կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 18:35
Առանց Կատեգորիա

Մաքսային միության ճանապարհին որտե՞ղ է կորչում ԼՂ-ն

Մաքսային միության ճանապարհին որտե՞ղ է կորչում ԼՂ-ն

Մոսկվայում այսօր կայացած` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները հաստատեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Այս կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի տված մեկնաբանություններից ելնելով` կարելի ասել, որ անդամակցության շուրջ տեղի ունեցող բանակցությունները և գործընթացները, ըստ այդ «քարտեզի», կավարտվեն 2014թ. մայիս-հունիս ամիսներին: Դրանից հետո Հայաստանը կդառնա ՄՄ անդամ և կհանդիսանա ՄՄ-ի բազայի վրա 2015 թվականին ստեղծվող Եվրասիական տնտեսական միության համահիմնադիրը:

 

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին ՄՄ-ի անդամակցության այդ «ճանապարհային քարտեզի» հաստատմանը ժամ առաջ հասնելու համար: Այդ նպատակով զարգացրած` ուղղակի հրթիռային արագության պատճառով Հայաստանի հարցը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում քննարկման դրվեց առանձին, մինչդեռ նախատեսված էր, որ միաժամանակ պետք է քննարկվեր նաև Ղրղզստանի անդամակցության հեռանկարը: Սակայն մոսկովյան այս հանդիպման նախօրեին Բիշքեկը հայտարարեց, թե իր համար ընդունելի չեն ՄՄ-ին անդամակցելու համար ներկայացված պայմաններն ու պահանջները: Դա նշանակում է, որ Ռուսաստանը ստիպված է լինելու հաշվի նստել Ղրղզստանի առարկությունների հետ, որոնք, փաստորեն, ուղղված են անդամակցության դիմաց ՌԴ-ից հնարավորինս մեծ քաղաքական ու տնտեսական դիվիդենդներ ստանալուն: Մինչդեռ ՀՀ նախագահը դեռ այս տարվա հոկտեմբերին Մինսկում կայացած` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախորդ նիստում պատրաստակամություն էր հայտնել անվերապահորեն ընդունել անդամակցության համար իրեն ներկայացվելիք բոլոր պայմանները, ստորագրել բոլոր փաստաթղթերը` ըստ էության` անգամ ծանոթ չլինելով դրանց բովանդակությանը: Ավելին` Մինսկում ստորագրված` ՄՄ-ի հետ գործակցության հուշագրով Երևանը պարտավորվել էր մինչև անդամակցությունը չանել ՄՄ շահերից չբխող որևէ քայլ և հայտարարություն:

 

Թե ո՞րն էր մի կողմից` նման շտապողականության, մյուս կողմից` նման նվաստացուցիչ պարտավորություններ ստանձնելու իրական պատճառը, պաշտոնական Երևանը դեռևս չի բացատրել: Բայց փաստը, որ դա կարող է տեղի ունենալ Հայաստանի շահերի հաշվին, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Մոսկվայում կայացած`  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում` դեռևս ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» հաստատելուց առաջ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հատուկ ընդգծեց. «Հայաստանով անցնող` Մաքսային միության սահմանագծի հարցը մնում է բաց` կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Այդ պատճառով մենք գործընկերների հետ կստորագրենք «քարտեզը», բայց հատուկ կարծիքով, որը կկցվի փաստաթղթին: Կարծում եմ, որ քննարկումների ժամանակ մեր մասնագետները համաձայնության կգան այդ հարցում»: Այլ կերպ ասած` Ղազախստանը ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը» ստորագրում է այն վերապահությամբ, որ այդ հարցում վերջնական հստակեցումները կարվեն մինչև հաջորդ տարվա մայիս-հունիսն ընկած ժամանակահատվածը, որը և, փաստորեն, հիմք կդառնա Աստանայի համար` կողմնորոշվելու Հայաստանի վերջնական անդամակցությանը կողմ կամ դեմ դիրքորոշվելու համար:

 

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս նախապայմանը ոչ թե Ղազախստանը, այլ հենց Հայաստանը պետք է դներ, որովհետև այն առաջին հերթին բխում է Հայաստանի և հատկապես ԼՂՀ-ի հետաքրքրություններից: Բացի այն, որ Նազարբաևը չի թաքցնում այս հարցում իր հիմնական գործընկերոջ` Ադրբեջանի շահերը չանտեսելու իրողությունը, նաև հաստատում է, որ Երևանը շտապում է ՄՄ-ին անդամակցել` շրջանցելով իր համար ազգային, ստրատեգիական նշանակություն ունեցող ԼՂ հիմնահարցը: Իսկ խնդիրը շատ պարզ է` եթե Հայաստանը ՄՄ-ին անդամակցում է առանց ԼՂՀ-ի, ապա միության սահմանն անցնում է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, որը դրա արդյունքում մաքսային, տնտեսական ու որոշ իմաստով նաև քաղաքական առումով կտրվում է Հայաստանից և արտաքին աշխարհից: Իսկ քանի որ ո'չ Ռուսաստանը, ո'չ Ղազախստանը և ո'չ էլ Բելառուսը պատրաստ չեն ճանաչելու ԼՂՀ-ի ինքնիշխանությունը` այն ՄՄ ընդգրկելու և դրանով Հայաստանի խնդիրը լուծելու համար, ստացվում է, որ դրանով ՄՄ անդամ երկրները Հայաստանի առջև դնում են ԼՂՀ-ի նկատմամբ` հատկապես տնտեսական հովանավորությունից հրաժարվելու պայմանը:

 

Ընդամենը մեկ օր առաջ Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը վաճառելու և ներկրվող ռուսական գազի սակագների որոշման պայմանները սահմանող համաձայնագրերի փաթեթը: Դրանցով նախատեսվում է նաև, որ «հայկական կողմը երաշխավորում է, որ ՌԴ տարածքից ՀՀ առաքվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս»: Սա նշանակում է, որ Հայաստանը դե յուրե  չի կարող միայն իր ներքին շուկայի սպառման համար ներկրվող ռուսական գազի մի մասը հատկացնել ԼՂՀ-ին այն պարզ պատճառով, որ ԼՂՀ-ն չի մտնում Հայաստանի սահմանների մեջ: Առաջին տպավորությունն այն է, որ դրանով ևս Ռուսաստանը հստակ սահմանագիծ է անցկացնում Հայաստանի և ԼՂՀ-ի միջև: Իսկ դա ուղղակի սպառնալիք է առաջացնում ԼՂՀ-ի էներգետիկ անվտանգության համար, և դրդում Ստեփանակերտին այդ հարցը լուծել ուղիղ Ադրբեջանի հետ հարաբերությունների միջոցով, որովհետև այլընտրանքը` իրանական գազի ներկրումը, հնարավոր չէ Թեհրանի կողմից ԼՂՀ-ի չճանաչվածության պատճառով: Դժվար է հավատալ, որ այս խնդիրն անտեսվել է Հայաստանի իշխանության կողմից: Դա ուղղակի հանցագործություն կլիներ:

 

Սակայն եթե, այս ռիսկերով հանդերձ, հայկական կողմը միանշանակ գնում է դեպի Մաքսային միություն, ենթադրել է տալիս երկու հնարավոր տարբերակ: Առաջին` Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ինչ-որ գաղտնի համաձայնագրեր, որոնք չեն հրապարակվում` պրոցեսը չվնասելու և միջազգային հանրության դիմակայությունը չհարուցելու համար: Ստեղծված իրավիճակում դա կլիներ լավագույն լուծումը, եթե ՌԴ-ն ունենար Ղազախստանի և Բելառուսի համաձայնությունը, ինչը քիչ հավանական է թվում: Երկրորդ` Հայաստանը ՄՄ-ի ճանապարհին դե յուրե, փաստաթղթերի մակարդակով համաձայնում իր շահերից չբխող պայմանների ու պարտավորությունների` հույսը դնելով ԼՂ-ն աչքաթող չանելու մասին` Մոսկվայի տված բանավոր «ընկերական» հավաստիացումների վրա: Իսկ թե որքան են վստահելի դրանք, ցույց է տալիս հայ-ռուսական «գազային» եղբայրության ճակատագիրը, երբ, բանավոր կերպով իբր համաձայնելով չբարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը, Ռուսաստանը 2011-ից բարձրացրեց այն և ստիպեց Հայաստանին, այդ պայմաններում 3 տարի շարունակ բանակցություններ վարելով, կուտակել 300 մլն դոլարի պարտք, որով էլ վճարեց Հայաստանի ինքնիշխանության գինը:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ