կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 13:31
Քաղաքական

Հիշեցում ԲՀԿ-ականներին` Ծառուկյանն էլ է մեծամասնականով ընտրվել

Հիշեցում ԲՀԿ-ականներին` Ծառուկյանն էլ է մեծամասնականով ընտրվել

Նոյեմբերի 10-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուների թիմերի միջեւ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են: Գործին, իհարկե, լծվել է նաեւ մամուլը:

 

Ուշագրավ է, որ թեկնածուների թիմակիցները մրցակցին եւ նրա թիմին մեղադրում են այն բանում, ինչով իրենք են հենց զբաղվում: Օրինակ` ԲՀԿ-ականները անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին մեղադրում են, թե նա իբր խախտում է օրենքը եւ Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունների նախընտրական փուլում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Մարդուն մեղադրում են մի բանում, որով ԲՀԿ-ն, ի դեմս Ծառուկյանի, զբաղված էր ողջ քարոզարշավի ընթացքում. տրակտորից սկսած` էլ ինչ ասես չբաժանեց:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս մեղադրանքներին, Արայիկ Գրիգորյանը նշեց, որ այս կերպ փորձ է արվում վարկաբեկել իր բարեգործական գործունեությունը: Պատգամավորն ընդգծեց, որ, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացրել եւ հիմա ընդամենը ներկայացնում է կատարված աշխատանքների արդյունքները:

 

«Շուտով ընտրություններ են, մենք էլ ունենք մեր թեկնածուն, եւ շատ բնական է, որ պետք է քարոզարշավի ժամանակ ներկայացնենք այն ամենը, ինչ արել ենք եւ թե ինչ ենք պատրաստվում անել: Բայց մի բան Ձեզ միանշանակ կարող եմ ասել` քարոզարշավի ընթացքում մենք բարեգործական որևէ գործունեություն չենք իրականացնում, և դրա կարիքն էլ չկա»,- վստահեցրեց պատգամավորը:

 

Անդրադառնալով ԲՀԿ-ականների կողմից հնչող մեղադրանքներին, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները «կնոպկա» սեղմողներ են, Գրիգորյանը հիշեցրեց, որ նույն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: «Ընտրություններով կյանքը, իհարկե, չի ավարտվում, պետք է այնպես անել, որ հետո իրար աչքերի մեջ նայելիս չամաչեն»:

 

Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ թե' ինքը, թե' Գագիկ Ծառուկյանը տեղական արտադրության ակունքներում կանգնած մարդիկ են, աշխատատեղեր են բացում քաղաքացիներ համար և հարկ եղած դեպքում բարեգործական արշավներ իրականացնում`հնարավորինս լուծելով քաղաքացիների հոգսերը, ուստի պետք չէ փորձել իրենց հարաբերություններում թշնամություն մտցնել:

 

Անդրադառնալով եղբոր` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հասցեին հնչող քննադատություններին` պատգամավորը հիշեցրեց, որ եղբայրը բոլորովին վերջերս է նշանակվել մարզպետ: Նա խորհուրդ է տալիս սպասել մի քիչ, ժամանակ տալ նոր մարզպետին, որպեսզի նա կարողանա իրականացնել իր առջև դրված ծրագրերն ու նպատակները, հետո նոր գնահատականներ հնչեցնել: