Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արդյո՞ք Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան համարվում է Ռուսաստանի տարածք, և արդյո՞ք ռուս սահմանապահները իրավունք ունեն սահմանը հատած կամ հատելու փորձ անող անձին տանել ռուսական ռազմաբազա: Ահա այս երկու հարցերը, որոնց հստակ պատասխաները գտնելու դեպքում, խնդրի լուծումը հասկանալի կլինի:
Գյումրիում աշխատող փաստաբան Թամարա Յայլոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցերի պատասխանները կարող են տալ միջազգային իրավունքի մասնագետները: Իսկ իր պատկերացմամբ` նույնիսկ եթե ռուս սահմանապահները խախտմամբ են Պերմյակովին տեղափոխել ռուսական ռազմաբազա, ապա նա իրավունք ունի իր երկրից պահանջել, որ չհանձնեն այլ երկրի:
«Այս դեպքում, քանի որ գործում է անմեղության կանխավարկածը, թեեև նա մեղքը խոստովանել է, Ռուսաստանը չի կարող իր քաղաքացուն պաշտպանություն չտրամադրել: Չնայած օրենքի տեսանկյունից` մեր երկրում ավելի մեղմ պատիժ է սահմանվում, քան ՌԴ քրեական օրենսգրքով»,- ասաց Թ. Յայլոյանը, նաև հավելեց, որ ինչ երկրում էլ դատավարությունը կատարվի, նրան համապատասխան պատասխանատվության կենթարկեն:
Փաստաբան Երեմ Սարգսյանը, սակայն, վստահ է, որ, անկախ նրանից, թե Պերմյակովին ռուս, թե հայ իրավապահներն են հայտնաբերել, նա անպայման պետք է հանձնվեր հայ իրավապահներին: Միտքն ավելի հասկանալի դարձնելու համար Yerkir.am-ի հետ զրույցում նա մեկ այլ օրինակ բերեց: Եթե հանցագործության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացին հետախուզվում է և' ՀՀ, և' ՌԴ իրավապահների կողմից, և Ռուսաստանի տարածքում հայ օպերները հայտնաբերում են նրան, ապա արդյո՞ք նշանակում է, որ նա ՀՀ իրավազորության տակ է գտնվում: Ոչ:
Եվ եթե իսկապես ռազմաբազան համարվում է ՌԴ իրավազորության տակ գտնվող տարածք, ապա այնտեղից, ի վերջո, դուրս բերելու են Պերմյակովին` դատավարությունից հետո նրան ՌԴ տեղափոխելու համար: Եվ այս դեպքում հայ իրավապահները չպետք է դա թույլ տան, քանի որ այդ մարդու վերաբերյալ քրեական գործ ունեն հարուցած:
«Օրինակ` ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, սակայն այնտեղից դուրս գալուց հետո, անգամ` ՀՀ իրավապահների ուղեկցությամբ` հանցանք կատարած անձին ՀՀ տեղափոխելու դեպքում, ՌԴ իրավապահները թույլ կտա՞ն, որ իրենց երկրում հանցանք կատարած անձը անարգել դուրս գա իրենց երկրից։ Կարծում եմ` ակնհայտ է, որ ոչ»,- ասաց Ե. Սարգսյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ռուս իրավապահները պարտավոր էին սահմանը հատել ցանկացող Պերմյակովին հանձնել հայկական իշխանություններին, նա պատասխանեց. «Օրենսդրության վերլուծությունը և տրամաբանությունը վկայում են այն մասին, որ եթե որևէ անձ հատի կամ հատելու փորձ կատարի, նրան բռնած սահմանապահները պետք է հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին: Ես վստահ եմ, որ մինչ օրս էլ եթե որևէ մեկը հատել է սահմանը, անկախ քաղաքացիությունից, հանձվել է ՀՀ իրավապահ մարմիններին, այլ ոչ թե տարվել է ռուսական ռազմաբազա»,- ասաց Երեմ Սարգսյանը: