կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 15:23
Իրավական

ՀՀ գլխավոր դատախազն արհամարհո՞ւմ է դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազն արհամարհո՞ւմ է դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և դեպարտամենտի ստորաբաժանումների 12 աշխատակիցների գործով դատաքննությունը:

 

Միջնորդությամբ հանդես եկավ գործով մեղադրյալ Միսակ Մարտիրոսյանը: Նա անդրադարձավ գործով վկա Ռուզաննա Դարբինյանին: Հիշեցնենք, որ վկան հանցագործության մասին հաղարդում էր տվել և հայտնել, թե իբր Մարտիրոսյանին 1000 դոլար կաշառք է տվել: Սակայն անհասկանալի պատճառներով նրա նկատմամբ կաշառք տալու դեպքի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

 

«Քննիչն ակնհայտ մեղավոր անձին ազատել է քրեական պատասխանատվությունից»,- նշեց ամբաստանյալը և հիշեցրեց. «Ռուզաննա Դարբինյանից հանցագործության մասին հաղորդում ընդունելու օրը` 2013-ի սեպտեմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության ԿՀԳՎ պետը հաղորդում է ստացել կաշառք տալու և ստանալու դեպքի վերաբերյալ, որում նշվել է, որ Ռուզաննա Դարբինյանը հայտարարությունը տվել է իրենց նոր ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս: Այն, որ հայտարարության տվյալ մասը թյուրիմացություն չէ, վկայում է Ռուզաննա Դարբինյանի ցուցմունքը, որում նա հայտնել է, որ, հրավիրվելով ոստիկանության 6-րդ վարչություն, հայտնել է, որ ամռանը Անգին Ղ-ի միջոցով 1000 դոլար կաշառք է տվել Մարտիրոսյանին և անցել աշխատանքի»,- ասաց ամբաստանյալը:

 

Նա միջնորդեց, որպեսզի դատարանը միջնորդի ՀՀ գլխավոր դատախազին` իր հայտարարությունը որակել որպես հանցագործության մասին հաղորդում:

 

Ամբաստանյալը միաժամանակ նշեց, որ գլխավոր դատախազությունում գործում են երկակի ստանդարտներ: «Մի անգամ իմ վերաբերյալ անանուն նամակ է հասցեագրվել գլխավոր դատախազի, և այդ անանուն նամակի հիման վրա, գլխավոր դատախազի հանձնարարությամբ, 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ այստեղ, երբ բարձրաձայնվում է, որ նման խնդիրներ կան, և երբ դիմում եմ գլխավոր դատախազություն, ձևական նկատառումներով վերադառնում են: 2014-ի հունվարից սկսած` 4 անգամ դիմել եմ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի այս քրեական գործով կատարված ակնհայտ ապօրինությունների վերաբերյալ: 4 անգամ էլ պատասխանել են, որ կատարվում է անկողմնակալ, բազմակողմանի քննություն: Թող ոչ ոք ամպագոռգոռ հայտարարություններ չանի, որ չի արգելվում դիմել: Արգելվու’մ է, ինձանից բողոք չի ընդունվում»,- հայտարարեց Մարտիրոսյանը:

 

Այսպիսով`  նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց միջնորդությունը` պատճառաբանելով, որ գործն ըստ էության լուծող դատավորն իրավասու չէ սույն գործի շրջանակներում ներկայացված հանգամանքների վերաբերյալ դատողություններ անել: «Միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կարող եք դիմել` տվյալ հարցը վիճարկել»,-նշեց դատավորը և հայտնեց, որ իրենք կարող են դիմել միայն գլխավոր դատախազին, իսկ այդ լծակից արդեն օգտվել են:

 

Այսպիսով` այս գործով դատաքննությունն ավարտվեց, և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:

 

Հաջորդ դատական նիստում մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանը հանդես կգա մեղադրական ճառով: