կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 16:31
Իրավական

Գյումրիի կրակոցների գործով 2 անձ ձերբակալվել է, եւս 3-ը հետախուզվում են

Գյումրիի կրակոցների գործով 2 անձ ձերբակալվել է, եւս 3-ը հետախուզվում են

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, եւս երեքի նկատմամբ հայտարարվել հետախուզում։

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ մարտի 7-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Գյումրիի Մյասնիկյան փողոցում մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը եւ Համլետ Գեւորգյանը։

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մարտի 11-ին որոշում է կայացվել բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Գյումրի քաղաքի բնակիչ Փայլակ Առաքելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին որոշում է կայացվել Գյումրի քաղաքի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

 

Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Նույն օրը՝ մարտի 10-ին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։