կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 18:26
Արցախ

Լիտվան արժեւորում է Արցախի անցած ճանապարհը. Դավիթ Բաբայան

Լիտվան արժեւորում է Արցախի անցած ճանապարհը. Դավիթ Բաբայան

Լիտվայի Հանրապետության Սեյմի 6 պատգամավորներ հռչակագիր են ընդունել, որում հայտարարվում է Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին: Այս առիթով զրուցեցինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ: Նա կարեւոր զարգացում համարեց տեղի ունեցածը, քանի որ, լինելով եվրոպական, ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Լիտվան Արցախի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման լուրջ հայտ է ներկայացնում:

 

«Մեր արտաքին քաղաքական գերակայությունների թվում է երեք հարց` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, ԼՂՀ միջազգային ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում: Սա այդ երրորդ շերտում է: Մենք պատրաստ ենք համագործակցել, եւ սա ինչ-որ ձեւով արժեւորում է Արցախի անցած ճանապարհը: Սա ապացուցում է, որ բարձր են գնահատում մեր պետականաշինության գործընթացը»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ սա նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք լայն համագործակցության կոնկրետ արդյունք էր:

 

Նրա խոսքերով` Լիտվայից հաճախակի են պատվիրակություններ այցելում Արցախ, եւ այժմ խորհրդարանի կողմից նման հռչակագիրը խիստ կարեւոր է: Այն ենթադրում է, որ կարող է տնտեսական, մարդասիրական, գիտական, խորհրդարանական կապերի զարգացման եւ տարբեր հարաբերություններում լինել խորը համագործակցություն:

 

Մեր այն հարցին, թե՝ կարո՞ղ է սա հիմք դառնալ Լիտվայի Հանրապետության կողմից ԼՂՀ ճանաչման համար, Դավիթ Բաբայանն ասաց. «Այստեղ մենք չպետք է գայթակղվենք, որպեսզի կարողանանք հասնել հաջողության բոլոր ուղղություններով: Չպետք է նախապայմաններ դնել: Սա կարող է ե'ւ բերել ճանաչման, ե'ւ չբերել: Եթե կտրուկ դնենք ճանաչման հարցը, կարող է չհասնենք ոչ մի բանի: Այս փուլում սա շատ կարեւոր էր»: