Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում
Մեծարգո նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների,
Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր,
հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ
Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը եւ մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը:
Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը, հռչակագիրը կարող է խոսել համայն հայ ժողովրդի անունից եւ ձեւակերպել հստակ եւ համահայկական տարողության հիմնահարցեր: Մեր գնահատումով՝ հռչակագրի ներկա, վերջնական բովանդակությամբ դա իրագործվել է:
Հռչակագիրը տալիս է մեր հանձնաժողովի «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ամբողջական բացատրությունը, ինչն էլ հանդիսանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը: Մնում է մենք բոլորս, պետական հանձնաժողովը՝ որպես այդպիսին եւ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամը՝ որպես հայ ժողովրդի այս կամ այն հատվածի ներկայացուցիչներ, համակարգված ծրագրով եւ համադրված ճիգերով կյանք տանք այդ քաղաքականությանը:
Մենք աշխատանք ենք տարել ներազգային ճակատում հատուցման հարցով տեսակետների բյուրեղացման եւ միջազգային իրավունքի ու նորմերին համաձայն թղթածրարի պատրաստման ուղղությամբ: Պատվիրել ու արդեն հրապարակել ենք Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի վերջնական զեկույցը՝ «Արդարացի լուծում – հատուցումներ Հայոց ցեղասպանության դիմաց«: Զեկույցում ներկայացված է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հատուցումների հարցի իրավական, պատմական, քաղաքական եւ բարոյական կողմերին առնչվող աննախադեպ համապարփակ վերլուծությունը:
Զեկույցում ներառված են նաեւ հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ: Կարեւորում ենք նաեւ ուրիշների կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները: Ասել ենք արդեն, որ այս ուղղությամբ կարեւոր նախաձեռնություն էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած հայ իրավաբանների խորհրդաժողովի որոշումը՝ ստեղծելու հատուկ հանձնախումբ՝ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով: Այսօր լսելու ենք այդ աշխատանքների մասին զեկույց:
Մենք կրկնում ենք 2012 թվականի սեպտեմբերին, հանձնաժողովի երկրորդ նիստին մեր ներկայացրած առաջարկը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ հիմնադրել հատուկ կենտրոն, որը պետք է իր ավարտին հասցնի միջազգային իրավունքի եւ նորմերին համաձայն Հայոց ցեղասպանության հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրավունքների ձեռքբերման հարցով ամբողջական թղթածրարի պատրաստումը եւ մշակի այն իրականացնելու համար ճանապարհային քարտեզ:
Մեր այս առաջարկի մասին կարելի է մանրամասն քննարկել Ձեր սկզբունքային համաձայնության դեպքում: Չի կարելի չանդրադառնալ Թուրքիայի իշխանությւնների արդեն լկտի պահվածքին, այն է՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու եւ այդ առթիվ 102 պետությունների ղեկավարներին հրավիրելու քայլին: Թուրքիայի այս քայլին համարժեք պատասխանը կլինի Հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ վերցնելը: Հարգելի ներկաներ, այսօրվա իմ խոսքում կուզեի անդրադառնալ մի կարեւոր հարցի եւս: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է առիթ հանդիսանա ոչ միայն ճշմարտությունը աշխարհին հասցնելու, այլեւ մեկ այլ կարեւորության ճշմարտություն ինքներս գիտակցելու համար. որ միայն ներազգային համախմբումը կարող է ճանապարհ բացել մեր նպատակների իրականացման առջեւ: Առանձին-առանձին խմբավորված, մասնատված ու ծվատված մենք ոչնչի չենք կարող հասնել:
Մեզ առավել քան անհրաժեշտ է ներազգային համախմբում հատկապես իրադարձությունների ներկա փուլում, երբ մեզ հանդեպ ցեղասպանություն իրականացնողի կրտսեր եղբայրը նորից մեզ պատերազմ է պարտադրում: Իրեն բնորոշ ճղճիմ ու ողորմելի դավադրություններով Ադրբեջանը փորձում է շեղել աշխարհի ու իր հասարակության ուշադրությունը իր ներքին խնդիրներից եւ ինչու չէ՝ հենց ցեղասպանության 100-րդ տարելիցից:
Թե որքանով է դա նրան հաջողվում, այլ հարց է, բայց կարեւորն այն է, որ Ադրբեջանի այդ թշվառ կեցվածքի պատճառով մենք պարբերաբար զինվորներ ենք կորցնում: Այո, մեր զինվորները տալիս են իրենց կյանքը՝ պաշտպանելու համար մեր հայրենիքը: Իսկ ի՞նչ ենք անում մենք այստեղ:
Ազգի համար այս ճակատագրական պահին ինչո՞վ ենք զբաղված: Ո՞ւր են մեզ տանելու ինքնանպատակ բախում-պայքարները, որոնք առճակատման, ներքին պառակտման վերաճելու ներուժ են պարունակում իրենց մեջ։ Երբեք դրա ժամանակը չէ, բայց առավել եւս դրա ժամանակը չէ հիմա: Հիմա զգաստ կանգնելու ժամանակն է:
Այսօր մենք պետք է ամենուր դատապարտենք Ադրբեջանին։ Պետք է միջազգային համայնքին ասենք, որ Ադրբեջանը փաստացի սկսել է պատերազմ, մաշեցնող պատերազմ՝ Հայաստանի ու Արցախի դեմ։ Հատկապես համանախագահող պետություններից պետք է պահանջենք սաստել Ադրբեջանին, որպեսզի դադարեցնի իր կամայականությունները։ Բոլորս պարտավոր ենք բացառել ներքին առճակատումը, երբ այն՝ առճակատումը առկա է մեր սահմանի վրա եւ մեկ մարդու պես կանգնել պետության կողքին: Սակայն պետությունն էլ իր հերթին պարտավոր է հոգ տանել, որ այս բախտորոշ փուլում ժողովուրդն իրեն զգա ոչ միայն պաշտպանված արտաքին թշնամուց, այլեւ պաշտպանված ներքին ապօրինություններից, անարդարություններից ու կամայականություններից:
Երբ մենք միասնական ենք եղել, ունեցել ենք միմիայն հաղթանակներ: Նման միասնականության արդյունք է եղել նաեւ մեր վերջին հաղթանակը: Մենք սա ենք պարտավոր ասել մեր ժողովրդին: Ու մենք պարտավոր ենք ասել, որ այս պահից եւ այսուհետ մենք միահամուռ ենք ու հաստատակամ՝ արտաքին վտանգը հիմագրավելու հարցում, մեր ազգային իղձերն իրականացնելու խնդրում: Եւ պարտավոր ենք ասել այնպես, որ ժողովուրդը մեզ հավատա ու վստահի: