կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 12:21
Իրավական

Ճոյտին դեռևս մեղադրանք չեն առաջադրել, նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում

Ճոյտին դեռևս մեղադրանք չեն առաջադրել, նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում

ԱԺ ձերբակալված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ներկայումս Երևանի ձերբակալվածների պահման վայրում է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանի փաստաբան Աշոտ Ղազարյանը:

 

Նա նշեց, որ ներկայումս իր պաշտպանյալը գտնվում է կասկածյալի կարգավիճակում, դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Մինչև մեղադրանք առաջադրելն ու խափանման միջոցի ընտրելու վերջնաժամկետ 72 ժամին դեռևս  մոտ մեկ օր ժամանակ կա:

 

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

 

Վերոնշյալ հոդվածները վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելուն:

 

Փաստաբանը դեռևս գործի նյութերին ամբողջությամբ չի ծանոթացել և այդ պատճառով որևէ մանրամասն չկարողացավ հայտնել գործի վերաբերյալ, թե, մասնավորապես, խոսքը ո՞ր ժամանակահատվածի և ի՞նչ գործունեության արդյունքում է, համաձայն կասկածանքի,  Հ. Հակոբյանը օժանդակել հարկային պարտավորություններից խուսափելուն, ինչպեսեւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվել:

 

Հիշեցնենք, որ Հակոբյանի ձերբակալությունից հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ խոսքը վերաբերում է նրա սցենարով և հովանավորությամբ նկարահանված «Հիշողություն» ֆիլմին՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ֆիլմը բուռն քննադատությունների ալիք էր բարձրացրել համացանցում: