կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 11:08
Սպորտ

«Ստրանջա»-ի մրցաշար. Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկ կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար

«Ստրանջա»-ի մրցաշար. Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկ կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված է 10-ը բռնցքամարտիկով:

 

Երեկ ռինգ դուրս եկած մեր 6 բռնցքամարտիկներից 4-ը հաղթեցին իրենց մրցակիցներին: Իր 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով, կրկին մրցելով Բուլղարիան ներկայացնող մարզիկի հետ, ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցինՎստահ հաղթանակ տոնեց նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ իռլանդացի Իրվին Բրանդանի նկատմամբ: Մրցավարների միաձայն որոշմամբ` հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ում մրցակիցը պանամացի Ժաիմ Մունոզն էր: Իր առաջին մենամարտում հաղթանակ տոնեց  75 կգ քաշային՝ մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն մարզիկ Արման Հովհիկյանը, ով պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Անտոն Դմիտրովին:  64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովն ու 81 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին: Հովհաննես Բաչկովը զիջեց Լորենցո Ստոմայորին, իսկ Նարեկ Մանասյանը՝ Ռադոսլավ Պանտալևին:

 

Այսօր «Ստրանջա»-ի մրցաշարում կկայանան ¼ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը ներկայացնող  10 բռնցքամարտիկներից 7-ը կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի և, միևնույն ժամանակ, մեդալի համար: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ժոզեպ Մապոշ Ձիկամանիի հետ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կրկին անգլիացի Ջեք Բատեսոնն է, ով այս քաշային կարգի Անգլիայի ուժեղագույն մարզիկն է: 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ղազախ Զաբոլատ Տիլեգենուլի հետ: 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանի մրցակիցը Չեխիան ներկայացնող մեր հայրենակից Էրիկ Ագատելյանն է: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը այս մրցաշարի իր 3-րդ մենամարտում կփորձի հաղթահարել Ուզբեկստանը ներկայացնող Իսրայիլ Մադրիմովի արգելքը: 75 կգ քաշային Արման Հովհիկյանը կմենամարտի ուկրաինացի Վալերի Խարլամովի հետ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Քրիստիան Դմիտրովը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: