Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ չէր ուզենա, որ Հայաստանն անցում կատարեր խորհրդարանական համակարգին:
«Ընդհանրապես, խորհրդարանական համակարգը ընդունելի չէ պատերազմող երկրների համար: Եթե գնայինք ԵՄ, այնտեղ կարող էինք նաև խորհրդարանական համակարգի անցնել, բայց ԵՏՄ գնալու դեպքում մեր վարչապետի խոսքը այնտեղ կշիռ չի ունենա»,- ասաց նա:
Գիմիշյանը նշեց, որ իշխանությունները վերարտադրման միտում ունեն: «Ինձ այդ կասկածը հերիք է, որ դեմ լինեմ: Մենք մի նախագահ չենք կարողանում ընտրել... Երբ ընտրական համակարգը կայացած չէ, ինչպիսին էլ լինի համակարգը, այն իր բնույթով տոտալիտար է լինելու»,- ասաց նա՝ հավելելով. «Ընտրությունները կեղծվում են այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ իրենց անձնական շահերը բարձր են դասում երկրի շահերից: Կարծում եմ, որ իշխանության նպատակն է պահել իշխանությունը սեփական ձեռքերում: Քաղաքականությունում բոլորը ակնհայտ «քցող» են, այդ պատճառով էլ ներկայի իշխանությունը որևէ մեկին չի ցանկանում փոխանցել իր ունեցած իշխանությունը: Երեք նախագահներն էլ պետք է քաղաքականությունից դուրս գան, որ երկիրը շունչ քաշի»:
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով` ցանկացած սահմանադրական մոդել կարող է խոցելի լինել: «Ցանկացած մոդել խոցելի և քննադատելի կարող է լինել: Վտանգներ ես ևս տեսնում եմ՝ պատերազմող երկրի դեպքում արագ որոշումների ընդունման տեսանկյունից: Բայց կարծում եմ, որ Սահմանադրության մեջ պետք է կետեր մտցվեն, որոնք պետք է երաշխավորեն այդ որոշումների կայացումը»,- նշեց նա`կարծիք հայտնելով նաեւ, որ նույն Եվրամիությունը մեծ ակնածանքով խոսում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Անվան մեջ վտանգ չեմ տեսնում: Ստատուսի հավասարության տեսանկյունից վտանգներ չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ-ականը:
Բադեյանի համոզմամբ` եթե միայն Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը պետք է լուծվեր Սահմանադրական փոփոխությունների միջոցով, ապա միայն այդ կետը փոխված կլիներ: