Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ազգային ժողովի վերջին քառօրյայում անսպասելի բուռն քննարկվեց շահութահարկի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչո՞ւ անսպասելի, որովհետեւ այդ օրենքը դեռևս նախորդ նստաշրջանի ավարտին քննարկվել էր և ստացել տնտեսական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ու այդ ընթացքում օրենքից դժգոհողներ, կարծես, չկային:
Նոր օրենքով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների` բացառությամբ հանքարդյունահանող, հանքային հումքի վերամշակում իրականացնող և ակցիզային հարկ վճարողների համար շահութահարկը 20 տոկոսի փոխարեն հաշվարկել 2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմաններին`
1. ունի կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր,
2. հաշվետու տարվա ընթացքում Հայաստանից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել եւ (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ է տեղափոխել Հայաստանում արտադրված՝ առնվազն 50 մլրդ դրամի մաքսային արժեքով ապրանքներ,
3. հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրվել է առնվազն 50 մլրդ դրամին համարժեք արտարժույթ:
50 միլիարդ դրամի կամ, որ նույնն է, 100 միլիոն դոլարի մաքսային արժեքով արտադրանքներ Հայաստանից արտահանվում են հազվագյուտ ոլորտներից` պղնձի արդյունահանում, ադամանադագործություն և ոսկերչություն, կոնյակի արտադրություն, ծխախոտի արտադրություն: Այս ոլորտներում արտահանման մաքսային արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը, սակայն նոր օրենքը չի վերաբերում այս ոլորտում գործունեություն ծավալողներին:
Կառավարությունը օրենքի անհրաժեշտությունը հիմնավորում է արտահանման ծավալները մեծացմամբ, ներդրումների խթանմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ: Արտահանումը խրախուսելու թիվ մեկ գրավականը պահանջարկը խրախուսելն է, իսկ պահանջարկը խրախուսել կարելի է հարկային արտոնություն տալու շնորհիվ, այս պարագայում դա շահութահարկի դրույքաչափի նվազեցումն է:
Տրամաբանությունը պարզ է, բայց նպատակը այնքան էլ չէ: Եթե ցանկանում ես խրախուսել արտահանման ծավալները, ապա ինչո՞ւ չտալ այդ արտոնությունը բոլորին, այլ դնել խտրականություն: Ահա հենց այս հարցի պատասխանն է, որ կառավարությունը չի կարողանում միանշանակ տալ:
Արդեն նշեցինք, որ 100 միլիոն դոլար մաքսային արժեքի արտահանում այսօր քչերն են իրականացնում, բայց այդ քչերին այս օրենքը չի վերաբերում: Հետևաբար, դիտարկենք արտահանման մյուս ոլորտները, որտեղ, շատ, թե քիչ, արտահանման ծավալները մեծ են ու դրանց վրա կիրառվում է այս օրենքը:
Այդպիսի երկու ոլորտներից է ձկների և միրգ-բանջարեղենի արտահանումը: Այս ոլորտում գործող ընկերությունները նախորդ տարի ընդհանուր արտահանել են մոտավորապես 70 միլիոն դոլարի արտադրանք, որից 55 միլիոնը միայն միրգ-բանջարեղենի ոլորտի ընկերություններն են: Այսինքն` մնացած ոլորտները, գոնե այս պահի դրությամբ, բավական հեռու են 100 միլիոն դոլարի շեմից:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նախորդ նիստերից մեկի ընթացքում նշեց, որ օրենքը հրատապ պետք է ընդունվի, քանի որ առջևում գյուղատնտեսական սեզոնն է, որպեսզի գործող ընկերությունները կարողանան օգտվել այս արտոնությունից: Միայն այս արտահայտությամբ, կարելի է ասել, Հերմինե Նաղդալյանը բացեց բոլոր փակագծերը` բացի այն ոլորտներից, որոնց վրա օրենքը չի կիրառվում, գյուղատնտեսությունն այս պահին միակ ոլորտն է, որտեղ արտահանման մաքսային արժեքը ամենամոտն է 100 միլիոն դոլարին:
Որպես խնդիր` բերվում էր նաև այն տարբերակը, որ ինչ-որ մեկը կարող է կազմակերպել խոշոր արտահանում` հավաքելով ոլորտի ընկերություններից անհրաժեշտ քանակության արտադրանք: Այդ արտահանման ծրագրի հաստատման միակ խոչընդոտը կարող է լինել կառավարությունը, որը կարող է հավանություն չտալ նման նկրտումներ ունեցող ընկերությանը: