կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 12:18
Առանց Կատեգորիա

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ

Yerkir.am-ի բացառիկ հարցազրույցը Սերժ Սարգսյանի ծնողների հետ

Ազատ պապը, որին տղայի` ՀՀ նախագահ դառնալուց հետո էլ շարունակում են այսպես դիմել Արցախում, այլեւս ամեն օր տանից դուրս չի գալիս` նարդի խաղալու. առողջությունն արդեն այն չէ: Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները) է Ազատ Սարգսյանի տունը:

 

Yerkir.am-ի թղթակիցն Արցախում բացառիկ հնարավորություն է ունեցել այցելելու Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցելու նրանց հետ:

 

- Տիկի'ն Նորա, դուք թիկնապահներ չունեք, ձեր տունն էլ չի հսկվում, ինձ էլ հրավիրեցիք ներս` ներսում խոսելու: Անկեղծորեն զարմացած եմ...

- Ախր մենք ո՞ւմ ենք ինչ արել, մատաղ ինիմ, մունք ռաբոչի հասարակ ընտանիք ընք, ես ջուլհակուհի ըմ իլալ, ամուսինս էլ` դարբին: Ձեռք ձեռքի տված աշխատալ ընք, չարչարվալ ընք մարդ ու կնգանավ, երեք երեխա պահալ, մըծըցրալ: Աստված պահի իրանց, հիմա իրանք էլ մեզ ըն օգնում:

 

-Տիկի'ն Նորա, արցախցիները հայտնի են իրենց երկարակեցությամբ ու ամուր առողջությամբ: Հարեւաններն ասում էին, որ Ազատ պապն էլ առաջվանը չէ, ինչպես է հիմա նրա առողջությունը:

- Երևանում հիվանդանոցում էր պառկած, հետո բերել ենք տուն: Հիմա արդեն լավ ա, ոչինչ: Դե, ով որ շատ ա աշխատում, նա էլ շուտ ա հիվանդանում: Իմ ամուսինը դարբին ա եղել, շատ ա աշխատել ամբողջ կյանքում:

 

- Ինչի՞ կարիք ունեք:

- Ոչ մի բանի կարիք չոնինք, ընդի տղատարը (խմբ.-այդպիսի տղաների տերը) կարիք կզգա՞: Դե, աղջիկ չոնիմ, հարսներս էլ` Ռիտան, Ավրիգան, Արմինեն, ինձ աղջկա նման են: Իրեքն էլ լավն են: Հարսներով միշտ հաշտ համերաշխ են եղել:

 

- Ձեր որդիներից ու թոռներից ո՞վ է ավելի հաճախ այցելում ձեզ:

- Բոլոր երեքն էլ շուտ-շուտ այցելում են: Իմ տղերքը շատ լավն են, մեկը գնում ա, մեկն ա գալիս, էնպես որ` անտեր չենք (ծիծաղում է): Տղաներս ու հարսներս ամեն օր մեզ զանգում են:

 

- Տիկի'ն Նորա, իսկ հետևում ե՞ք Ձեր որդու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը` ուր գնաց, ինչ խոսեց, ինչ արեց...

- Միշտ Սերժին ասում եմ`նախագահին ամեն օր ես տեսնում եմ: Հարցնում ա` ո՞նց ես տեսնում: Հենց ասում եմ տելեվիզրով, սկսում ա ծիծաղել:

 

- Դժվա՞ր է նախագահի մայր լինել:

- Գիտես ինչ, ես օզալ ըմ (ուզել եմ) վեր իմ տղաս նախագահ չինի: Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)... Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրևը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե:

 

- Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:

- Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:

 

- Վերջերս ընդդիմադիր մի կուսակցության ներկայացուցիչ` Զարուհի Փոստանջյանը, Սերժ Սարգսյանին մեղադրեց, թե նա 70 միլիոն եվրո է պարտվել կազինոյում:

- Հո՞ւվ ա ասալ, էն Րաֆֆիի կուսակցությունի՞ց: Հա, բայց հի՞նչ ա տեռալ (ինչ է դառել), վեր ասալ ա, հի՞նչ ա առաջ գցալ, մնացալ ա ուրան փիսոթունը (վատություն): Ես ընդի ըմ գիդում, վեր իմ խոխաս մաքուր ա, համ հայրենասեր ա, համ աշխատող ա: Իմ Սերժը շախմատ ա խաղում, վեչ թա կազինո:

 

Այստեղ Ազատ Սարգսյանը խոսակցության մեջ մտավ ու կնոջը հանդիմանեց. «Հի՞նչս է էդքան թարիփ անում» («Ի՞նչ ես այդքան գովաբանում»):

 

Տիկին Նորան դարձավ լրագրողին.- Դե, ճիշտ ա էլի ասում Ազատը: Ինչի՞, դուք չգիտե՞ք ձեր նախագահը ինչպիսի մարդ ա, որ ես պիտի ասեմ: Ես իմ տղային չեմ ուզում գովաբանեմ, ես գյուդում ըմ, վեր իրանից առաջ եղած նախագահներն էլ ըն ուրանց արդարացրալ:

 

- Տիկի'ն Նորա, իսկ ինչո՞վ են միմյանցից տարբերվում ձեր երեք տղաները:

- Երեքն էլ լավն են: Հալա մի անգամ բարձր տոնով խոսացած չկան: Երբ դպրոցական էին, ես գործից եկալ ըմ, երեքն էլ օրագրերը պերալ տրալ ըն իմ առաջ, մինչև ստորագրալ չըմ, օրիշ գործ ըրալ չըմ: Դե, ինչքան օժըս պատալ ա, ըրալ ըմ. չորս տղամարդ տանը, հարդուկ ա, լվացք ա, էս մեկը, էն մեկը ըրալ: Խոխեքս էլ խելունք ըն տուս եկալ: Սաշիկը սերտը պերակ ա (սիրտը բարակ` խղճով), Սերժը համեստ ա շատ, Լևոնն էլ` ծիծաղը երեսին, բարի:

 

- Ինչո՞ւ չեք տեղափոխվում Երևան:

- Ես օզում չըմ Երևան ապրիմ: Ես ստեղի ծնունդ ըմ, օրիշ տեղ կարել չըմ ապրիմ: Ես շատ ըմ տանջվալ: Մհենգ ուրանք ըն գիդում (հիմա իրենք գիտեն), շտեղ օզում ըն թող ապրին, ո'չ հրամայելու ըմ, ո'չ պահանջեմ: Ես վեր ստեղ չապրիմ, իմ խոխոց կապը Արցախի հետ կտրվելու ա: Ես ստեղ կապրիմ, իրանք էլ կկյան, կքինան:

 

- Ծնունդով արցախցի բոլոր նախագահները պաշտոնավարումից հետո Արցախում չեն ապրում: Երբ Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չլինի, նույնպե՞ս մնալու է Հայաստանում:

- Ես տա սխալ ըմ համարում, որ ստեղ չըն ապրում: Պիտի կյան ստեղ ապրեն, բայց դե էլի իրանք ըն գիդում, ուրանց գործն ա:

 

- Տիկի'ն Նորա, գիտեմ, որ այս տարի լրացել է ձեր ամուսնության 60-ամյակը: Ձեր տղաների եւ թոռների հետ միասին նշե՞լ եք այդ հոբելյանը:

-Չէէ, ես ըտի պեները սիրում չըմ:

 

Մեր զրույցին ներկա էր նաև տիկին Նորայի 60 տարվա հարևանուհին, ով նույնպես պատմեց իր հարևանների մասին:


- Մունք երկար տարիների հարևաններ ընք: Ազատի ու Նորայի երեխաները միշտ հարգանքով ըն իլալ` մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր: Հարևանը վեր մտնում ա ուրանց տոն, տղերքը ճել ըն անում յեր կենան խտտեն (տղաները շտապում են վեր կենալ, գրկել): Երբեք Սերժը ուրան պահում չի ընդի, թե ամեն ինչի տարը (տեր) ինքն ա, ինքն ա մոտենում, խոսացնում հարևաններին: Իմ տղայիցս ծերք քաշած ընք իլալ (ձեռք էինք քաշել), ինքը ծանր պառկած ա իլալ երիկամներից, Աստուծ պահե Սաշիկին, ինքը բուժել ա տվալ իմ տղայիս:

 

Այստեղ արդեն միջամտեց տիկին Նորան. - Բալա' ջան, տի եշիլ մի (այդպես մի կարծի), վեր մեր տղան նախագահ ա, ուրեմն մեր քեթը ցից ա: Չէէ, մունք հասարակ մարդիկ ընք:

 

Տիկին Նորան զրույցի ավարտին շտապեց խոհանոց. համառորեն ցանկանում էր թեյ հյուրասիրել: Թեյ խմելուց հետո էլ շտապեց մառան` Yerkir.am-ի խմբագրությանը արցախյան բերք ու բարիքից բաժին հանելու: Նրանք նաեւ հպարտությամբ նվիրեցին իրենց որդու` Լևոն Սարգսյանի մասին գիրքը:

 

Մելանյա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

Ցանկանում ենք մեր գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ լրատվամիջոցները կարող են yerkir.am-ի նյութերը վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում: