Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծին լարվածության կտրուկ մեծացմանը, այսօր հայտարարել է. «Թող ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով: ...Ես մեկ անգամ ևս ի լուր բոլորի հայտարարում եմ` մենք պատրաստ ենք և՛ լավին, և՛ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները»:
Սերժ Սարգսյանի այս հայտարարությունները, կոնկրետության և կոշտության տեսանկյունից, ուղղակի աննախադեպ են: Ըստ էության՝ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը խոսում է հայկական զինված ուժերի կողմից բոլորովին նոր մարտավարություն որդեգրելու մասին, որի էությունը ոչ թե հակառակորդին զսպելու համար յուրաքանչյուր դեպքում անհամարժեք ավելի անողոք հարված հասցնելն է, այլ թե' քաղաքական և թե' ռազմական առումով հարձակողական ռազմավարության անցնելը: Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել հակառակորդի կողմից մեզ համար հնարավոր պատրաստված «արհավիրքին» սպասելու փոխարեն այդ արհավիրքը պատրաստելու փուլում նրան անողոք ու անդառնալի վնասներ հասցնելու, Ադրբեջանի «տաք գլուխներին» ուղղված՝ «բազմաթիվ անակնկալների սպասելու» և, որ շատ ավելի կոնկրետ է, սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում կանխարգելիչ հարվածներ հասցնելու որոշում կայացնելու իրավունքը մեզ վերապահելու մասին` նրա փաստացի նախազգուշացումները:
Առաջին հայացքից Սերժ Սարգսյանի այս հայտարարությունները կարող են տպավորություն ստեղծել, թե առկա են Ադրբեջանի կողմից մեզ համար իսկապես «արհավիրք» պատրաստելու մասին վկայող լուրջ փասատրկներ, որից զերծ պահելուն էլ ուղղված են նման նախազգուշացումները: Իրականում, սակայն, այս հայտարարությունները հետապնդում են հեռահար մի քանի այլ նպատակներ: Նախ՝ թերևս պատահական չէ, որ դրանք արվում են հիմա, երբ, այլևս չունենալով իր իսկ նախահարձակ գործողությունների հետևանքով կրած մարդկային կորուստները թաքցնելու ռեսուրս, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է խոստովանել կրած կորուստները՝ սեփական ձեռքերով փլուզելով բանակի անպարտելիության այն միֆը, որը փորձում էր ստեղծել սեփական հասարակությանը բացարձակ տեղեկատվական բլոկադայի ենթարկելու քաղաքականությամբ: Նախագահի այս հայտարարությունները, փաստացի աննպատակ կորուստների մասին տեղեկատվական հոսքերի ֆոնին, սառը ցնցուղի ազդեցություն կարող են ունենալ ադրբեջանական հասարակության համար՝ ադեկվատ լինելու դեպքում վերջինիս ստիպելով սեփական իշխանությունից և ռազմական գերատեսչությունից, ի վերջո, հաշիվ պահանջել, թե ուր է տանում այս ուղեգիծը:
Երկրորդ՝ դժվար է ասել՝ զուտ պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, բայց հետաքրքիր զուգադիպությամբ Սերժ Սարգսյանի այս կոշտ հայտարարությունները հնչում են հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման նախօրեին, որը, ըստ էության, կազմակերպվում է Ադրբեջանի կողմից ներկայումս իրավիճակը լարելու մարտավարության նպատակները հասկանալու և գուցե նաև Բաքվին զսպաշապիկ հագցնելու նկատառումով: Այս ֆոնին Երևանից հնչած կոշտ հայտարարությունն ուղղված է նույնիսկ ոչ այնքան Ադրբեջանի հասարակությանը, որքան հենց միջնորդներին՝ Բաքվին սթափեցնելու համար ավելի հետևողական գտնվելու նպատակով:
Խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը հարմարվել է այն փաստին, որ Ղարաբաղյան պատերազմում, ուեննալով տարածքային ձեռքբերումներ, հայկական կողմը շահագրգռված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ, ուստի, որևէ պարագայում նախահարձակ լինելով, պատերազմ սկսելու քայլին չի գնա: Թերևս հենց դրանում ավելորդ համոզվածությունն էլ թույլ էր տալիս բնական ընդունել Ադրբեջանի հիստերիկ, պատերազմական և բացահայտ ֆաշիստական բնույթ ուենցող քարոզչությունը, դրա շրջանակներում նաև սահմանային լարվածությունն աստիճանաբար կրիտիկականի մեծացնելու մարտավարությունը: Սերժ Սարգսյանի հայտարարությունն այս իմաստով սթափության կոչ է հատկապես ԵԱՀԿ ՄԽ անդամներին՝ առ այն, որ հայկական կողմը ոչ միայն չի բացառում նախահարձակ լինելու հնարավորությունը, այլև Ադրբեջանի` այս արկածախնդիր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության բացահայտ անտարբերության պատճառով արդեն համարում է միանգամայն հնարավոր տարբերակ: Եվ եթե իսկապես ՄԽ համանախագահող երկրները այս տարածաշրջանում պատերազմ չեն ցանկանում, ուրեմն պետք է կարողանան «մշակել» Ադրբեջանին՝ արդեն ոչ թե նրան, այլ հայկական կողմին զսպելու նկատառումով:
Երրորդ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մյուս հասցեատերերը, ըստ էության, ՀԱՊԿ-ն է, հատկապես` Ռուսաստանը, որոնք, ուղղակի պատասխանատվություն են կրում Հայաստանի անվտանգության համար, թեեւ ջայլամային կեցվածքով գործնականում ոչ մի կերպ չեն արձագանքում արդեն Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ակնհայտ ոտնձգություններին: Հիմա արդեն, երբ Հայաստանն ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում, թերևս պետք է ակնկալել, որ հատկապես Ռուսաստանը չի կարող շարունակել ոչինչ չտեսնելու, ոչինչ չլսելու և ոչինչ չխոսելու այս երեսպաշտական կեցվածքը: Այս իմաստով նախագահի քայլը մի փոքր ծայրահեղ պետք է համարել, քանի որ դրանով ուղղակիորեն բացահայտվում է դիվանագիտական խողովակներով դրան հասնել չկարողանալու փաստը, որն այսօր ակամա խոստովանել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Գևորգ Դարբինյան