կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-21 14:20
Առանց Կատեգորիա

Ցավոք, այսօր Ռուսաստանում, հատկապես՝ բանակում, մարդկային որակը կորչում է. Yerkir.am-ի հարցազրույցը ռուս քաղաքագետի հետ

Ցավոք, այսօր Ռուսաստանում, հատկապես՝ բանակում, մարդկային որակը կորչում է. Yerkir.am-ի հարցազրույցը  ռուս քաղաքագետի հետ

 Yerkir.am-ը Գյումրիի ողբերգական դեպքերի կապակցությամբ զրուցել է ռուս քաղաքագետ, ակադեմիկոս Յուրի Տավրովսկիի հետ:

 

- Ձեր կարծիքով` ո՞վ կամ ի՞նչ է կանգնած Գյումրու սպանդի հետեւում: Արդյո՞ք Պերմյակովը հանցագործության մեջ ներգրավված միակ անձն է:

 

-Կարծում եմ՝ այդ զինվորն աննորմալ է, հոգեպես անհավասարակշիռ մեկը: Եվ, անշուշտ, հանցագործության հետևում կանգնած չեն որևէ կառույցներ, ուժեր: Ես ինքս մեծացել եմ ռազմաբազայում՝ Կամչատկայում, և շատ են եղել դեպքեր, երբ զինվորները զենք են վերցրել և կրակ բացել իրենց ծառայակիցների, քաղաքի մարդկանց ուղղությամբ: Ցավոք, այսօր մարդկային որակը կորչում է Ռուսաստանում, և հատկապես դա նկատելի է բանակում: Եվ ոչ մի բժշկական հանձնաժողով չի կարող խոչընդոտել նման աննորմալների մուտքին բանակ: Կարծում եմ` Ավետիսյանների ընտանիքի «ընտրությունը» պատահականություն էր, նրանց բախտը, կոպիտ ասած, պարզապես չի բերել:

 

-Ձեր կարծիքով՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմը պետք է դատի Պերմյակովին: Այստեղ՝ Հայաստանում, պահանջում են Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին:

 

-Ես տեղյակ եմ երկու երկրների միջև առկա համաձայնագրի մասին, որի համաձայն՝ եթե հանցագործությունը կատարվել է ռազմաբազայի տարածքում, ապա դատը պետք է անցնի ՌԴ-ի օրենքներով, իսկ եթե տարածքից դուրս՝ Հայաստանի: Տվյալ դեպքում, կարծում եմ, դատը պետք է լինի Հայաստանի օրենքներով:

 

- Ռուսական կողմը, սակայն, չի շտապում հանձնել Պերմյակովին:

 

 -Ցավոք, ռուսական կողմն այդ հրեշավոր դեպքում ցուցաբերեց հոգու չորություն, անճկունություն, անզգուշություն: Դա վերաբերում է և' ռազմական իշխանություններին, և' քաղաքական շրջանակներին, և' բարձրագույն ղեկավարությանը, որոնք կարող էին ավելի վաղ փուլում միջամտել, ոչ թե անել այն, ինչ ներկայումս են անում: Ես ցավում եմ դրա համար, և որպես ռուս, սովետական մարդ, հայ ժողովրդի բարեկամ` իմ ցավակությունն եմ հայտնում ընտանիքի հարազատներին: