կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 16:52
Հասարակություն

Հայ քաղաքագետի հայտարարությունը բարկացրեց ռուս գործչին

Հայ քաղաքագետի հայտարարությունը բարկացրեց ռուս գործչին

Արդեն հայտնել ենք, որ այսօր կայացավ «Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձավորարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով քննարկում, որի ընթացքում Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը կարծիք հայտնեց, թե ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարված դեպքերի վրա լուրջ ազդեցություն են ունեցել Թուրքիան և Էրդողանն` անձամբ:

Այս համատեքստում ռուս գործիչը կարևորեց Ռուսաստանի դերակատարությունը` նշելով, որ իրենց երկիրն ամեն ինչ անում է` տարածաշրջանում կայունություն ապահովելու համար:

Քննարկման մյուս բանախոս` քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, դիմելով Մարտինովին,  ասաց. «Դուք ասում եք, որ Թուրքիան տարածաշրջանում պատերազմ է հրահրում, իսկ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ խաղաղություն պահպանվի: Ցավալի է գիտակցել, որ Ռուսաստանը դա հասկացավ միայն այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը: Ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակումը Արցախի Հանրապետության վրա, իհարկե, Ռուսաստանի թողտվությամբ չի եղել, բայց Կրեմլի լուռ համաձայնությունն իսկապես ակնհայտ է: Թուրքիան, իսկապես, վերջին տարիներին փորձել է իր ազդեցությունը տարածել տարածաշրջանում, ինչը նա արել է` հենց կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելով, սակայն երաշխիք տալ, որ այդ հարձակումը հաջողությամբ կպսակվի, Թուրքիան չէր կարող»:

«Ի՞նչ է փոխվել տարածաշրջանում, որ Ադրբեջանը որոշեց իրեն թույլ տալ պատերազմ սկսել Հայաստանի ու Արցախի դեմ: Տարածաշրջանային անկայունությունը թույլ տվեց ենթադրել, թե սա Ադրբեջանի համար անհետևանք կմնա, եթե անգամ նրանք չհաղթեն պատերազմում, ապա լուրջ քննադատության չեն արժանանա: Տարածաշրջանում ապակայունացումը մեծ մարտահրավեր է` ուղղված Ռուսաստանին, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ, կռվում է Ուկրաինայում և Սիրիայում: Ռուսաստանի համար մեծ մարտահրավեր է նաև այն, որ Իրանում վերացվել են պատժամիջոցները, և բավականին լուրջ ազդեցություն է ստեղծում տարածաշրջանում»,- ասաց Մելիք-Շահնազարյանը, ապա կարծիք հայտնեց, որ գուցե Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին մտնել ԵՏՄ, որպեսզի իր տնտեսական սահմանները դնի Իրանի առաջ:

Ալեքսեյ Մարտինովը  հակադարձեց Մելիք-Շահնազարյանին՝ նշելով, որ  Ռուսաստանը չէր կարող լուռ համաձայնություն տալ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ: «Դա էրդողանի թեզն է, քարոզչություն է մի  նպատակով՝ Ռուսաստանին ներքաշել տարածաշրջանային ևս մեկ կոնֆլիկտի մեջ: Էրդողանը շատ կուզենար, որ կոնֆլիկտը խորանա, Արցախյան շփման գծից անցնի հայ-ադրբեջանական սահմանին, որովհետև այդ դեպքում, ՀԱՊԿ պայմանագրի համաձայն, Ռուսաստանը ստիպված կլիներ ռազմական ուժով խառնվել ու Ադրբեջանի տարածքով մուտք կգործեր Թուրքիան: Եվ ահա այստեղ ուղիղ բախում կլիներ»,- ասաց նա:

Այնուհետև Մարտինովը, շարունակելով իր ելույթը, վրդովմունքով նշեց. «Չգիտեմ, թե Դուք որտեղից եք դա վերցրել, բայց Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ չի անում և երբևէ չի էլ արել:  Սա  հակառուսական քարոզչություն է,  որը տարվում է տարբեր շրջանակներում»: