Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նախ ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցական ուղերձը: «Պետք է հրաժեշտ տանք այն մանկանը, որ մեր բոլորի ուշադրության կենտրոնում էր: Մենք բոլորս աղոթեցինք` թեպետ իմանալով, որ կարող է մեր աղոթքները չհասնեն իրենց նպատակին, որովհետեւ ծանր էր, խորն էր վերքը… Տղամարդու նման պայքարեց 7 օր, 7 գիշեր եւ հանգավ…Երկնքում ավելացավ եւս մեկ հրշետակ»,- ասաց սրբազանը եւ հավելեց, որ Աստված այնպես տնօրինեց փոքրիկի ճակատագիրը, որ նա միանա իր ընտանիքին:
«Ցավ կա, վիշտ կա մեր սրտերում: Ես կուզեի լինել պարզ մարդ, եկեղեցու անկյունում աղիողորմ լացել, բայց իմ պարտականությունն այսօր ձեզ, բոլորին մխիթարելն է: Սուրբ Հոգով մխիթարվենք: Ուրախ եղեք, որ մենք բարեխոսներ ունեցանք երկնքում` ի դեմս Ավետիսյանների»,- ասաց սրբազանը:
Նա նաեւ նշեց, որ հիացած է ժողովրդի տոկոնությամբ, համբերությամբ, վշտակցությամբ: Ասաց, որ մենք հզոր ժողովուրդ ենք: «Վիշտը պետք է տանենք լուռ եւ աղոթքով, առանց ցնցումների: 8-րդ զոհ չպետք է լինի, 8-րդ մարդ չպետք է վիրավորվի՝ անկախ ազգությունից: Այդ ճիվաղը կորցրել է մարդ կոչվելու իրավունքը եւ ստանալու է իր պատիժը՝ ՀՀ-ում: Բոլորին պետք է ցույց տանք, որ մենք վիշտ կարողանում ենք տանել, որովհետեւ մենք հզոր ենք, միայն հզոր մարդը կարող է վիշտ տանել: Սա համազգային ողբերգություն էր»,-եզրափակեց սրբազանը: