Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանին հերթական միջադեպն է գրանցվում, Ֆելիքս Ալիևը տեղը չի գտնում. «Էդ ազգանունն ինձ վրա ա, վատ եմ զգում»: Էջմիածինցի Ալիևը սպասված խաղաղության հույսը կապում է միայն Ադրբեջանի իշխանության, կոնկրետ` իր ազգանվանակցի փոփոխության հետ: Վստահ է ՝ «եթե ղեկավարությունը չփոխվի՝ դժվար ա»:
Ֆելիքս Ալիևի երակներում հայի և ադրբեջանցու արյունները միահյուսված են: Հայրը Էջմիածնում հայտնի կլարնետահար Ասկար Ալիևն է՝ Ուստա Ալին, մայրը՝ Եպրաքսյա Դանիելյանը: Ապրել են հաշտ ու համերաշխ, այժմ էլ կողք կողքի խաղաղ ննջում են Էջմիածնի գերեզմանատանը : Ֆելիքս Ալիևը պատմում է, որ մի փոքրիկ միջադեպից հետո իր հայրը ՝ Ասկար Մամեդի Ալիևը, մկրտվել է հայ առաքելական եկեղեցում. «Ահագին մեռոն են լցրել վրան, բայց էլի ասում էին` թուրք Ալի»:
Ֆելիքս Ալիևը ծնվել-մեծացել է Էջմիածնում: 76 տարեկան է, բայց շարունակում է ամեն օր պատանու քայլվածքով հաղթահարել Էջմիածին -Գեղակերտ ճանապարհը՝ այդ ընթացքում վայելելով իրեն ուղղված ջերմ ու հարգանքով լի հայացքները: Ընկեր Ֆելիքսը Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի հիմնադիրն է ու ավագ մարզիչը՝ արդեն 46 տարի: Հազարից ավելի սաներ է ունեցել` 35 սպորտի վարպետ, 7 միջազգային կարգի վարպետ : Նրա սաների շարքում հնչեղ անուններ են` ծանրամարտի աշխարհի չեմպիոն , բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանից մինչև Եվրոպայի փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյան: Բոլորին նա է մարզել: Մարզադպրոցի այսօրվա տնօրենն էլ, բոլոր մարզիչներն էլ ընկեր Ֆելիքսի սաներն են: Մարզիչն իր սաների միայն մարմինը չէ, որ կոփում է, մարզադպրոցի նրա սեղանը լի է զանազան խրատական գրություններով, տարբեր տեղերից հավաքած խունացած թերթիկներով: «Կամք՝ կոփված համբերության հնոցում»,- թերթիկներից մեկն է կարդում Ֆելիքս Ալիևը և բացատրում. «Մարդ պիտի համբերություն ունենա ամեն ինչում»:
Ադրբեջանցի մարզիչը հաճույքով չի հիշում, բայց ամեն դեպքում հպարտանում է՝ երբ սահմանին թեժ կռիվներ էին, իրեն թարս հայացքով նայողներ լինում էին, և ամեն անգամ ընկեր Ալիևի թիկունքին կանգնում էին նրա սաները: Նրանց հարգանքն ու սերը վայելում է մինչև այսօր: «Ինքը համարում է, որ սա է իր հայրենիքը, ուրիշ հայրենիք չունի»,- ասում է Սամվել Խոստեղյանը` Ֆելիքս Ալիևի նախկին սանը: Մարզադպրոցի տնօրեն Վիգեն Խաչատրյանն էլ ապագա հաջողությունները միայն ավագ մարզչի հետ է կապում. «Ինքը մեր մեծն ա, մեր ծնողն ա»: Պատրաստվում են Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ու, իհարկե, օլիմպիական խաղերին: «Չեմպիոններ դեռ կլինեն »,- վստահ է Ֆելիքս Ալիևը: Նա իր սաներին նաև սիրո դասեր է տալիս` իհարկե, դարձյալ գրությունների միջոցով: Կարդում է եւս մի հին թերթիկ. «Սիրահարվել, ամուսնանալ, ընտանիք կազմել` կյանքի կարևոր խորհուրդն է»: Արդեն պարզ է ՝ մարզիչը չի ձախողել նաև այս ճակատում. «Բախտս բերել ա, լավ աղջիկ եմ առել»:
Տիկին Ջուլիետան մեդալների ծանր պարկն է բացում` թեթև սեթևեթելով. «Հլը էսիգ քիչ է Ֆելոյիս համար» : Սեղանին է փռում ամուսնու` տարբեր տարիներին ստացած փայլփլուն մեդալները, բազմաթիվ պատվոգրեր, վկայագրեր, այդ թվում Խորենացու մեդալն է` անկախության 20-րդ տարեդարձի առթիվ : «Էս հերիք չի՞ »,- հպարտանում է Ֆելիքս Ալիևը: 48 տարի հայ-ադրբեջանական այս զույգը միասին է, սերը տաք է մինչ օրս: Տիկին Ջուլիետան իր հայտնի ամուսնու մասին խոսելիս անընդհատ շեշետում է. «Ֆելոս լավն է» : Երբ իմացել է, որ ընտրյալն ադրբեջանցի է, կանգ չի առել, ասել է` «մարդս մարդ ըլնի» և չի փոշմանել : Փնտրում էր հենց այսպիսի գեղեցիկ, բարձրահասակ, «սարթ» տղամարդու. «Տղամարդ կա, ոնց որ կնոջ կինն էղնի»,- ծիծաղում է տիկին Ջուլիետան:
Այս սիրուց ծնվել են Ալիևների երեք երեխաները` Հեղինե և Աննա դուստրերն ու Վլադեկ որդին: Աղջիկներից մեկը մոր՝ Ենոքյան ազգանունն է կրում, մյուսը՝ ամուսնու ազգանունն է վերցրել, իսկ Ուկրաինայում բնակվող Վլադեկը կրում է հոր ազգանունը, որդուն էլ հոր անունն է տվել: Փոքրիկ Ֆելիքս Ալիևը պապի հետքերով ծանրամարտով է զբաղվում, հաջողությամբ ներկայանում է Հայաստանի դրոշի ներքո: Էջմիածինցի Ֆելիքս Ալիևը հպարտանում է թե’ իր, թե’ թոռան հաջողություններով: «Նշանակություն չունի, որ իրանք Ուկրաինայում են, իրանց պապը ստեղ ա ու 99 տոկոսով հայ ա»,- ասում է նա:Իսկ ինչո՞ւ ոչ 100 տոկոսանոց հայ: Ֆելիքս Ալիևն այս հարցի պատասխանն էլ ունի. «Որովհետև 100 տոկոսանոց բան չկա»:
Ալիևն իր համարյա 100 տոկոսանոց սերը Հայաստանի հանդեպ արտահայտում է` ոչ միայն հայ մարզիկներին աշխարհի տարբեր պատվանդաններին հասցնելով, այլև պոեզիայի միջոցով` նա նաև գրում է. «Դարերի միջից քո ձայնն եմ լսում, իմ Հայաստան, որտեղ լինեմ գովքդ եմ անում : Բանաստեղծությունների տետրում հիմնականում Հայաստանին, Արցախին վերաբերող տողեր են և միայն մի գողտրիկ գործ կա ՝ վերնագրված «Ջ-ի 50 -ամյակին», սիրային մոտիվներով է. «Համեստ, քնքուշ հրեշտակին ... քեզ շունչ տվող ու գուրգուրողից»:
Հ. Հարությունյան, Ա. Խամոյան