Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու ողբերգության վերաբերյալ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
«Դուք փաստացի շատ հարցերի չեք պատասխանում կամ խուսափում եք պատասխան տալուց` հղում անելով նախաքննության գաղտնիությանը: Բայց կան հարցեր, որոնց պատասխանները գոյություն ունեին մինչև այս դեպքը և գործում էին երկար տարիներ` Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերով: Վերջին տասը օրվա ընթացքում Դուք պետք է ունենայիք շատ հարցերի պատասխաններ` անկախ նախաքննությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և շարադրեց իր հարցերը` ասելով, որ կոնկրետ պատասխան է ակնկալում Գևորգ Կոստանյանից:
Սահմանի խախտման փորձի մասին և նման փորձ կատարած անձի ձերբակալման վերաբերյալ Ռուսաստանի սահմանապահ զորքերը, ըստ պայմանագրերի, պարտավո՞ր էին տեղյակ պահել ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե պարտավոր էին, հայտնե՞լ են, թե՞ ոչ: Ըստ հայ-ռուսական պայմանագրերի` ռուսական սահմանապահ զորքերը պարտավո՞ր են սահմանը խախտած անձին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին թե՞ ոչ:
«Անկախ նախաքննության ընթացքից` կարո՞ղ եք նշել որևէ պայմանագրի որևէ կետ, որը ռուսական սահմանապահ ուժերին իրավունք է տրվում սահմանին հայտնաբերված կասկածյալին ՀՀ տարածքով տեղափոխել ռուսական ռազմաբազա»,- հարցրեց պատգամավորը և շարունակեց իր հարցերը. «Մենք տեսանք, որ Գյումրիի դեպքերից հետո ռուսական ռազմաբազայի զինվորները, ավտոմատներով զինված, ինչ-որ գործողություններ էին անում Գյումրիում: Ուրեմն ո՞ր պայմանագրով է, որ ռուսական զինծառայողը իրավունք ունի զինված դուրս գալու ՀՀ ինքնիշխան տարածք և իրականացնելու գործողություն»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մեջբերեց մի միջադեպ, երբ 2013թ. ռուս սահմանապահները կանգնեցրել և խուզարկել էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Հայաստանի տարածքում:
«Ասվում է, որ Հայաստանի իրավապահները վարում են նախաքննություն: ՀՀ օրենսդրությամբ` նախաքննությունը ավարտելուն պես գործն ուղարկվում է դատարան: Որտե՞ղ է ուղարկվելու այդ գործը, Հայաստանի ո՞ր դատարանն է քննելու այդ գործը, որովհետև Հայաստանի քննչական մարմնի վարած ցանկացած գործ պետք է քննի Հայաստանի դատարանը»,- հարցրեց պատգամավորը և կարծիք հայտնեց, որ պարզաբանումներ պետք է ներկայացնի նաև ոստիկանապետը:
Գևորգ Կոստանյանը նշեց. «Բա գործի վարո՞ւյթը, հանձվելո՞ւ է, թե՞ չի հանձնվելու, ո՞ւմ է փոխանցվելու, ե՞րբ է փոխանցվելու … Անձի հանձնման, տեղափոխման և փոխանակման հարցերը և վարույթի փոխանակման հարցերը տրամագծորեն տարբեր բաներ են: Էս կոնտեքստում դատախազության որևէ հաղորդագրության կամ հայտարարության մեջ որևէ հակասություն չկա և չի կարող լինել: Երբ որ հասնենք այդ փուլին, այս նույն պայմանագիրը սահմանում է, որ կողմերը քննարկում են քրեական վարույթների փոխանցման հարցերը, այսինքն` երբ մենք ունենանք անհրաժեշտ ապացուցողական բազան` թե' Հայաստանի, թե' Ռուսաստանի իրավազորության տակ գտնվող հանցագործությունների բոլոր հանգամանքները, այդ ժամանակ կքննարկենք վարույթների փոխանակման հարցերը: Այս փուլում դեռևս դժվար է ասել, որովհետև երկու երկրների իրավապահ մարմիններն էլ իրականացնում են գործողություններ` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակում»:
Նա ասաց, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողները Գյումրիում մասնակցել են հետախուզական գործողությունների` համաձայն 1997թ. կնքված պայմանագրի:
«Ռուս սահմանապահը, այո, պարտավոր է հանձնել սահմանախախտին»,-հայտարարեց Կոստանյանը:
Իսկ Փաշինյանի մնացած հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը նշեց, որ դրանց պատասխանները կպարզվեն քննության ընթացքում: