջին զորակոչի տղաները զորացրվեցին, տեսան, որ շատ է ապրիլյանի մասնակիցների թիվն ու հասկացան, որ շատ գումարներ են տրվելու, դրա համար սկսեցին շատերի գրքույկում ուղղակի չնշել, որ պատերազմի մասնակից են: Իսկ գրքույկները, որոնք հետ էին ուղարկում զորամաս, իմ կարծիքով, ցուցում էր տրվել դրանցում նշում չկատարել: Եթե իմ զինգրքույկում նշված է, որ 2016-ին ապրիլից մինչև հունիս ես եղել եմ առաջնագծում, ինչպե՞ս կարող եմ մարտական գործողություններին մասնակցած չլինեմ: Եթե դու գտնվում ես առաջնագծում, անհնար է, որ չմասնակցես, այլ բան է, որ յուրաքանչյուրը տարբեր ներդրում է ունեցել»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իրենց հերոսի կոչում պետք չէ, ուղղակի արդար վերաբերմունք ու հավասար մոտեցում են ուզում: Գրիգորյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր էլ կա. բուհերը տարեցտարի բարձրացնում են ՄՈԳ-ի շեմը, իսկ ապրիլյանի տղաները, երբ վերադառնում են, բնականաբար, աշխատանքի կարիք էլ են ունենում: «Բուհերի ՄՈԳ-ի շեմը 9-ից դարձել է 11, և եթե դու չես ձգտում 11-ի, զեղչ չի էլ արվում: Այո, մենք ձգտում ենք սովորել, բայց, աշխատելուն զուգահեռ, դժվար է շատ բարձր գնահատականներ ստանալ: Խնդրի հետ կապված՝ փորձել ենք հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, բայց մեզ չի տրվել նման հնարավորություն»,- ասաց նա:

Պայմանագրային զինծառայող, ապրիլյան պատերազմին կամավոր առաջնագիծ մեկնած Սասուն Մարգարյանն էլ նշեց, որ եկել է կառավարության շենքի մոտ, որպեսզի իր ընկերներին աջակցի: Նրա խոսքով՝ տղաները, որ անցել են պատերազմի միջով, պետք է իրենց փորձը փոխանցեն մյուսներին, դրա համար էլ պետք է պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրացնեն, որ մյուսներն էլ փորձեն պայմանագրային զինծառայության զորակոչվել: «Պայմանագրային զինծառայողներից շատերը դուրս են գալիս ու գնում արտագնա աշխատանքի: Մեզնից 58 000 դրամ եկամտահարկ են պահում, և չեմ կարծում, որ զինծառայողներից ճիշտ է պահել եկամտահարկ, քանի որ մեծ գումար է այն կազմում: Այս տղաներին պետք է աշխատանքով բավարարեն՝ ընդգրկելով ուժային կառույցներով»,- ասաց Մարգարյանը: