Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրեր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց նախկին ոստիկան, «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Ս. Աղազարյանի վերաբերյալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը և որոշում կայացրեց գործն ուղարկել առաջին ատյան` նոր կազմով քննության: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Հիշեցնենք, որ «Գապբնակշին» շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը և փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը մեղադրվում էին Արամի 72-80 հասցեի նորակառույցում միևնույն բնակարանի բազմակի վաճառքի մեջ: Առաջին ատյանի դատարանը Պապոյանին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչը` 11, որն էլ և մնացել էր անփոփոխ: Նշենք, որ Սիմոն Աղազարյանը, որի վերաբերյալ գործն առանձնացվել էր, առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել էր համաներում և պատժաչափը նվազեցվել 2/3-ով:
Ի դեպ, Ս Աղազարյանը, ով ժամանակին «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն էր,՝ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի յուրացման գործով տարիներ առաջ էլ էր դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Արամի 72-80-ի շենքերի բազմակի վաճառքի գործով տուժող Սոնիկ Մաղաքյանի կարծիքով` դատարանը 2 մեղադրյալների նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ խտրականություն և օրենքի ոչ միատեսակ կիրառում: Մասնավորապես` անդրադառնալով Աղազարյանի նկատմամբ կիրառված համաներմանը, Մաղաքյանը նշեց. «Զավեշտալին այն էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնօրենը, վկայակոչելով 2011թ. մայիսի 26-ի համաներման հրամանագիրը, այն կիրառել էր մի մեղադրյալի նկատմամբ, որն իր հանցանքները կատարել էր հիմնականում մայիսի 26-ից հետո և այդ համաներման պահին դեռևս նրա կալանավորը չի եղել: Համաներման համար հիմք էր ընդունվել 2 տարվա վաղեմության բժշկական եզրակացությունը և շտապ օգնության բժշկի կողմից մեղադրյալի արյան մեջ շաքարի պարունակության անալիզի արդյունքը, մի անալիզ, որը կատարվել էր դատական նիստի ժամին՝ ժամը 14.00-ին, և քանի որ անհնար է, որ կալանավորին դատական նիստին ներկայացնեին առանց սնվելու, ուստի այդ տվյալների իսկությունը և դրանց պիտանելիությունը լուրջ կասկածների տեղիք են տալիս և ակնհայտորեն միտված են առանձնապես վտանգավոր հանցագործի ազատ արձակմանը»:
Ի դեպ, Վերաքննիչ դատարանում մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանը հրաժարվել էր համաներման մասով որոշումից: Տուժողը, հիշեցնելով Աղազարյանի` Բուզանդի 13-21 և Արամի 72-80 հասցեների շինարարության ընթացքում կատարած խարդախությունների մասին, չբացառեց, որ նա կարող էր կեղծ բժշկական փորձաքննության եզրակացություն ձեռք բերել: Նա նշեց, որ իրենք հետամուտ են լինելու նոր և ճիշտ եզրակացության տրամադրմանը:
Մաղաքյանն ուշադրություն հրավիրեց նաև Աղազարյանի վերաբերյալ մեկ այլ դատական գործընթացի վրա: «Մեզ անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ տարիներ տևած տաժանակիր աշխատանքից հետո մեզ հաջողվել է, որ քրեական գործ է հարուցվել` բազմաթիվ կեղծ ամուսնությունների և ամուսնալուծությունների հիման վրա Սիմոնի կողմից գողացված գումարների թաքցման մեղադրանքով, և ՀՀ դատախազության և Կենտրոնի ոստիկանության հետաքննչականի կայացրած մերժման որոշումը դատական երկու ատյաններով բեկանվել է: Սակայն Կենտրոնի ոստիկանության քննիչ Ռուբիկ Նազարյանը հրաժարվում է մեզ ներգրավել քննության ընթացքին` պատճառաբանելով, թե իբր մենք այդ գործով տուժող չենք, արհամարհելով գրավոր նրան ուղարկված իմ դիմումը, համաձայն որի` ես ոչ միայն տուժող եմ, այլ նաև տուժողի ներկայացուցիչ: Ինչո՞ւ է կուլիսային կերպով կատարվում քննությունը, կարելի է հասկանալ կորած գումարների մեծությունից՝ մոտ 10 մլրդ դրամ, և Սիմոնի խրոխտ կեցվածքից՝ ինքը «թուղթ» ունի և գույք «չունի»,- ասաց նա:
Երևան քաղաքի դատախազության բողոքի հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն տարիներով ընթանում է Սիմոնի գույքի վերաբերյալ դատական պրոցեսը, որն իրականացնում է դատավոր Ռուբիկ Ներսիսյանը, մի դատավոր, որի մայրը՝ Լաուրա Աբրահամյանը, շահառու է «Գապբնակշին»-ի դեմ հարուցված քր. գործով, սակայն, չնայած դատախազ Էդգար Ղազարյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը, նա ակնհայտ շահախնդիր կերպով հրաժարվել է ինքնաբացարկ տալ և շարունակում է վարել մեղադրյալի` կռվախնձորի վերածված գույքի՝ Այգեստանում 2 չափազանց շքեղ առանձնատների բաժանման գործը, որը կեղծիքների միջոցով չնչին գումարի դիմաց ցանկանում է թաքցնել Սիմոնի ոչ պակաս խարդախ կինը՝ Ռուզաննա Թովմասյանը: Սոնիկ Մաղաքայանը հույս ունի, որ դա նրանց չի հաջողվի:
Հ. Գ. Ուշագրավ է, որ datalex.am տեղեկատվական համակարգում մեղադրյալ Սիմոն Աղազարյան անուն-ազգանունով գործ փնտրելիս ցույց է տալիս միայն Բուզանդի 13-21 հասցեների շինարարության մասով գործը, իսկ Արամի 72-80 հասցեների շինարարության ընթացքում կատարած խարդախությունների մասով գործը հնարավոր է գտնել միայն գործի համարով որոնելու դեպքում: Ենթադրվում է, որ այս կերպ փորձ է արվել նվազեցնել հանրության, մասնավորապես` լրագրողների ուշադրությունը հիշյալ գործի նկատմամբ (չէ՞ որ ոչ բոլորը կարող են իմանալ գործի համարը), ինչը սակայն չի հաջողվի: Մասնավորապես այս գործը եղել և շարունակելու է մնալ yerkir.am-ի խմբագրակազմի ուշադրության կենտրոնում: